Այսօր երեկոյան Գարեգին Նժդեհի» հրապարակից դեպի Ազատության հրապարակ երթով շարժվեցին հազարավոր քաղաքացիներ: Երթը կազմակերպել էր «Զարթնիր Լաո» դիմադրության շարժումը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս պայքարը հանուն Արցախի ու հանուն Հայաստանի է. «Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք՝ դուրս եկեք փողոց՝ մեկ անգամ եւ վերջնական, դրանից հետո մեր բոլոր խնդիրները լուծվելու են: Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել: Երեկվա վրաերթի ենթարկված քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»:
Իշխան Սաղաթելյանը հավաստիացրեց, որ այս պայքարից հետքայլ եւ նահանջ չի լինելու. «Ձեզ հուսախաբ չենք անելու, մինչեւ վերջ միասին գնալու ենք»:
Ցույցի մասնակիցները վանկարկեցին՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»:
Կարդացեք նաև
Քայլերթի ընթացքում քաղաքացիները պատշգամբներից ողջունում էին երթի մասնակիցներին: Իշխան Սաղաթելյանը «դիտորդ» քաղաքացիներին նույնպես հրավիրում էր երթին մասնակցելու:
Ապա հնչեց «Զարթնիր Լաո» հայտնի երգը սակայն փոխված բառերով՝ «Նիկոլ կուզե ջնջել մեզի, զարթնիր Լաո մեռնիմ քզի»:
Երթի կազմակերպիչներից մեկն ասաց՝ «4 տարի առաջ իշխանության եկած այս չարիքը պետք է հեռացվի իշխանությունից, Արցախն ու Հայաստանը պետք է շտկեն մեջքը»:
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ողջունել այն քաղաքացիներին, որոնք հետեւում են քայլերիթին իրենց պատուհաններից, ի պատասխան՝ երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ դավաճան»:
Մեկ այլ մասնակից ասաց՝ այս պայքարը յուրաքանչյուրինս է, այն պետք է դառնա համահայկական ու համազգային. «Ցանկացած պայքարի հիմքում ընկած է միասնականությունը, իսկ մենք միասնական ենք: Մեր պայքարը Նիկոլի դեմ չէ, Նիկոլն այլեւս չկա, մեր պայքարը հայրենիքի համար է, Արցախի համար է, մեր փառահեղ զոհերի համար է, նրանց պայքարն անկասելի է, թուրքը չի մտնելու Հայաստան, պատահական մարդիկ այլեւս չեն ղեկավարելու Հայաստանը: Մենք հաղթելու ենք մեր ներքին թշնամուն, այնուհետեւ հաղթելու ենք արտաքին թշնամուն»:
Երթը հսկում էին հարյուրավոր ոստիկաններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ