Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթուղին ընթացավ Մաշտոցի պողոտայով, Պարոնյան, Պռոշյան փողոցներով դեպի Բաղրամյան պողոտա:
Կառավարական առանձնատների մոտ երթի մասնակիցները մի պահ կանգ առան ու հայտարարեցին՝ ժամանակին Փաշինյանն ասում էր, թե կարող եմ հանգիստ ժողովրդի հետ քայլել, իսկ այսօր հազարավոր ոստիկանների պատի հետեւում է թաքնվում:
Կարդացեք նաև
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը երթի ժամանակ դիմեց քաղաքացիներին՝ մատնացույց անելով մոտակա արագաչափը. «Սրանք ի՞նչ էին խոստանում, թե գալու ենք, արագաչափերը հանելու ենք: Այս արագաչափերը Նիկոլ Փաշինյանի տված ու չիրականացված խոստումների հավաքական կերպարն է: Ինչպես արագաչափերը շատացան, այդպես էլ շատացան կամերաները, տուգանքները բարձրացան: Ասում էր՝ լափել են, թալանել են, բա եկար իշխանության, լույսը էժանացրի՞ր, թե՞ թանկացրիր: Եկար իշխանության, գազը էժանացրի՞ր, թե՞ թանկացրիր: Հա՛յ մարդ, դու լա՞վ ես ապրում, թե՞ չէ: Ուրեմն լավ չես ապրելու էնքան, քանի սրանք իշխանության են»: Նա հորդորեց դուրս գալ փողոց. «Թարգե՛ք այդ բեսեդկաներում զրույցները, նարդիի շուրջ իշխանությանը հայհոյելը, դո՛ւրս եկեք, եկեք այստեղ, միացե՛ք, որովհետեւ օրեր հետո այս իշխանությանը ճամփելու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ