Մայիսի 6-ից 8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա GASTROFEST եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որի ընթացքում ավելի քան 20 մասնակիցներ, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, բնական մթերքներ և խմիչքներ արտադրողներ Հայաստանի տարբեր մարզերից հյուրերին կներկայացնեն իրենց արտադրանքը: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։
Գաստրոփառատոնը կանցնի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինի կենդանի երաժշտություն, պարի վարպետաց դասեր, ինչպես նաև գաստրոնոմիկ քվեսթ: Փառատոնի կազմակերպիչն է GotoArmenia տուրիստական նախագիծը:
Փառատոնի մասնակիցները հյուրերին կառաջարկեն ճաշատեսակների և խմիչքների հավաքածուներ, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, կպատմեն իրենց խոհարարական ավանդույթների և սեփական հեղինակային հայեցակարգի մասին:
Գաստրոնոմիկ քվեստի շրջանակներում հյուրերը կկարողանան կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները և ստանալ մրցանակներ: Փառատոնային ամեն օրն ուղեկցվելու է հայ երաժիշտների և խմբերի կողմից, այդ թվում կլինեն Միքայել Ոսկանյան, Tmbata Orchestra, Tiezerk Band, Aveluk, Rozental, Hayk Karoyi, Nick Ter-Hovhannisyan, Dave Geodakyan, Arman Peshtmaljyan և Serjo.
Կարդացեք նաև
«Կարին» պարային համույթը կանցկացնի պարի վարպետաց դասեր, որոնց ընթացքում ցանկացած հյուր հնարավորություն կունենա սովորել հայկական ժողովրդական պարեր:
Փառատոնում գործելու է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղից հնարավոր կլինի գնել 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած հեղինակային հուշանվերներն ու ձեռքի աշխատանքները:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ