Ցանկացած իրավիճակ, որը ձեռնտու չլինի պաշտոնական Բաքվին, Ալիեւը «ընդդեմ ռեւանշիստների» պայքարի պատճառաբանության ներքո Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու հիմք է ներկայացնելու
Սկիզբը՝ այստեղ:
Արդեն, կարծես, «բարի» ավանդույթ է դարձել, երբ Ալիեւը մի կողմից խոսում է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ սպառնում է Հայաստանին: Վերջերս նա մի ծավալուն ելույթով է հանդես եկել, եւ Հայաստանի ուղղությամբ կոշտ ելույթի որակումները հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ընդդեմ Հայաստանի:
Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երեւանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ, նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած՝ «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում»։ «Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռեւանշիստական ուժերը պետք է իմանան, որ դա (հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը) իրենց միակ ելքն ու նույնիսկ վերջին հնարավորությունն է։ Եթե հրաժարվեն դրանից, ապա մենք էլ կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ այդ մասին պաշտոնապես կհայտարարենք։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ հայկական կողմը պետք է քաջ գիտակցի, թե ինչի կհանգեցնի նման քայլը», – ասել է Ալիեւը։
Կարդացեք նաև
Նույն ելույթում Ալիեւն ասել է, թե իրենք իբր խաղաղություն էին ցանկանում, մինչդեռ 2019թ. բանակցությունները դադարեցվեցին, եւ իրենք հարցը լուծեցին ռազմական ճանապարհով: «Ես իսկապես ցանկանում էի հարցը լուծել խաղաղ, եւ ոչ թե ռազմական ճանապարհով: Հնարավոր էի համարում հարցի լուծումը խաղաղ ճանապարհով, քանի որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պաշտպանում էին մեր երկիրը: Միջազգային առաջատար կազմակերպությունները, սատարելով Ադրբեջանի արդար դիրքորոշումը, բանաձեւեր էին ընդունել իրավունքի եւ արդարության հիմքի վրա: Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն արդեն միջազգային թատերաբեմում որեւէ մեկի համար գաղտնիք չէր»,- ասել է Ալիեւը: Նա հավելել է, որ կարծում էր, թե Հայաստանի ղեկավարությունն ի վերջո կհասկանա, որ Երեւանը որեւէ ռեսուրս չունի Բաքվի հետ մրցակցելու համար՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ մարդկային: Առավել եւս՝ ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի օգտին էր: «Ես կարծում էի, որ Հայաստանում ի վերջո կհասկանան, որ հնարավոր չէ 21-րդ դարում օկուպացված պահել մեկ այլ երկրի մի մեծ տարածք: Բայց, ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, միաժամանակ նաեւ միջազգային հանրությունը, կազմակերպություններն այլ կարծիք ունեին: Բայց մոտ 30 տարի շարունակված բանակցությունները խոսում էին այն մասին, որ դրանք միտված էին հավերժացնել օկուպացիան, քողարկել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը՝ միաժամանակ նպատակ հետապնդելով մեզ ստիպել հաշտվել ողբերգական իրավիճակի հետ: Բայց մենք երբեք չկարողացանք հաշտվել դրա հետ»,- ասել է նա:
Ինչպես նկատում ենք Ալիեւի գնահատականներից, նա Հայաստանն ու միջազգային հանրությանը մի կողմում է դնում, ինչը փաստում է այն մասին, որ Հայաստանի նախորդ իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել էր ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում այնպես աշխատել, որ միջազգային հանրության ու պաշտոնական Երեւանի դիրքորոշումները նույնական լինեն, ինչը չի կարելի ասել 2018-ից հետո Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեության վերաբերյալ: Ալիեւն անգամ հիմա է արձանագրում, որ Ադրբեջանը ժամանակին միայնակ էր մնացել, եւ Բաքվին այլ բան չէր մնում, քան պատերազմ սկսելը:
Իսկ ի՞նչ ունենք հիմա… Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ ակնհայտ փաստ է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, եւ Թուրքիայի գործուն մասնակցությամբ Արցախում պատերազմ է ընթացել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան գործող թուրք-ադրբեջանական բանակի, այսօր հայկական կողմը չունի միջազգային այն աջակցությունը, որն ունեցել է նախկինում: Ու սա այն դեպքում, որ արդեն Բաքվից Հայաստանին են տարածքային պահանջներ ներկայացվում, իսկ անցյալ տարվա մայիսից Հայաստան տարածք են ներխուժել ադրբեջանական ստորաբաժանումներ:
Շուշիում կայացած նույն միջոցառմանն ունեցած իր ելույթում Ալիեւը չի մոռացել նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ին ու այս դեպքում էլ ՀՀ իշխանություններին ուղերձ է հղել: «Ինչ վերաբերում է միջնորդներին, ասեմ, որ, ցավոք, այսօր էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին: Այն համարում եմ դատարկ եւ որեւէ նշանակություն չունեցող: Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ.: Եթե հիմա նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, կարելի է եւս մեկ անգամ տեսնել, որ այն չէր ստեղծվել այդ խնդիրը լուծելու համար: Այն ստեղծվել էր ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար»,- ասել է Ալիեւը: «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ է լինելու ԵԱՀԿ ՄԽ-ի հետ: Ես ասել եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն 2021թ. կնշի իր ստեղծման 30-ամյակը, իսկ հետո կգնա թոշակի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո նրանք անգամ հնարավորություն չունեն հոբելյանը նշելու»,- կրկին ԵԱՀԿ ՄԽ-ին ծաղրել է Ալիեւը:
Ինչ վերաբերում է Ալիեւի հերթական սպառնալիքների տարափին, ապա նա զգուշացրել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կարող է հասկանալ, «թե դա ինչ հետեւանքներ կունենա»: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել միայն մեր առաջարկած 5 հիմնարար սկզբունքների հիման վրա: Այս պահին երկու երկրների արտգործնախարարությունները զբաղվում են աշխատանքային խմբերի ձեւավորմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում պետք է անցնել կոնկրետ բանակցությունների, եւ կարիք չկա այդքան երկար ձգել այս բանակցությունները, քանի որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն 5 հիմնարար սկզբունքների հիմքի վրա: Համաձայնագրի տեքստը շուտով կնախապատրաստվի եւ կստորագրվի»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով՝ այդպիսով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կձեւավորվեն կապեր, այդ թվում՝ դիվանագիտական: Ալիեւը նաեւ շեշտել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվի տարածքային հավակնություններից. «Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանի նկատմամբ չունի որեւէ տարածքային հավակնություն, եւ չի ունենա ապագայում: Կարծում եմ, որ դա հետպատերազմական շրջանում կարեւոր ասպեկտ է… Մեր առաջարկով մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս մեր բարի մտադրությունները եւ հեռատեսությունը: Եվ ռեւանշիստական ուժերը, որոնք երբեմն գլուխ են բարձրացնում Հայաստանում, պետք է իմանան, որ Հայաստանի համար դա միակ ելքն է, կարելի է ասել՝ միակ հնարավորությունը: Եթե նրանք այն մերժեն, ապա մենք էլ չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դրա մասին պաշտոնապես կհայտարարենք»,- ասել է Ալիեւը: Ընդ որում, նա հավելել է, որ հաշվի առնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը կարող է հասկանալ, թե ինչի դա կարող է հանգեցնել:
Ինչպես նկատում ենք, Ալիեւը «խաղաղության հասնելու» յուրօրինակ մոտեցում է ցուցաբերում: Նա նախ արձանագրել է, որ այդ «խաղաղությունը» բացառապես Ադրբեջանի առաջարկած 5 կետերի շրջանակներում պետք է հաստատվի, իսկ եթե չհաստատվի, ապա, ըստ էության, կլինի նոր պատերազմ՝ արդեն ընդդեմ Հայաստանի: Այլ կերպ Ադրբեջանի նախագահի խոսքը հնարավոր չէ մեկնաբանել: Այսինքն, ցանկացած իրավիճակ, որը ձեռնտու չլինի պաշտոնական Բաքվին, Ալիեւը «ընդդեմ ռեւանշիստների» պայքարի պատճառաբանության ներքո Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու հիմք է ներկայացնելու:
Սա է այն երկրի ղեկավարը, որի հետ մեր իշխանություններն ու միջազգային հանրությունը հույս ունի, թե Հայաստանը կարող է խաղաղություն հաստատել:
Ի դեպ, հայտնի է, որ պաշտոնական Բաքուն որոշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ զբաղվող պատվիրակության կազմը, այս մասին օրերս հայտնել է Ալիեւը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում: Այս հեռախոսազրույցի ընթացքում եւս Ալիեւն ընդգծել է, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա:
Ալիեւի սպառնալիքներից մի քանի օր անց՝ ապրիլի 25-ին, հեռախոսազրույց կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաեւ հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաեւ խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»:
Նույն օրը Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին, որի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, երկու երկրների սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր: Ըստ ադրբեջանական լրատվականների՝ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը որոշել է սահմանազատման եւ սահմանագծման, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեղ հանձնաժողովում իրենց ներկայացուցչին: Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 27.04.2022