Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները» թեմայով հրատապ քննարկմանը ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթներով սուր քննադատության ենթարկեցին Ռուսաստանին։ Գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն, ներկայացնելով իր զեկույցը և անդրադառնալով Ուկրաինայում իրավիճակին, ասաց․ «Որպես գերմանացի կարող եմ ասել, որ մենք Ուկրաինային շատ զենք ենք մատակարարում։ Զեկույցում ամրագրումներ կան նաև հումանիտար ճգնաժամի հաղթահարման մասին, և պետք է ամեն ինչ անել, անհրաժեշտ հետաքննության մեխանիզմներ իրականացնել, որպեսզի պատերազմական այս հանցագործությունների համար պատասխանատվություն կրեն։ Այս զեկույցը նաև նրա մասին է, թե ով ենք մենք՝ որպես կազմակերպություն կոնկրետ իրավիճակում և ինչպես պետք է արձագանքենք»։
Պատվիրակը նաև կարևորեց այն փաստը, որ ռուսական և բելառուսական քաղհասարակությունը դուրս չմնա ԵԽ-ի տեսադաշտից, և հիմնադրամներն ու կազմակերպությունները նրանց ներգրավման հնարավորություններ ստեղծեն։ Պատվիրակների մեծամասնությունը, խոսելով քայլերի հաջորդականության մասին, փաստեցին՝ այս պահին առաջնային քայլերից է պատերազմը կանգնեցնելը։ Նորվեգիան ներկայացնող պատվիրակ Ինյերտ Շոուն փաստեց, որ Ռուսաստանը երես է թեքել եվրոպական ընտանիքից ու նշեց․ «Որպես վեհաժողով՝ մենք պետք է միասնական գործենք։ Միավորված Եվրոպայի խորհուրդն ավելի ուժեղ է»։
Ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն էլ հիշեցրեց, թե տարիներ շարունակ զգուշացնում էր, որ Պուտինը նախապատրաստում է այս պատերազմը, սակայն Վեհաժողովում շատերն ըստ նրա՝ մտածում էին, որ նա խենթ է։ Նա կարևորեց, որպեսզի Եվրոպան կոնկրետ պատժամիջոցներ ձեռնարկի ՌԴ-ի նկատմամբ․ «Դադարեք գնել ռուսական գազ և նավթ։ Դրանք լի են ուկրաինական արյունով։ Երբ դուք օրական 800 միլիոն եվրո եք վճարում ռուսական վառելիքի համար և այդ գնումներում առաջին հորիզոնականում է Գերմանիան, այդ դեպքում Պուտինն այս պատերազմն իրեն կարող է ընդմիշտ թույլ տալ»։
Նշենք, որ ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում իրականացվեց նաև ընդդեմ ռուսական վառելիք գնելու ստորագրահավաք։ Ամփոփելով խոսքը՝ ուկրաինացի պատգամավորն ասաց, որ իրենց հիմա շատ զենք է հարկավոր։ ԵԽԽՎ պատվիրակներից շատերն իրենց ելույթում հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք դեմ են Պուտինի ռեժիմին, կարող են օգտվել ինտերնետից, փոխանակվել տեղեկություններով և հաջողությամբ հաստատել ՌԴ-ում այլ ռեժիմ, որը խաղաղություն կբերի։ Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները չմասնակցեցին ընդդեմ Ռուսաստանի քննարկմանը, համենայնս դեպս ոչ ելույթ ունեցողների, ոչ էլ ելույթի համար հերթագրված պատգամավորների շարքում հայ պատվիրակները չկային։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ