«Օրեր հետո Նիկոլի հրաժարականը լինելո՛ւ է, որեւէ մեկը թող դրանում մի վայրկյան չկասկածի»,- ահա այսպիսի գնահատականներով այսօր ընթացավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթը:
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով «Առանց թուրքի Հայաստան», «Հայեր, միացեք» կոչերով շարժվեցին դեպի Պարոնյան-Լեո խաչմերուկ:
Նրանք կանգ առան այն հատվածում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջը:
Երթի մասնակիցները մոմավառություն իրականացրեցին ու հորդորեցին աղոթել վթարի ենթարկված կնոջ ու նրա չծնված երեխայի հոգու հանգստության համար:
Սոս Հակոբյանը երթի ժամանակ ասաց. «Հայաստանից վերջին տարում անվերադարձ դուրս է եկել 72 հազար քաղաքացի, հայ ժողովրդի պարտքը աճել է գրեթե կրկնակի, ոչ աշխատավարձ, ոչ թոշակ չի բարձրացել: Հայն ապրում է ավելի վատ ու վտանգավոր պայմաններում, սահմանապահ ժողովուրդը ամեն օր կորցնում է կյանքեր, ապրում թշնամու ուղիղ նշանառության տակ: Այս դեպքում կա մեկ լուծում՝ Հայաստան, ոտքի, Արցախ, ոտքի, հայ ազգ, ոտքի՛: Այս անգամ գնում ենք մինչեւ վերջ՝ վճռական պայքարի: Իշխանափոխությունը շատ կարճ ժամանակում լինելու է հաղթական ավարտով: Մենք ունենալու ենք անվտանգ, զարգացող Հայաստան, անվտանգ, ուժեղ ու ինքնիշխան Արցախ եւ ապրելու ենք առանց թուրքի»:
Արթուր Վանեցյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Արցախը մեր դարպասն է, առանց Արցախի Հայաստան չի կարող լինել: Արցախը մեր արժանապատվությունն է»: Ըստ նրա, մարդիկ միանում են իրենց երթին ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես հայրենիքի ու հայրենասիրության գաղափարից ելնելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ