Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ». Էրբիլում կազմակերպվել է «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլ 28,2022 09:47

Ապրիլի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին Իրաքյան Քրդստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անո Ջաուհար Աբդոկան, Իրաքի և Իրաքյան Քրդիստանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևորականներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանն անդրադարձավ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ 1894-1923թթ. իրագործված ցեղասպանությանը, ինչպես նաև քրիստոնյա մյուս փոքրամասնությունների՝ հույների, ասորիների նկատմամբ իրականացված ոճրագործություններին:

Գլխավոր հյուպատոսն արձանագրեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: «2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին պատերազմը, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով և էթնիկ զտմանն ուղղված այլ գործողություններով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»․ նշել է Արցակ Մանուկյանը։

Իր ելույթի վերջում Գլխավոր հյուպատոս Մանուկյանն ընդգծեց, որ 100 տարի անց նույնպես Մերձավոր Արևելքում քրիստոնյա և այլ փոքրամասնությունները ենթարկվում են հալածանքների ու ջարդերի: «Միայն Իրաքում վերջին 30 տարում քրիստոնյաների թիվը նվազել է 80%-ով: Այս առումով նա շնորհակալություն հայտնեց Իրաքյան Քրդստանի իշխանություններին՝ իրենց վարած հանդուրժողականության և խաղաղ համակեցության քաղաքականության համար, որի շնորհիվ Իրաքի և Սիրիայի բազմաթիվ քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, ապաստան են գտել Իրաքյան Քրդստանում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև նախարար Անո Աբդոկան՝ նշելով, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի և այլ քրիստոնյաների հետ տեղի ունեցած ոճրագործությունները համընդհանուր ցավ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930