Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայրը երազում 3 անգամ համբուրել է որդուն, պարզվել է՝ 3 տեղից վիրավոր էր

Ապրիլ 28,2022 13:00

Դրվագներ պատերազմի արհավիրքից

Խաչիկ Փամբուկյանը Արարատի մարզի Վանաշեն գյուղից է, 2019թ. դեկտեմբերին զորակոչվել էր պարտադիր ժամկետային ծառայության: Սեպտեմբերի 25-ին մարտական հերթափոխի իր ստորաբաժանման հերթն էր, սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց պատերազմը: Հիշում է. «Սովորական AK-ներով սկսեցինք կրակել, հետո ավելի մեծ տրամաչափի զենքեր կիրառելու հրաման ստացանք: Ես հկթ-իստ եմ եղել, հակատանկային զենք է, կրակում է հեռվից, տեղանքն այնքան էլ հարմար չէր, ինչ-որ տեղ հարմարեցնում, կրակում էինք: Սկզբից շատ լավ էր, մենակ արկեր էին գնում-գալիս…հետո, հետոն անպատմելի է…»:

2-3 օր հետո՝ նոյեմբերի 1-ին, անձնակազմը տեղափոխվում է այլ պաշտպանական գոտի, մարտական խնդրի կատարման ժամանակ վիրավորված զինվորներից մեկին օգնություն ցուցաբերելիս հրամանատարը զոհվում է, կորուստը ծանր էր, իրավիճակն էլ ծայրահեղ լարված էր, հակառակորդը տանկային գրոհի էր անցել, կրակը չէր դադարում, սակայն մի քանի օր նույնիսկ առանց անմիջական հրամանատարի ներկայության, տղաները կարողանում են իրենց առջեւ դրված խնդիրը պատվով կատարել։

«Ես ու սերժանտս նստած էինք, երբ սերժանտս ծոցագրպանից հանեց զինգրքույկը, որի մեջ իր, հոր եւ մոր նկարն էր, համբուրեց նկարն ու նորից դրեց ծոցագրպանը, էդ պահին արկն ընկավ ուղիղ մեր վրա: Սեւ էր, բան չէի տեսնում, բղավոցներ էի լսում, փոշի էր, փոշու մեջ՝ գետնին, մի կերպ սերժանտի գլուխը տեսա, հարցրի. «Հը՞, Վլադ, ի՞նչ անեմ, վեր կաց»։ Ասաց. «Դու գնա, ես կգամ»: Հետո մի սպիտակ կետ տեսա ու կարողացա դուրս հրվել, ծառայակից ընկերոջս տեսա՝ Ռաշիդին, օգնեց դուրս եկանք, քիչ հետո հերթական արկն ընկավ, ամեն ինչ փակվեց, ծածկվեց, ճիշտ դամբարանի նման: Ես սերժանտիս էի կանչում, Ռաշիդն էլ իր ընկերոջն էր փնտրում, վազեցի սերժանտիս օգնելու, դեմքն ամբողջությամբ հողով էր ծածկված, բայց ես մաքրում էի ու խոսում, ասում էի՝ ամեն ինչ լավ է, լավ է լինելու»:
Հենց այդ օրը՝ նոյեմբերի 8-ին վիրավոր ընկերոջն օգնելու ժամանակ, արկի պայթյունից Խաչիկը վիրավորվել էր, կորցրել աչքն ու մի քանի այլ բեկորային վնասվածքներ ստացել:

«Արկը իմ ու Ռաշիդի մեջտեղն ընկավ, Ռաշիդը կտոր-կտոր եղավ, ես էլ թեւից ու աչքից վիրավորվեցի։ Մի կերպ հասա մեր խրամատներին, որտեղ ՄՈԲ-երն էին: Օգնություն էի խնդրում, անընդհատ հարցնում էի՝ չեմ մեռնի, չէ՞, բայց մեքենա չկար, որ ինձ կարողանային օգնություն ցույց տալ: Որոշ ժամանակ սպասեցինք, սերժանտս եկավ, հարցնում է՝ ո՞վ է այս տղան, ինձ ճանաչելուն պես ամբողջովին կորցրել էր ինքնատիրապետումը ու ես գլխի ընկա, որ ինձ հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվում, հասկացա, որ ինձ ողջ ճշմարտությունը չէ, որ ասել են…»,-հիշում է Խաչիկը:

Չնայած ծանր վիրավորումներին՝ նա կարողանում է քայլել, հասնել շտապօգնության մեքենային, որտեղից էլ տեղափոխվում է հոսպիտալ, վիրահատվում: «Նռան դաշտերի միջով էինք գնում ու ամեն երկրորդ ծառի մոտ նստում հանգստանում էինք, ցավեր ունեի, ներքին արյունահոսություն էր սկսվել, 45 րոպեում մեկ ու կես կիլոմետր քայլելուց հետո շտապօգնության մեքենա տեսանք, վազելով հասանք այդ մեքենային, ինձ պառկեցրին պատգարակի վրա, աչքերս բացելուն պես՝ հեռախոս խնդրեցի. մայրս միանգամից հասկացավ, որ ձայնիս հետ մի բան այն չէ, ասացի թե՝ թոքերի բորբոքում ունեմ, մի քիչ ջերմություն ունեմ ու հեռախոսն անջատեցի»,-պատմում է երիտասարդը:

Հետո միայն Խաչիկի մայրը՝ տիկին Նարինեն, պիտի խոստովաներ. «Երազում տղայիս էի տեսել, շատ մաքուր էր ու կոկիկ, երեք անգամ համբուրեցի Խաչիկին, հետո, երբ հոսպիտալում տեսա որդուս, նա երեք տեղից վիրավոր էր՝ ձեռքը, որովայնը եւ աչքը…»։

Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

«Առավոտ» օրաթերթ
27.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930