Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մաղթում եմ Ձեզ, որ դուք ինչ-որ մի պահի եւ որեւիցե եղանակով դառնաք ժողովրդավարական պետություն». Վլադիմիր Վարդանյանը՝ Քամալ Ջաֆարովին

Ապրիլ 27,2022 22:22

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Նա ելույթում մասնավորապես նշել է.

«Հուսով եմ, որ պարոն Քամալ Ջաֆարովը դեռեւս այստեղ է, իսկ պարոն Սամեդ Սեիդովը, ով ելույթ կունենա ինձնից հետո եւ կխոսի իրական ժողովրդավարությունից, շատ ուշադիր կլսեն ինձ:

Ուսանողական տարիներին պատմական հետազոտություններ կատարելիս Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկի եւ Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպանի հետ ունեցած զրույցը նկարագրող փոքրիկ պատմական փաստաթուղթ ուսումնասիրելիս ֆրանսերեն մի արտահայտության բախվեցի, որը երեւի թե իմ լսած առաջին ֆրանսերեն արտահայտությունն  էր՝ “La question armenienne n’existe plus.”

100 տարի անց, այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում, ցեղասպանությունից, Հոլոքոսթից, բազմաթիվ հանցագործություններից, բազմաթիվ արարքներից հետո ի՞նչ ենք մենք լսում, ի՞նչ ենք թույլ տալիս լսել. լսել այն, թե ինչպես է պարոն Ջաֆարովը հայտարարում, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը, չգիտեմ միտումնավոր, թե ոչ, Քաղաքական կոմիտեում հայտարարեց. «Ինչո՞ւ են հայերը դեռ Ադրբեջանում»:

Ես գոյատեւում եմ, իմ ընտանիքը եւս գոյատեւում է ավելի քան 100 տարի: Այո՛, դիպուկ էր նշված, որ բոլորը ծնվում են հավասար, բայց նրանցից միայն քչերն են վիճակախաղում շահում եւ ծնվում հարուստ եւ առողջ հասարակություններում կամ առողջ ու հարուստ ընտանիքներում:

Ես հասկանում եմ պարոն Ջաֆարովի դիրքորոշումը՝ նա չի ուզում ճանաչել հայերի գոյությունը, որը լուրջ խնդիր է իր համար: Ես կցանկանայի դիմել Ձեզ, պարոն նախագա՛հ, պարոն Ջաֆարովի ելույթը լոկ ազատ քննարկումների ժամանակ արտաբերած խոսք չէր, դա ելույթ էր քաղաքական խմբի անունից: Մի՞թե մեզ համար դեռ ընդունելի է նման վարքագիծը:

Պարոն Ջաֆարով, ես չեմ կարող մեղադրել Ձեզ կամ քննադատել Ձեզ, քանի որ Դուք, ցավոք, չգիտեք, թե ինչ է ժողովրդավարությունը: Դուք ծնվել եք մի երկրում, որը ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի: Երբ Դուք հասկանաք, տեսնեք, թե ինչ է իրական ժողովրդավարությունը, Դուք կհասկանաք, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոյություն ունի, որ Ադրբեջանը գոյություն ունի, որ Հայաստանը գոյություն ունի, որ Թուրքիան գոյություն ունի, եւ մենք կարող ենք միասին ապրել խաղաղ ժողովրդավարության պայմաններում: Ժողովրդավարությունն է դրա բանալին:

Ես մաղթում եմ Ձեզ, որ դուք ինչ-որ մի պահի եւ որեւիցե եղանակով դառնաք ժողովրդավարական պետություն»,- ելույթում ասել է Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930