Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական խաղաղություն ենք ուզում, ոչ թե խեղճանալ ու լռել թշնամու կրնկի տակ». Կարինե Նալչաջյան. «Փաստ»

Ապրիլ 28,2022 10:17

Վերջին օրերին հասարակական տրամադրությունները կրկին անհանգիստ են, անգամ շատերը, ովքեր համբերատար սպասում էին «ապագային», այլևս որևէ ակնկալիք չունեն այս իշխանությունից և կոչ են անում նրան հեռանալ: Իշխանությունը, գոնե ակնհայտ կերպով, ցույց չի տալիս, որ անհանգիստ է այս առթիվ, նրա ներկայացուցիչներից շատերը վստահ են, որ իշխանափոխություն մեր երկրում չի լինի: Հոգեբան Կարինե Նալչաջյանը, սակայն, կարծում է, որ իրենք շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, որքան մարդ է հավաքվել:

Կարծում է՝ մեր իշխանություններն, իհարկե, խուճապի մեջ են:

Ընդգծում է՝ իր տագնապներն այն հարցում են, որ պետք է կարողանալ պահպանել այս օրերին ձևավորված մարդկային ալիքը: «Պետք է ճիշտ և խելամիտ կազմակերպել ամեն ինչ: Ո՞վ կմտածեր, որ իշխանազավթումից չորս տարի անց հրապարակն այդպես կլցվի, ինչպես ապրիլի 23-ի երեկոյան: Իհարկե, դա Եղեռնի զոհերի ոգեկոչման խորհուրդն էր իր մեջ պարունակում: Բայց դրան միացել էր զայրույթը: Ոգեկոչումն ու զայրույթն իրար հետ նման արդյունք էին տվել: Հաջորդ օրը մարդկանց հոսքը ևս չէր դադարում, նշանակում է՝ մարդկանց սրտում կրակը չի մարել»,-ընդգծում է նա ու հավելում՝ այսօր, կարծես թե, զուտ ինքնապաշտպանական՝ ապրելու և մեռնելու խնդիր է բոլորիս առջև:

«Իսկ իշխանությունը մի քանի ճանապարհ ունի: Իրենք կարող են ուղղակի փախչել, քանի որ այդ տեսակն են: Կամ՝ եթե այս կողմը մի քիչ թույլ գտնվի, իրենք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի: Ժողովրդի մեջ զգալի փոփոխություն եմ տեսնում, խնդիր ունենք պահպանել այս ոգեշնչված վիճակը, այս զայրույթը: Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ անել: Ասում եմ՝ ժողովրդի մեջ պետք է արթնացնել իրատեսական վախի զգացողությունը: Վախն ինքնապաշտպանական զգացողություն է, եթե չենք զգում վտանգը, ուրեմն դատապարտված ենք: Այն բթացած զգացումը, որ սա մեզ հետ չի պատահի, ինչ-որ տեղ հաղթահարված է: Վտանգի զգացողությունը մասսայականորեն արթնացել է, մնում է արթնացնել պայքարի ներքին մղումը: Եթե վտանգը զգացել ես և միայն վախենում ես, դա դեռ հերիք չէ: Պետք է սկսի աշխատել պայքարի, ապրելու զգացողությունը, ինչպես նաև ներքին և արտաքին թշնամուն պատժելու տենչը: Եթե կարողանանք սա արթուն պահել մարդկանց մեջ, շատ ու շատ խնդիրներ կհաղթահարենք: Ոչինչ կորած չէ: Ուղղակի պետք է հիշել՝ չկա խաղաղություն, եթե չկա պայքար: Սերունդներ ենք կորցրել և դեռ կկորցնենք: Պիտի պայքարենք, դրանից է խաղաղությունը ծնվելու, թե չէ սրանք ուզում են բերել Եռաբլուրի խաղաղությունը, այնտեղ էլ է հանգիստ ու խաղաղ, բայց մենք մահվան խաղաղություն չենք ուզում: Ինչպես ցանկացած բանական մարդ իսկական խաղաղություն ենք ուզում, ոչ թե խեղճանալ ու լռել թշնամու կրնկի տակ»,-եզրափակում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930