Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ․ խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է․ «Փաստ»

Ապրիլ 28,2022 09:30

Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն:

Ավելին, երևի թե տարրական դաստիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս…

Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես… առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է:

Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն:

Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930