Պավլիկ Մանուկյանը որոշ փակագծեր է բացում ՊՊԾ գնդի գրավման հետ կապված ու վստահեցնում, որ Ժիրայր Սեֆիլյանի, Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի կապը շատ ամուր է:
«Պավլիկ Մանուկյանը այս երկրի համար մի հատ երեւելի տղա էլ չի: Ի՞նչ է արել ինքը այս երկրի համար: Ինքը իր ամբողջ կյանքում այս երկրի համար մի հատ լավ բան է արել, այն էլ՝ իր համար՝ պատրոնդաշով նկարվել է: Թող ինքը ասի՝ որտե՞ղ է կռվել, ո՞ր ֆրոնտում, ի՞նչ ճակատում, ի՞նչ է արել: Թող նստի ժողովրդին բացատրի ու ասի»,- ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսպիսի հարց էր ուղղել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին՝ ապարանցի Պավլիկին:
«Առավոտի» հետ զրույցում Պավլիկ Մանուկյանը Մելքոնյանի պատասխանը տվեց, չնայած իր խոսքով՝ չէր ուզում «բարձունքից իջնել» ու նրան պատասխանել. «Լավ կլինի ցանկացած արցախցու՝ անկախ տարիքից, որ մի տարածքից կուզի լինի՝ Հադրութից, Մարտակերտից, հարցնի: Կարող է Պավլիկին չհիշեն՝ որպես գումարտակի հրամանատար, կարող է Պավլիկին չհիշեն, որպես ինքնապաշտպանական գոտու պարետ, զորամասի փոխհրամանատար կարող է չհիշեն, բայց որպես գնդացրորդ՝ որպես пулеметчик Պավլիկ կհիշեն: Հետաքրքրվեք որպես լրագրող, ձեզանից լավ դա ոչ ոք չի պարզի, թե չէ ես չիջնեմ այդ աստիճանին, սանձը էշին ձի չի դարձնի: Ինքը որ գիտի գեներալ է, գիտի հենց էդ է, հա՞»:
Թե ո՞ր ֆրոնտում, ինչ ճակատում է կռվել՝ Պավլիկ Մանուկյանը թվարկեց. «Հադրութից բռնած, Շահումյանի ցանկացած տարածքից, Մարտակերտից… կարող եք հետաքննություն անել, իմ խփած տեխնիկաները մինչեւ հիմա այնտեղ կանգնած են: Լավ կլինի մի քիչ էլ ինքը իր կյանքից ու կենսագրությունից պատմի: Իմ մարտական կյանք ու կենսագրությունում հումորն ու կրիտիկական ու լիրիկականը րոպեների ընթացքում իրար հետ անցել են: Եթե ես մի երկու դրվագ պատմեմ, շատ ամոթ կլինի, անհարմար եմ զգում»:
Կարդացեք նաև
Գագիկ Մելքոնյանն այսպես էր նկարագրել Պավլիկ Մանուկյանի մարտական ուղին. «Պավլիկը եղել է Արմավիրի բրիգադայում, երբ որ սպարապետն ասեց՝ «էս տղուն տար մի գործ տուր»: Ասի՝ տանեմ: Եկել եմ տարել ինձ տեղակալ: Շատ ապաշնորհ սպա է ինքը, դա ասեմ: Իմ տեղակալ ժամանակ եղել է, որ անձնակազմի գծով պիտի բան աներ, դաշնակցական բաներ էր անում, որից հետո իրան հանեցին՝ գնաց»:
Պավլիկ Մանուկյանը հորդորեց ճշմարտությունը հարցնել ուրիշներից. «Կարող եք հարցնել Կոստանյան Գեւորգից, նա էլ է մեր զինվորը եղել: Տասնյակ երեւելի, ճանաչված մարդիկ կան, իմ մասին էլ կխոսեն, իր մասին էլ: Բայց իմ մարտական ուղին ես մի օր կարող եմ տալ ձեզ հակիրճ, մնացածը կներկայացնեք Մելքոնյան Գագիկին, այդ ժամանակ պահանջեք նաեւ իր մարտական ուղին»:
Գագիկ Մելքոնյանը հորդորում էր, որ Պավիկ Մանուկյանը ասի, թե ՊՊԾ գունդը ժամանակին ում հրահանգով են գրավել. «Հիմա Պավլիկը եւ պավլիկները, որ գնացին ՊՊԾ գունդը գրավեցին՝ ո՞ւմ հրահանգով են արել: Թող իրանք կանգնեն ասեն, թե ում հրահանգով են դա արել: Ո՞նց հասկանանք, որ 3 մարդ էր մնացել ՊՊԾ գնդում, երբ որ այդքան զենք կար ու իրենք գնացին, հենց այդ 3 մարդուն խփեցին, սպանեցին ու գունդը գրավեցին…»:
Պավլիկ Մանուկյանը արձագանքեց. «Էդ ճիշտ է ասում, ինքը կարող է այդ հարցը Նիկոլին էլ տա: Ես ոնց նայում եմ, այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի, Նիկոլի եւ Սերժի կապերը շատ ամուր են եղել: Հիմա բոլորն ինձ մեղադրում են, որ Ժիրայր Սեֆիլյանին… բա էդ ո՞նց է եղել, ախր դուք մոտ եք եղել: Ժողովո՛ւրդ, ես մի հատ ազնիվ զինվոր եմ եղել, իմ երկրի զինվորը: Ես չէի պատկերացնի, որ կարող է այդպիսի մարդիկ էլ լինեն: Քրիստոսը որ Քրիստոս էր՝ Աստծո որդին, իր 12 աշակերտներից մեկը Հուդան էր, բա ես մի սովորական գաղթական մշեցու թոռ եմ եղել, սարերում ապրած ազնիվ մի մարդ, որը ընդամենը զենքի զինվոր է եղել: Հիմա ես մինչեւ պարզել եմ ճշմարտությունը, իմ միակ առաքելությունն այն է, որ ասեմ՝ ժողովուրդ, այս Հուդայից զգույշ եղեք, նա հլը ինչեր կտապալի, մինչեւ հասնի իր 30 արծաթին: Փոխանակ դուք ինձ շնորհակալություն ասեք, հիմա նախատո՞ւմ եք ինձ: Հա, դա եղել է, բայց դա Մելքոնյան Գագոն շատ հանգիստ կարող է պարզի Նիկոլի ու Սերժի միջեւ, որովհետեւ ինքը երկու տեղում էլ եղել է, ինքը մի քանի մոր ծիծ է ծծել, էլի, խելոք գառ է, կարող է պարզի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2022