Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրենք վախենում են Արցախ մտնել, մեզ ասում են՝ գնացեք Արցախ կռվի»․ Կարին Տոնոյան

Ապրիլ 27,2022 21:55

«Առանց Նիկոլ Հայաստան, առանց Նիկոլ Հայաստան»,- այս վանկարկումով երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրից Արցախի 40 մետրանոց դրոշով երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։

44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, «5165 շարժում» կուսակցության համահիմնադիր Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Արցախի դրոշը մենք դարձրել ենք մեր պայքարի խորհրդանիշ, որովհետև մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար։ Սրանով ուզում ենք բոլորին ցույց տալ, որ Արցախը Հայաստանն է, և յուրաքանչյուր հայի պարտքն է պայքարել հանուն Արցախի և դրանով իսկ ապահովել ՀՀ անվտանգությունը։ Յուրաքանչյուր գիտակից մարդ գիտակցում է, որ Արցախի կորստից հետո գալու է Զանգեզուրը, Վայոց ձորը, գուցե Գեղարքունիքը, և ի վերջո Հայաստանի վերջն է այդ ամենից հետո գալու։ Մենք Արցախի դրոշը դարձրել ենք ամբողջ ՀՀ-ի խորհրդանիշ։ Որևէ տարբերություն  չկա՝ ընտանիքի անդամներից ով է վտանգված։ Եթե ընտանիքն ամուր ու կուռ է, յուրաքանչյուր անդամի համար պետք է ամբողջ ընտանիքով պայքարեն»։

Կարին Տոնոյանն ասաց, որ իր կերպարով ուզում է մարդկանց կոչ անել, որ դուրս գան պայքարի։ Նա հայտարարեց․ «Եթե ոչ մի բան չեք զգում հայրենիքի, Արցախի նկատմամբ, գոնե տղաների հանդեպ ձեր պարտքը կատարելու համար դուրս եկեք։ Դուրս եկեք պայքարի Արցախի համար, որովհետև Արցախը հայկական պահելով, հետո միացնելով Հայաստանին՝ մենք մեր տղաների վրեժը պիտի հանենք ու նրանց զոհաբերությունն անիմաստ չթողնենք։ Սա իմ որդու ու հայրենիքի համար իմ սրբազան կռիվն է»։

Դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչները Երևանում ցույց անողներին հաճախ ասում են՝ գնացեք Արցախում պայքարեք Արցախի համար, Կարին Տոնոյանն այսպես արձագանքեց․ «Մենք մեր զավակներին արդեն տվել ենք Արցախի համար։ Եթե հանկարծ Արցախում իրենց ձեռքով պատերազմ սկսվի, ապա ես լինելու եմ այնտեղ՝ առաջին շարքում։ Մենք մեր կյանքով ցույց ենք տվել դա։ Ո՞վ է գոռում՝ բռնեք գողին․ իշխանությունը թող նախ իր օրինակով ցույց տա։ Վախենում են Արցախ մտնել, մեզ ասում են՝ գնացեք Արցախ կռվի։ Էդ իշխանություններից մենք մինչև կոկորդ կուշտ ենք, և բարի կլինեն լքել մեր հայրենիքը, թող մենք որոշենք՝ ինչպես, որտեղ ենք կռիվ տալիս և հաղթանակն ինչպես ենք կերտում»։ Կարին Տոնոյանը հստակեցրեց՝ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի՝ որպես պետական դավաճան, հանցագործ։

«5165» շարժման հիմնադիր անդամ, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ պահանջում են իշխանությունների հրաժարականը․ «Այլևս չի կարելի ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել, որովհետև սա են փորձում հասարակությանը համոզել, որ 2021-ի ընտրություններից հետո ամեն ինչ կարգին է, ստացել են մանդատ, որը փաթեթավորում են՝ որպես Արցախի հանձնման մանդատ։ Մենք դուրս ենք եկել պայքարելու հենց այդ քաղաքականության դեմ, քանի որ որքան երկար է շարունակում այս իշխանությունը մնալ, վնասները մեր պետականությանը և պետությանը խորանում են»։

Այն քննադատություններին, թե գնացեք Արցախում պայքարեք Արցախի համար, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց․ «Քաղաքականությունը որոշվում է Երևանում, պայքարն էլ Երևանի փողոցներում է տեղի ունենում։ Այդ հեքիաթները պիտի գնան, պատմեն նրանց, որոնք չեն հասկանում»։

Երթի մասնակիցները, հասնելով Պարոնյան- Լեո խաչմերուկ, մեկ րոպե լռությամբ հարգեցին մահվան ելքով վրաերթի ենթարկված 29- ամյա հղի Սոնա Մնացականյանի հիշատակը։

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930