Սամվել Բաբայանը, իսկապես, քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշում է կայացրել, ինչը հաստատել է «Ազատության» հետ զրույցում:
«Պատճառներ կան, որ ես չեմ ուզում մասնակից լինել: Հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ, կգա օրը՝ կխոսեմ,- նշել է Բաբայանը, այնուհետ ավելացրել,- Կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին ունեն անուն խայտառակելու, ինձ չունեն»:
Թե կոնկրետ ի՞նչ խաղի կանոններ են փոխվել, ՊԲ նախկին հրամանատարն իրեն հարմար պահի, անշուշտ, կհրապարակայնացնի, իսկ մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել՝ ելնելով հենց Սամվել Բաբայանի ավելի վաղ արված հայտարարություններից:
Օրինակ, փետրվարին պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության քարտուղարի պարտականությունները կատարած Սամվել Բաբայանը լրատվամիջոցներին ասել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության պայման է դրել՝ չի մասնակցի, եթե գլխավոր փաթեթի մասին ժողովուրդը տեղյակ չլինի։ Իհարկե, միաժամանակ ընդունում է՝ գաղտնի տեղեկությունները չպետք է բացահայտվեն։
Կարդացեք նաև
Երկրորդ, Սամվել Բաբայանը լրագրողների հարցին, որ ինքը չունի պետական գաղտնիք համարվող տեղեկություններին ծանոթանալու իրավունք, պատասխանել էր՝ դրա համար իրավական լուծումներ կգտնվեն:
Ի՞նչ է ստացվում՝ իշխանությունները չե՞ն ցանկացել հետագայում հրապարակայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես դա տեսանք Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցի պարագայում, որն այդպես էլ գաղտնի մնաց լայն հանրությանը: Բնականաբար, խոսքը գաղտնիության տեսանկյունից թույլատրելի հատվածի մասին է:
Կամ՝ գուցե իշխանությունները չեն կարողացել իրավական լուծումնե՞ր գտնել Սամվել Բաբայանի «հագով», որ նա պետական գաղտնիքին տիրապետելու թույլտվություն ունենա:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում