Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը և նրա նպատակները. Ռուբեն Վարդանյան (շարունակություն)

Ապրիլ 28,2022 22:00

Սկիզբը՝  այստեղ

Մաս 12

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակները.

  1. Հայեցակարգի սահմանում. Համատեղ ծրագրել Հայաստանի ապագան և պատասխանատվություն ստանձնել դրա ստեղծման համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մեր առջև դնենք գործնականորեն իրատեսական նպատակներ ու խնդիրներ և դրանց հասնելու ուղի հարթենք։


Այսօր «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համայնքը ներառում է 100,000-ից ավելի մարդու՝ ավելի քան 100 երկրից:
Լուսանկարը` «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»

 

  1. Ինքնորոշության երաշխիք. Ընդունել Հայաստանի ինքնիշխանության դեմ առկա վտանգը և ստեղծել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանության ու անվտանգության համակարգ։ Այդ ուղղությամբ խնդիրներն են. երաշխավորել Հայաստանի սահմանների ու քաղաքացիների ֆիզիկական անձեռնմխելիությունը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել ու աշխատել իրենց նախնիների հողում, Հայաստանի զինված ուժերը վերածել ժամանակակից բանակի՝ նրան ծառայեցնելով գիտական ​​և տեխնոլոգիական վերջին նվաճումները, կառավարման և ռազմական հետախուզության արվեստը, ակտիվորեն զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը, որին նեցուկ պիտի դառնա մնացած բոլոր ճյուղերի զարգացումը։
  2. Պատմական պատասխանատվություն. Հարգել Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև փրկվածների և նրանց փրկիչների հիշատակը՝ մարդկության դեմ ոճրագործությունները կանխելու, բռնության հետևանքները հաղթահարելու և ապագայում դրանք ​​արմատախիլ անելու նպատակով իրականացնելով միջազգային լուսաբանում և մարդասիրական գործունեություն։ Դրա համար մեր ընդհանուր ցավն ու անցյալ սերունդների փորձը պետք է դառնան բարու ուժ։ Մեր առաքելությունն է նպաստել մարդասիրության հաղթանակին և օժանդակել աշխարհում բռնությունը վերացնելու բոլոր ջանքերին: Մենք կշարունակենք բարձրացնել Հայոց ցեղասպանության և դրա զարհուրելի հետևանքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև կփնտրենք Հայաստանի և նրա փորձի մասին աշխարհին պատմելու լավագույն միջոցները:
  3. Ազատ Արցախ. Երաշխավորել Արցախի ֆիզիկական անվտանգությունը և որոշել նրա իրավական կարգավիճակը։ Հայերի ընկալման մեջ Արցախը պետք է դառնա իրենց հայրենիքի անբաժանելի մասը, և մեր խնդիրն է հասնել նրա բարգավաճմանը, որպեսզի մարդիկ նորից ցանկանան այնտեղ ապրել։ Դրա համար անհրաժեշտ է մշակել հստակ ծրագիր և գտնել դաշնակիցներ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին ապահովելու Արցախի և նրա բնակիչների անվտանգությունը։
  4. Հայաստանի և Սփյուռքի միասնություն. Փոխադարձության և վստահության սկզբունքի հիման վրա փոխակերպել Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները։ Այդ նպատակով մենք պետք է գտնենք պետության և ցանցային ազգի փոխգործակցության գործուն մոդել: Պետությունը պետք է դառնա այս ցանցի հանգուցային կենտրոնը՝ հայկական աշխարհի վիթխարի ներուժի բանալին ձեռք բերելու համար։ Նման մոդելի արդյունավետության բանալին կլինի, մի կողմից, Սփյուռքի ներգրավումը ազգային նպատակների ու առաջնահերթությունների սահմանման գործում, մյուս կողմից՝ նրա պատասխանատու մասնակցությունն ազգային ու պետական շինարարությանը։ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միավորեն ջանքերը, քանի որ միայն միասին կարելի է հասնել ազգի բարգավաճմանը։ Երկու կողմերին վստահություն ներշնչող փոխգործակցության թափանցիկ և հասկանալի մեխանիզմների ստեղծումը կնպաստի նրանց միջև փոխըմբռնման խորացմանը և նրանց գործընկերության ամրապնդմանը։
  5. Ուժեղ Սփյուռք. Բարեփոխել և ամրապնդել սփյուռքյան ինստիտուտներն ու կառույցները՝ ապահովելու համար դրանց կենսունակությունը և պահպանելու հայկական ժառանգությունն ամբողջ աշխարհում։ Սփյուռքի ավանդական ինստիտուտները պետք է արդիականացվեն՝ Սփյուռքից արտագաղթի միտումը բաց արձակելու և համաշխարհային հայկական ցանցի ներսում ամուր կապեր հաստատելու համար։ Անհրաժեշտ է ուժեղացնել հայերի ներկայությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային կենտրոններում, ինչպիսիք են Երուսաղեմը (Հայկական թաղամաս), Վրաստանը, Թուրքիան, Իրանը և այլն։
  6. Արդյունավետ գործընկերություններ. Դուրս գալ մեկուսացումից և կարևորություն ձեռք բերել տարածաշրջանային ու գլոբալ ռազմավարական ներգրավվածության միջոցով: Հայաստանը պետք է աստիճանաբար բարձրացնի իր կարգավիճակը սեփական քաղաքացիների, տարածաշրջանային հարևանների աչքում և միջազգային մակարդակում՝ ներդրումներ կատարելով փափուկ ուժի կազմավորման և հայերի վերածննդի մասին հռետորաբանության ձևավորման գործում՝ որպես աշխարհի համար հրատապ և առաջ նայող համաշխարհային ազգ:

«Մատենա» միջազգային դպրոցի ակադեմիական մասի տնօրեն Տիգրան Մնացականյանը (ձախից) և համահիմնադիրներ Ռուբեն Հայրապետյանը (կենտրոնում)  և Ռուբեն Վարդանյանը (աջից) միջազգային առաջին ծրագրերի մեկնարկի միջոցառմանը, փետրվար,  2022 թ.
Լուսանկարը՝ «Մատենա»  միջազգային դպրոց

 

  1. Հարաճում. ստեղծել մրցունակ տնտեսական մոդել, որը հավասարապես գրավիչ կլինի մարդու և կապիտալի համար: Առաջնահերթ խնդիրներն են աշխատանքի արտադրողականության բարձրացումը և բեկումնային, հարմարեցված ու ապակենտրոնացված բիզնես մոդելների որոնումը, որոնք կարող են կայուն աճ ապահովել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, էներգետիկան, սննդամթերքի արտադրությունը, տրանսպորտը և շինանյութերի արտադրությունը:
  2. Բնակչության աճ. Հայաստանի ապագան երաշխավորել՝ կենտրոնանալով ժողովրդագրական խնդրի լուծման վրա՝ բնակչության թվի աճի, հայրենադարձության և երկրում որակյալ կադրերի ներգրավման խթանմամբ: Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել արտագաղթի հոսքը հետ շրջելու և սոցիալապես անապահով համայնքներից բնակչության արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև հարկավոր է մշակել բարեկամական ներգաղթի քաղաքականություն։
  3. Կրթության գերազանցություն. Կրթությունը դարձնել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի առաջնահերթություն և հիմնական սոցիալական արժեք: Կրթությունը պետք է դառնա պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ ինչպես տեղական, այնպես էլ համազգային մակարդակներում: Այս ոլորտի զարգացման համար, ներդրումների ներգրավմանը զուգընթաց, անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, վերականգնել ուսուցչի մասնագիտության հեղինակությունը և դրա նկատմամբ հարգանքը հասարակության մեջ։
  4. Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության առաջնահերթություն. Ներդրումներ կատարել գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության մեջ՝ խթանելու համար նորարարական տնտեսության զարգացումը, որն ապահովում է առողջ և էկոլոգիապես մաքուր կյանք: Հայաստանը պետք է դառնա միջազգային նորարարական հաբ։ Դա նշանակում է, որ կիրառական գիտության և տեխնոլոգիաների վրա ծախսերը (կառավարության և մասնավոր հատվածի) պետք է համեմատելի լինեն ամենազարգացած տնտեսությունների համաբնույթ ծախսերի հետ: Բացի այդ, դա ենթադրում է երկրում գիտահետազոտական ​​ինստիտուտների բացում և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերությունների հաստատում։
  5. Ողջամիտ կառավարում. Ստեղծել արդյունավետ և իրենց գործունեությամբ հաշվետու ինստիտուտներ, պրոֆեսիոնալիզմի և կատարելության ձգտումը դարձնել պետական կառույցների և առհասարակ հասարակության հիմնադիր սկզբունքներ: Հարկավոր է բարենորոգել պետական ​​հատվածը, բարելավել պետական ​​ծառայության ընդունման չափանիշները, միաժամանակ նաև բարձրացնել պետական պաշտոնյաների աշխատավարձերը։
  6. Արդար հասարակություն և անհավասարության նվազեցում. Հաղթահարել աղքատությունը, կառուցել բաց և ազնիվ հասարակություն: Արդար հասարակություն` նշանակում է սոցիալական բարիքների հասանելիության հավասար հնարավորություններ հասարակության բոլոր անդամների համար, ուստի կարևոր է ապահովել առավել խոցելի խմբերի՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և պատերազմի վետերանների աջակցությունն ու ներգրավվածությունը տնտեսական ու սոցիալական կյանքում, որի համար հարկավոր է նրանց օգնել ձեռք բերելու նոր, սոցիալապես օգտակար հմտություններ:
  7. Ժառանգության պահպանում. Հիմնվել հայ ժողովրդի ուրույն ինքնության ու պատմական փորձի վրա, ոգեշնչվել և կողմնորոշվելով դրանցով՝ կերտել ապագան: Այս ուղղությամբ մեր խնդիրներն են հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը, նրանց հասանելիության ու գրավչության ապահովումը երիտասարդ հայ սերունդների համար, հայկական ավանդական արժեքների վերակենդանացումը և դրանց հարմարեցումը ժամանակակից աշխարհի իրողություններին, հայ հասարակության և հայկական աշխարհի կապող դերի վերադարձումը Հայ Առաքելական եկեղեցուն։
  8. Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում. Երկրի ու հասարակության ղեկավարությունից պահանջել, որ Հայաստանի համար ճակատագրական որոշումները հիմնվեն ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա։ Դրան կնպաստի բոլոր մասնակիցների՝ կառավարության, հասարակության և Սփյուռքի միջև թափանցիկ հաղորդակցության հաստատումը, ինչպես նաև հստակ կանոնների վրա հիմնված համակարգի ստեղծումը, որը կխրախուսի նորարարությունը և կապահովի հարստության վերաբաշխումն ու քաղաքացիների պաշտպանությունը:

Ինչպես ենթադրում ենք, այս նպատակները պետք է քննարկվեն այսօրվա Հայաստանի և հայկական Սփյուռքի հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, դառնան մտավոր, քաղաքական, գործարար և ռազմական վերնախավի քննարկման առարկա, գրավեն բոլոր տարիքի մարդկանց, հատկապես երիտասարդների ուշադրությունը, որոնք հիմա են կյանք մտնում։

Մենք պետք է պատասխանատվություն զգանք մեր երկրի ապագայի համար և դառնանք նրա տերերը։

Միասնաբար մտորելով մեր անցյալի, ներկայի և ապագայի մասին՝ մենք կկարողանանք մոտենալ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքին, որոշել մեր փոխգործակցության մեխանիզմներն ու միջոցները։ Մենք կատարյալ համաձայնություն չենք ակնկալում բոլոր կետերում, բայց վստահ ենք, որ անկեղծ զրույցը կօգնի, որ շատ բան հստականա։ Ինչպես արդեն ասվեց, մարդիկ, որոնց իրավունք է վերապահված որոշումներ կայացնելու երկրի և ազգի ապագայի վերաբերյալ, պետք է հենվեն հանրային կոնսենսուսի վրա, որն առանց նման քննարկման պարզապես անիրականանալի է:

Ես հավատում եմ Հայաստանում աշխատող մասնավոր հատվածի, Սփյուռքի և հասարակական կազմակերպությունների հետ պետության գործակցությանը։ Հնարավոր է ամուր և արդյունավետ ցանցի ստեղծումը։ Դա հեշտ գործ չէ և պահանջում է տարբեր մոտեցումներ, սակայն այս ոլորտում մենք ունենք մրցակցային առավելություն՝ հիմնված մեր պատմական փորձի վրա։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ամենակարևոր առաքելությունը պետություն և ազգ կառուցելն է ամբողջ աշխարհում վստահության ծանրագույն ճգնաժամի և հազարամյակի հիմնական սպառնալիքի՝ ինքնության կորստի շատ ժողովուրդների գլխին կախված սպառնալիքի պայմաններում: Հայերը, ինչպես և այլ երկրների բնակիչները, անվստահություն են տածում իշխանությունների նկատմամբ, հատկապես երկրում տեղի ունեցած վերջին ցնցումներից հետո։ Մարդիկ չեն հավատում իրենց և իրենց երեխաների ապագային հայրենի հողում, և հնարավորինս սեղմ ժամկետներում մենք պետք է շրջենք այդ միտումը։ Դա անելու համար պետք է պատասխանատվություն զգանք մեր երկրի ապագայի համար և դառնանք նրա տերերը, պետք է հավատանք, որ ապագան մեր ձեռքերում է՝ մեզնից յուրաքանչյուրի ձեռքերում։

Այնպիսի նախագծեր, ինչպիսին է «ՏաԹևերը», ապացուցում են, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ, եթե բազմաթիվ մարդիկ հավատան երազանքին և այն իրականացնելու համար միավորեն իրենց ջանքերը:
Լուսանկարը՝ IDeA հիմնադրամ

Զարգացման այնպիսի արդյունավետ մոդելի որոնումը, որը ներդաշնակորեն համատեղում է երեք հիմնական տարրերը՝ անվտանգությունը, բարգավաճումը, ինքնության պահպանումն ու դրա զարգացումը նոր իրողություններում, որը հիմնված է ցանցերի ու հիերարխիաների միջև հավասարակշռության վրա և իբրև փոխգործակցության գործիք կիրառում է մասնավոր-պետական գործընկերությունը, ենթադրում է փորձ։ Եթե ​​մեզ հաջողվի համակարգային քաոսի և ամեն ինչի ու ամենքի նկատմամբ անվստահության բարձր մակարդակի պայմաններում գտնել նման մոդել և կյանքի կոչել այն, այս փորձի մեջ ներգրավել ոչ թունելային մտածողությամբ հետաքրքիր և վառ անհատների, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, բայց պատրաստ են ընդունելու մեր արժեքները և մեզ հետ միասին աշխատելու, հետևանքներն, անշուշտ, օգտակար կլինեն ոչ միայն մեզ, այլ նաև ողջ մարդկության համար։

Անհնարինը հնարավոր է, եթե բազմաթիվ մարդիկ հավատան երազանքին և իրենց ջանքերը միավորեն այն կյանքի կոչելու համար։

30 տարվա մեջ, որի ընթացքում ես և իմ գործընկերներն իրականացնում ենք լայնածավալ նախագծեր, որոնք միավորում են տարբեր նախադրյալներ, փորձառություններ ու կարողություններ ունեցող մարդկանց, ես բազմիցս եմ լսել, որ այն, ինչ մենք ենք ձեռնարկում, ուղղակի անհնար է։ Անհնար է Ռուսաստանում ստեղծել միջազգային լավագույն չափանիշներով ներդրումային բանկ, որը դառնա ֆինանսական շուկայի առաջատարը, կամ մասնավոր միջոցներով կառուցել ազգային բիզնես դպրոց, որը կմտնի համաշխարհային հեղինակավոր վարկանիշներ ունեցող հաստատությունների շարքը։ Անհնար է հասնել նրան, որ տարբեր երկրներից պատանիներ գան Հայաստան սովորելու, իսկ հնագույն վանք տանող ճոպանուղին համաշխարհային ռեկորդներ սահմանի և խթանի ողջ տարածաշրջանի վերածնունդը։ Այդուամենայնիվ, և՛ «Տրոյկա Դիալոգը», և՛ «ՍԿՈԼԿՈՎՈ» բիզնես դպրոցը, և՛ «UWC Դիլիջան» դպրոցը, և՛ «ՏաԹևեր» ճոպանուղին և մեր բազմաթիվ այլ նախագծեր ցայտուն օրինակ են այն բանի, որ անհնարինը հնարավոր է, եթե բազմաթիվ մարդիկ հավատան երազանքին և իրենց ջանքերը միավորեն այն կյանքի կոչելու համար:

Ես մնում եմ լավատես, որը հավատում է մեր ժողովրդին։ Չեմ կասկածում, որ նա ի զորու է համախմբվելու, հաղթահարելու պատմական վտանգավոր շրջանի դժվարությունները, հիմք դնելու նոր սերունդների բարգավաճմանը և հաջորդ պատմական ճամփաբաժանին կատարելու դժվարին, բայց միակ ճիշտ ընտրությունը, որն առաջնորդում է դեպի արժանապատիվ ապագա։

_______________________________________________

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

 

[1] CIA World Factbook-ի տվյալները 09/09/2021-ի դրությամբ. https://www.cia.gov/the-world-factbook/ (15.09.2021)։

[1] Համաշխարհային բանկի տվյալներ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ներկայիս ԱՄՆ դոլար), Հայաստան, 2020 թ., մեկ շնչին ընկնող ՀՆԱ (ներկայիս ԱՄՆ դոլար), Թուրքիա, 2020 թ. https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?locations=AM (11.10.2021)։

[1] Airbnb: Fast facts. https://news.airbnb.com/about-us/ (12.10.2021).

[1] Øyvind L. Martinsen. Personality for Leadership // BI Norwegian Business School. 20.03.2014. https://www.bi.edu/research/business-review/articles/2014/03/personality-for-leadership/ (22.09.2021).

[1] Մեջբերումը՝ ըստ Бард Александр, Зодерквист Ян. Netократия. Новая правящая элита и жизнь после капитализма. СПб.: Стокгольмская школа экономики, 2004, էջ 72։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930