Նրանք, ովքեր ասում են, որ ոչինչ չի փոխվել, սխալվում են կամ անկեղծ չեն: Բայց նույնը կարելի է ասել նաեւ նրանց մասին, ովքեր ասում են, որ ամեն ինչ փոխվել է: Եվ ճիշտ են, հավանաբար, նրանք, ովքեր ասում են, որ ամեն ինչ չի փոխվել այնպես ու այնքան, ինչպես որ մենք էինք ցանկանում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ օլիգարխների սափրագլուխ «ախրաննիկները» անպատիժ մարդ էին ծեծում եւ «տեցի կրուգերում» փոխհրաձգություններ էին սարքում: Սերժ Սարգսյանի օրոք այդ դեպքերը էապես նվազել էին, բայց պետական պաշտոնյաների թիկնապահներն ու «կարմիր բերետավորները» նույնքան դաժան էին եւ ամբարտավան: Այդ ավանդույթները շարունակվում են նաեւ հեղափոխությունից հետո: Եվ խնդիրն այն չէ, որ այդ մասնագիտության մարդիկ տառապում են ինչ-որ պաթոլոգիկ սադիզմով: Ոչ, նրանք առաջնորդվում են իրենց «շեֆերի» ցանկություններով եւ նախապատվություններով:
Առաջ Սերժ Սարգսյանի եղբայրն էր, հիմա Ալեն Սիմոնյանի եւ Արայիկ Հարությունյանի եղբայրներն են: Եվ դարձյալ՝ չեմ հավատում, որ 2018 թվականին մեր հեղափոխականները խաբում էին, որ իրենք գալիս էին իշխանության՝ «նախկինների» նման դառնալու համար, ինչպես հիմա ասում են ընդդիմադիրներից ոմանք: Ո՛չ, վստահ եմ, որ նրանք անկեղծորեն կարծում էին, որ իշխանական աթոռներին հասնելուց հետո, նրանք նույն մարդը կմնան, որ բիզնեսներին եւ մեդիառեսուրսներին տիրանալու մասին չեն մտածի, որ իրենց տեղաշարժերով ոչ մեկին նեղություն չեն տա, եւ հաճախ աշխատանքի կգնան հեծանիվով կամ մետրոյով: Իսկ ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես որ նրանք եւ մենք էինք ցանկանում:
Այդ հարցին պատասխանելու համար թույլ տվեք հիշեցնել 20-րդ դարի երկրորդ կեսին կազմակերպված երկու հանրահայտ հոգեբանական գիտափորձերի մասին: Մեկը կրում է Սթենլի Միլգրեմի, իսկ մյուսը՝ Ֆիլիպ Զիմբարդոյի անունը: Տեղ խնայելու համար չնկարագրեմ 1963 թվականին Յելում եւ 1971-ին Սթենֆորդում անցկացված այդ փորձերը (ցանկացողները հեշտությամբ կարող են այդ նկարագրությունները գտնել համացանցում): Երկրորդ դեպքում սովորական, որեւէ հոգեբանական պաթոլոգիայով չտառապող ուսանողները մտնում էին բանտապահների դերի մեջ եւ սկսում էին խոշտանգել իրենց ընկերներին, իսկ առաջին դեպքում նրանք դառնում էին «խիստ ուսուցիչներ» եւ հոսանքահարում էին մարդուն՝ ամեն մի սխալ պատասխանի համար: Ինչի՞ մասին են խոսում գիտափորձերը. երբ դու սովորական մարդ ես (ուսանող կամ վարորդ), դու հետեւում ես վարքային մեկ մոդելի, իսկ երբ բանտապետ ես կամ «ախրաննիկ», այդ դերը քեզնից բոլորովին այլ վարք է պահանջում: Նույնը՝ երբ դու շարքային քաղաքացի ես (ակտիվիստ ես, ֆեյսբուքյան ստատուսագիր ես), կամ՝ իշխանավոր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Առաջարկվող դերը մարդուց պահանջում է համապատասխան վարք: Խնդիրն այն է, որ մարդու առաջ նման պահանջ չդրվի:
…Երկուշաբթի ժամը 18.10-ի կողմերը Կրկեսի մոտ անցնում էի Արշակունյաց պողոտան: Ամեն կողմից՝ սուլոցներ, բարձրախոսներով գոռգոռոցներ: «Էս ինչ մենթական շուխուռ է», – մի ակնթարթ անցավ մտքովս, ու հետո ուշադրությունս շեղվեց այլ մտքերի վրա: Որեւէ վատ բան չէի կանխատեսում…
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երբ փոքր ուղեղ ունեցող մարդը մեծ պաշտոն է ստանում, նա անպայման մտնում է սադիստի դերի մեջ, որովհետև փոքր ուղեղով հնարավոր չէ խելամիտ կառավարել, իսկ սադիստություն անել՝ որքան ուզես:
Բացարձակ համաձայն չեն,բացարձակ։
Նիկոլ Փաշինյանը երբեք ու երբեք չի եղել իմաստուն մարդ,նս պարզապես տեսել է, որ շատ ու շատ զարգացած երկրներում ղեկավարները հեծանիվ են քշում,փորձում են իրենց տեղաշարժով նեղություն չտալ ոչ մեկի,հարգում են օրենքը,հարգում են քաղաքացիների իրավունքները ։
Նիկոլ Փաշինյանը մտածեց,որ ինքն էլ է ուզում այդպիսին լինել,չլինելով այդպիսին ,նա սովորական քաղքենի է,իսկ կեղծ կերպարը չընդունեց մեր հասարակությունը,նա նկատեց Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելու,և ոտքով զբոսնելու մեջ շոուի և քաղքենիության տարրեր,մանավանդ շատերին դուր չեկավ,որ Նիկոլ Փաշինյանը մեզ ամենօրյա ռեժիմով ցուցադրում էր իր անհետաքրքիր կենցաղը, իբր թափանցիկություն ապահովելու համար։
Հասարակությունը ուզում է,որ ղեկավարությունը իրենից տարբերվի։ Եթե խելքով ,վարքագծով չի կարողանում տարբերվի,ապա պետք է տարբերվի իր շքախմբերով,իր խստությամբ ու դեսպոտիզմով այլապես նրան ոչ կհարգեն և շատ շուտ գահընկեց կանեն։