Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012-ին, իսկ նման օր սահմանելու իր որոշման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է 2011թ.: Հայաստանում ամեն տարի այդ օրը ջազային հրավառություն է լինում, այս տարին եւս բացառություն չէ:
Ապրիլի 30-ին, ժամը 20-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Գարի Քյոսայանը եւ ընկերները» խորագրով բացառիկ ջազային համերգ: Ի դեպ, այս տարի ապրիլի 27-ին լրանում է նաեւ կոմպոզիտոր եւ ջազմեն Գարի Քյոսայանի ծննդյան 75-ամյակը, ուստի հոբելյանական համերգն ու Ջազի օրը մեկտեղվում են: Հնչելու են Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Էտտա Ջեյմսի, Գրովեր Վաշինգտոն Ջունիորի եւ Փոլ Դեզմոնդի ստեղծագործություններից։ Ինչպես նաեւ պրեմիերաներ կլինեն Գարի Քյոսայան ջազ քառյակի եւ տաղանդավոր արտիստների մասնակցությամբ` Մարբի, Զառա Մարկոսյան, Սոնա Ումրոյան, Կարինա Իգնատյան, Ալլա Սահակյան, Արտակ Ներսիսյան (Միստր Հարմոնիկա), Արմեն Ավետիսյան (Ֆրի Ֆորմ բենդ) եւ այլն: Այնպես որ, սպասվում է ջազային մեծ տոն:
Ինչ վերաբերում է Գարի Քյոսայանին, նշենք, որ նա իրավամբ որակվել է որպես ջազի ազնվական` իր ինքնատիպ երաժշտության շնորհիվ: Երաժիշտն իր ջազային գործունեությունը սկսել է 1970-ականների սկզբներից, եղել է Հայաստանում ջազի, հատկապես ինտելեկտուալ ջազի առաջամարտիկներից մեկը՝ ստեղծելով առաջին ջազ տրիոն: Գարի Քյոսայանն առաջինն էր, որ ինտերնացիոնալ ջազ ակումբ բացեց Երեւանում` «Ինտերջազկլուբը», որը ցանկալի վայր էր արտասահմանցիների համար:
Գարի Քյոսայանը ավելի քան 100 ստեղծագործությունների հեղինակ է: Նա կարեւորում է հոգեւոր սնունդը՝ արվեստի միջոցով: Վստահ է, որ որակյալ արվեստը լայն մասսաներին հասցնելու գործում մեծ դերակատարություն ունեն նաեւ անհատները, ինքն էլ հենց այդ առաքելության ջահակիրն է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2022