Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանական բնավորություն

Ապրիլ 28,2022 12:30

Սկիզբը՝ այստեղ:

Հատված «Հուշեր Գերմանիայի եւ գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

1989թ. հոկտեմբերի վերջին, նախկին ԳԴՀ-ի Բիթթերֆելդ քաղաքում բնակվող ընկերս՝ Մանֆրեդ Բարչը, ցանկանալով փոքր-ինչ սփոփել ինձ եւ «կտրել» դաժան իրականությունից, հրավեր ուղարկեց ինձ: Չէ՞ որ 1988 թ. դեկտեմբերի 7- ի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ ես սարսափելի կորուստներ էի ունեցել եւ քանի որ ինձ մենակ մնալ խորհուրդ չէին տալիս, խնդրել էի Մանֆրեդին, որպես ուղեկցող, հրավիրել նաեւ իմ մոտիկ ընկերներից մեկին՝ Համլետին: Վերջինիս հետ մեկնեցինք ԳԴՀ:

Բեռլինի երկաթուղային Գլխավոր կայարանից ես զանգահարեցի Մանֆրեդին եւ հայտնեցի Բիթթերֆելդ ժամանող մեր գնացքի եւ վագոնի համարները, որպեսզի նա դիմավորեր մեզ: Մեր գնացքն ուղեւորվեց դեպի Բիթթերֆելդ: Ընկերոջս հետ զրույցի ընթացքում ես հաճախ էի մատնանշում գերմանացիների անսահման ճշտապահության հատկանիշները եւ ավելացնում, որ գնացքը կայարան հասնելուն պես, Մանֆրեդն ինքն է բացելու մեր վագոնի դուռը…

Վերջապես տեղ հասանք եւ… Մանֆրեդը դեռ չկար: Համլետն ինձ էր նայում կասկածամտորեն:
-Այ քեզ խայտառակություն,- մտածեցի:

Ես բավարար չափով տիրապետում էի գերմաներենին եւ կարող էի առանց որեւէ խնդրի հասնել Մանֆրեդի տուն, սակայն…
Մենք իջանք վագոնից եւ նույն պահին աչքիս զարնեց կառամատույցի սկզբնամասից դեպի մեզ վազող, այո՛, վազող, Մանֆրեդը: Նա շնչակտուր մեզ հասավ ու դեռ չբարեւած, արագորեն ժամացույցը ցուցադրելով, բացականչեց.

-Ներեցեք, խնդրեմ, ե՛ս չեմ ուշացել: Գնացքը 1,5 րոպե շուտ է ժամանել…

vvv
Մի քանի օր անց Մանֆրեդի մեքենայով ուղեւորվեցինք Լայպցիգ: Պատերազմի տարիներին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցած, հազարավոր անգամ ռմբահարված քաղաքն այնպիսի հանճարեղ ճարտարապետական լուծումներով էր վերականգնվել, որ հնի ու նորի համադրումներն ավելի հաճելի տեսք էին տվել գոթական ու ժամանակակից ճարտարապետական արվեստների միաձուլմանը:
Նախքան Լայպցիգ հասնելը, Մանֆրեդը կանգ առավ ճամփեզրին հարող մի գեղեցիկ կառուցապատված բլրակի մոտ, առաջարկեց գարեջուր խմել եւ խորտիկներ ճաշակել: Բլրակն այնպիսի հմտությամբ էր ընտրվել, որ խորտկարանից, կարծես ափի մեջ, երեւում էր Լայպցիգի մի պատկառելի մասն իր ողջ հմայքով: Մանֆրեդը սեւեռուն հայացքը չէր կտրում Լայպցիգից: Հասկանում էի, որ մանկության տարիների ինչ-որ հիշողություններ են նորից արթնացել նրա հոգու «պահեստարանում», որոնց «մասնիկներից» շատ էր տրամադրել ինձ: Քիչ անց, նա փոքր-ինչ այլափոխված հայացքն ինձ ուղղեց ու սկսեց պատմել մեզ համար անհավատալի, կարծես թե՝ անիրական, բայց «գերմանացիների կարգապահության ու բնավորության համար», իրական մի պատմություն:

-Ռուսական ու անգլո-ամերիկյան զորքերը ռմբակոծում էին Լայպցիգը: Երկնքից կարծես կրակ էր թափվում: Մենք 5-6 տարեկան մանկահասակ երեխաներ էինք: Պատսպարվում էինք շենքերի ներքնահարկերում: Ամեն վայրկյան լսում էինք ինքնաթիռների «վնգստոցներն» ու ռումբերի անվերջանալի պայթյունները եւ դողդողալով իրար էինք փաթաթվում, կարծես միմյանց փրկելու համար: Հերթական ռմբակոծության ժամանակ, մեկը գոռաց՝ հաց տեղափոխող մեքենան ռմբահարվեց, հացերը փողոցով մեկ շպրտվեցիիի՜ն… Երբ ինքնաթիռների ձայներն արդեն չէին լսվում, մենք դուրս վազեցինք, սակայն… ոչ մեկը չմոտեցավ հացերին:

Բոլորս սովահարությունից նվաղած աչքերով իրար էինք նայում ու չորս կողմը թափված հացերին, որոնցից բարձրացող տաք բույրը տարածվում էր ողջ փողոցով, քաղաքով, աշխարհով… Սակայն ոչ ոք չմոտեցավ հացի ռմբահարված մեքենային, մինչեւ եկան հրշեջների հագուստով զինվորները եւ հավաքեցին ու տարան հացերը: Այն օրվանից, երեւի սովն է հիշողությանս մեջ «ամրագրել» ու պահպանել հացի տաք բույրը: Տաք բույր, որից ավելի էինք զգում սովի անզսպելի տանջանքը…

1988 թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց, մեր բազմաբնակարան շենքի փլատակների վրա կանգնած, «սիրտս չէր գնում» իմ բնակարանից որեւէ փրկված իր վերցնել: Փոխարենն անզգամ տեղաբնակների խմբերն էին վխտում ու աչքիս դեմ հավաքում-տանում ընտանիքիս պատկանող՝ փրկված կամ կիսաջարդ գույքն ու իրերը: Կնոջս ոսկյա զարդերն էլ մի ազնիվ փրկարար գտել ու հանձնել էր շրջկոմի շտաբ, իսկ այնտեղ էլ ինչ-որ մի սրիկա, «իրենով էր արել» դրանք: Փրկարարներից մեկն ինձ հանձնեց ռուս ընկերոջիցս նվեր ստացած շատ հին սրբապատկերը: Մոտս կանգնած ընկերոջս, Երեւան քաղաքում բնակվող՝ սպիտակցի Վահագ Ղազարյանին խնդրեցի պահել, որպեսզի հետագայում վերադարձնի: Մի քանի ամիս անց, նրանից խնդրեցի վերադարձնել, իսկ նա.
-Ի՞նչ իկոնա… Աաա, էն գարդոնի կտո՞րը… Չգիտեմ էլ, թե ուր եմ գցել…

Հարազատներիցս մեկն էլ սիրով սափրվում էր իրեն պահ տված անտիկ, արծաթյա՝ ոսկեջուր սափորիկիս մեջ, որ պատահաբար տեսա ու հետ վերցրեցի: Դե ինքը «մոռացել էր», որ դա իրենը չէր…

vvv
1994 թ. դեկտեմբերի վերջին Ալոյիսի հրավերով ես մեկնեցի Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Սաառլանդ երկրամասի Սաառլուիի Բիսթն գյուղ, որտեղ բնակվում էր կնոջ հետ: Տեղ հասնելուն պես, Ալոյիսն անմիջապես խնդրեց անձնագիրս, ինչպես միշտ՝ հրավերի օրինականությունների մեջ համոզվելու եւ միգրացիոն ծառայությունում իմ ժամանման մասին տեղեկացնելու համար:
Որքան զարմացավ, այնքան էլ զայրացավ Ալոյիսը: Երեք ամսվա փոխարեն (նա այդքան ժամանակի համար էր ուղարկել հրավերը), Գերմանիայի դեսպանատանը ես 15 օրվա թույլտվություն էի խնդրել, մտածելով, թե՝ ի՞նչ էի անելու այդքան երկար մնալով նրա տանը: «Ամռանն օգնում եմ նրան իր ամառանոցում, իսկ հիմա ձմեռ է», մտածել էի ես: Ինչպես հետագայում պարզվեց՝ նա «սեւ աշխատանք էր» գտել ինձ համար, որ «փող աշխատեմ»…

-Ոչինչ, կկարգավորե՛նք,- ասաց եւ հաջորդ օրն, առավոտյան, պայմանավորված ժամին, գնացինք Սաառլուիի քաղաքապետարան, որտեղ գտնվում էր միգրացիայի բաժինը: Ըստ այնտեղի սահմանված կարգի, սկզբից մեզ դիմավորելու էր քաղաքապետի տեղակալը, ապա ընդունելու էր քաղաքապետը, որից հետո՝ միգրացիայի բաժինը:

Քաղաքապետի ազգանունը Ֆաս էր, որ թարգմանաբար տակառ է նշանակում: Ինչպես ասում են՝ «խնդիգս» գալիս էր… Քաղաքապետը, ով ոչնչով տակառի նման չէր, շատ ջերմ ձեւով, ընդունարանում հենց ինքը դիմավորեց մեզ, հրավիրեց ծառայողական հյուրասենյակ, որտեղ հյութերի ու քաղցրավենիքի առատությունից բիբերս լայնացան: Չէ՞ որ 1994 թվականն էր…, Հայաստանի ծանրագույն տարիները: Ֆասն իր տեղակալին եւ ընկերոջս «բարեկամաբար կարգադրեց» կարգին հյուրասիրել ինձ, ապա խնդրեց ներենք իրեն, որ մի 5 րոպեով մենակ է թողնելու մեզ: Քաղաքապետը վերադարձավ սիրալիր ժպիտը դեմքին, ինձ մեկնեց անձնագիրս եւ հայտնեց, որ միգրացիոն բաժնում ինքն արդեն կարգավորել է իմ հրավերի երեքամսյա ժամկետը…

Մինչ օրս զարմանքս չեմ կարողանում զսպել: Եթե 450 հազարանոց քաղաքի քաղաքապետն այսպիսի վարաբերմունք ունի ինչ-որ մի հայ մարդու նկատմամբ, ապա նա, իրավամբ, համարվում է իր ընտրողների իսկական ԸՆՏՐՅԱԼՆ ու նրանց համար ծառայողը…
…Բա չէ՜, մեծամասամբ զոռբայությամբ, ընտրակաշառքով, ընտրակեղծիքներով ու «դաբռոներով» ընտրված, կիսագրագետ մեր գոռոզ-խորոզ քաղաքապետերի պես… Իսկ առանց նշված մեթոդների ընտրվածներին էլ կամ կալանավորում են՝ «գործ կարելով», կամ էլ՝ շարունակ հետապնդվում են ու հալածվում…

11.01.1995 թ., Բիսթեն
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հարգելի Սպարտակ Մաթոսյան,
    Այս անգամն էլ մեծ հետաքրքրությամբ կարդացի Ձեր նոթագրումները , որոնք ամեն անգամ մոտս առաջացնում է հիշեղությունների հոսք։ Ընդհանուր առմամբ, անտեսելով Ձեր այսօրվա նյութի վերջին 3 նախադասությունների առկայումը, այն ինձ մեծ բավականություն է պատճառում։ Շնորհակալություն ։ Հետաքրքիր է, որ ես 1988 թվականի Երկրաշարժից ընդամենը երկու շաբաթ առաջ անցել եմ ճիշտ Ձեր նկարագրած կողմերով։ Բուխենվալդի ճամբարներից մեկը տեղակայված էր Հալեյում-(Halle):
    Ճնշող և ծանր մտքերով դուրս գալիս հանկարծ տեսա մեր Սովետական զորքերում ծառայող զինվորներին, որոնք իրեց ներս մտնելու հերթին էին սպասում ։ Ինձնից անկախ արցունքախառն բղավեցի․” Կա՞ձեր մեջ հայ զինվոր , թող մոտենա մեր խմբին”։
    Ո՜վ զարմանք, մի փառահեղ երիտասարդ լայն ժպիտով , բայց ամոթխած հայացքով մեզ մոտեցավ։
    Այստեղ իմ երկրորդ զարմանքը պիտի լիներ։ Ավագ դպրոցի իմ դասընկերոջ Սահակյան Արմենի տղան էր։ Իրար անցած մեր խմբի ժողովուրդը ով ինչ ուներ ստիպելով նրան տվեց ։ Իսկ զինվորը միայն մի կարճ երկտող և հեռախոսահամար, որը վերադարձիս չհասցրի տալ ծնողին, այլ միայն զանգեցի և նկարագրեցի իրենց որդուն։
    Հայաստանը դարձավ աղետի գոտի։
    Հալլեյը շատ մոտ էր Ձեր նկարագրած Բիթթերֆելդ քաղաքին։ Հավանաբար մի 20-25 կմ հեռավորության վրա էր։ Այդ գեղեցիկ , փոքրիկ քաղաքի միջով անցնելիս հազվադեպ մեքենաներ տեսանք։ Դրա փոխարեն ոտքով քայլող մարդիկ և հեծանվորդները ամեն քայլափոխին էին ։

  2. Gohar says:

    Հետաքրքիր բան է ստացվել, որ վերը գրված արձագանքում ես դարձել եմ “Anonymous”։)))
    Թոռանս նօթբուքից էի ուղարկել։)))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930