Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ բեմն ազնիվ հոգեվիճակ է սիրում»

Ապրիլ 28,2022 14:00

Ասում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի մենակատար, երգչուհի, արտիստ Աննա Մովսեսյանը

– Մեր զրույցն սկսենք այսօրվա երգարվեստի մասին խոսելով: Ի՞նչ է փոխվել ընդհանրապես։

– Երաժշտությունը հոգու ամենագեղեցիկ դեղամիջոցն է, եւ ավելի գեղեցիկ է, երբ այն հայտնվում է կրթված եւ ազատասեր «բժշկի» ձեռքերում…

Ժամանակին երգարվեստում եւ առհասարակ կյանքում կարեւորվում էր կրթությունը եւ դաստիարակությունը, որը շատ ճիշտ էր, բայց շատ քիչ եւ արհեստական էր ազատությունը, սահմանափակումները շատ էին: Ժամանակի ընթացքում մարդիկ սահմանափակումներից ազատվեցին եւ ազատությանը տրվեցին նաեւ երգարվեստում, բայց, ցավոք, թուլացավ կրթությունը եւ երաժշտական դաստիարակությունը:

Ժամանակին ամեն երգիչ ուներ իր ժանրը եւ դեմքը երգարվեստում, եւ դրանում ինքը յուրահատուկ էր, սակայն սահմանափակ իր հնարավորությունների առումով: Իսկ հիմա երգիչն իրեն փորձում եւ տեսնում է բոլոր ժանրերում, որը հրաշալի է, որովհետեւ կա ձգտում լավը լինելու բոլոր տեսակներում, բայց մի բացասական կողմ էլ՝ հաճախ կորչում է տեսակն ու յուրահատկությունը:

– Այն երաժշտությունը, որը մատուցում եք, հոգեհարազա՞տ է ձեզ, թե՞ երգում եք կոմերցիոն նպատակներից ելնելով:

– Ես իրականում օպերային երգչուհի եմ: Ասում էին մեցցո սոպրանո եմ, բայց ես վստահ եմ, որ դրամատիկ սոպրանո եմ։ Խենթանում եմ հոգեւոր երաժշտության համար, համարում եմ, որ ձայնին ճկունություն է տալիս հոգեւոր երգեցողությունը։

Երջանիկ եմ, որ ունեմ դասական կրթություն, բայց իմ հոգեվիճակը դասականը չէ։ Իմ մատուցած երաժշտությունն իմ նկարագիրն է: Իմ արվեստում կոմերցիա չկա, դեռ չկա… Եթե անգամ հետագայում լինի էլ, շատ գեղեցիկ կմատուցվի:

– Եթե դիտարկելու լինենք՝ դուք թատրոնի բեմում եւ կյանքում… ապա ինչը կառանձնացնեք:

– Խաղալ չեմ սիրում ո՛չ կյանքում, ո՛չ էլ բեմի վրա: Կարծում եմ՝ բեմն ազնիվ հոգեվիճակ է սիրում: Եթե թատրոնի բեմում եմ, միշտ առաջնորդվում եմ հետեւյալ գաղափարով. ի՞նչ կաներ Աննան, եթե լիներ իրեն առաջադրվող կերպարի տեսակը: Իսկ մարդ արարածն իր մեջ ունի բոլոր տեսակները: Եվ խորագիտությունը նրանում է, որ կարողանաս բոլոր տեսակներդ վարժեցնել ու ճիշտ կառավարել, որն իր հերթին հեշտ աշխատանք չէ:

Իսկ կյանքում ուղղակի զգեստներս են ոչ այնքան բեմական (ժպտում է-Վ.Ա.), շատ ավելի լռակյաց եմ եւ չափազանց ճշտախոս: Սիրում եմ ազնվությունը:

– Չմոռանանք, որ վերջին տարիներին նաեւ եկեղեցում պատարագների ժամանակ երգում եք: Աստծո հետ կապն ինչքանով է օգնում ձեզ:

– Եկեղեցում երգում եմ 2005 թվականից։ Շատ եմ սիրում պատարագներին երգել, ինչքան էլ հոգնած լինեմ, փորձում եմ քիչ բացակայել:
Ասեմ, որ Աստված իմ լավագույն ընկերն է եւ ամեն ինչ գիտի իմ մասին: Իրեն ամեն ինչ պատմում եմ, ինձ հավատում է, ես էլ՝ նրան: Միշտ խնդրում եմ, որ երբեք չհայտնվեմ սխալ տեղում, սխալ մարդկանց միջավայրում։ Հիմնականում միշտ այդպես էլ լինում է։ Աստված իմ հոգում, սրտում եւ մտքում է։

– Այս համատեքստում չենք կարող չխոսել ձեր հաջողության բանաձեւից:

– Հաջողությանս բանաձեւը, կարծում եմ, մազերիս պես խուճուճ տեսակս է՝ խառնված անկանխատեսելի անկեղծության եւ հումորի հետ: Ասում են՝ անկանխատեսելի մարդ եմ:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930