Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. մարզի տարածքում կատարված ավտոպատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում նաև մահվան ելքով կամ երթևեկության մասնակիցների մոտ մարմնական վնասվածքների առաջացմամբ զուգորդված դեպքերը, դրանց պատճառները, նպաստած պայմանները:
Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների, երթևեկության հանցավոր խախտումների կատարմանը, բացի վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումը, նպաստել են նաև համայնքային, միջհամայնքային ճանապարհներին երթևեկության նկատմամբ ոչ բավարար հսկողությունը, ոստիկանության վերակարգերի արդյունավետ տեղաբաշխման հետ կապված որոշակի խնդիրները, ինչպես նաև երթևեկության անվտանգության համար նախատեսված միջոցներով ճանապարհների ոչ պատշաճ և ոչ լիարժեք կահավորումը:
Մասնավորապես, արձանագրվել են խնդիրներ՝ կապված տեսախցիկներով հագեցման, ռիսկային ճանապարհահատվածներում երթևեկության նշանների առկայության կամ տեսանելիության, գծանշումների չթարմացման հետ:
Ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ Լոռու մարզի դատախազությունում մանրամասն, ըստ կոնկրետ պատճառների, քարտեզագրվել էին տարվա ընթացքում տեղի ունեցած՝ ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը: Դրա հիման վրա միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին և ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին՝ իրենց լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Միջնորդագիրը, ուսումնասիրության և քննարկման առարկա է դարձել, մասնավորապես, ՀՀ տարածքային ենթակառուցվածքների նախարարությունում: Ըստ նախարարությունից մարզի դատախազություն ստացված գրության՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհային անվտանգության մասնագետների հետ համատեղ իրականացվել է ակնադիտական ուսումնասիրություն և միջնորդագրով բարձրացված խնդիրների մասով նախատեսվել են կոնկրետ միջոցառումներ:
Մասնավորապես, նախատեսվել է 2022թ. Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կոնկրետ տեղանքում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, որի շրջանակներում կբարելավվեն ճանապարհային երթևեկության կահավորանքի միջոցները։
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի կոնկրետ հատվածում արդեն իսկ ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, տեղադրված են ժամանակավոր ճանապարհային նշաններ։
Բացի այդ, կառավարության համապատասխան որոշմամբ Վանաձոր քաղաքի տարածքում գտնվող` ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների միայն երթևեկելի մասում իրականացվում են ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներ, որոնք ուղղված են նաև այդ հատվածներում երթևեկության անվտանգության ապահովմանը:
Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունների կողմից կիրականացվեն գունաթափված կամ վնասված ճանապարհային նշանների, ճանապարհային ցանկապատերի վերականգնման աշխատանքներ: Իսկ նոր ճանապարհային ցանկապատերը կտեղադրվեն հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան։
ՀՀ դատախազություն