«Գնացել Սերժ Սարգսյանի տունը ապրում է, եսիմ քանի մլն դոլար տվել է վերանորոգման համար, ամսական սպասարկման ծախսը այդ տարածքի համար, որտեղ ապրում է իր ընտանիքը, Արարատ Միրզոյանի ընտանիքը եւ 5 շուն, մեր պետությունը ծախսում է ամսական 90 հազար դոլար: Իր այդ տունը, որտեղ ինքը ապրել է մինչեւ վարչապետ լինելը՝ 3-րդ մասում, հիմա որ ծախես, 90 հազարով չես ծախի: Բայց ամիսը 90 հազար ծախսում են, որ ինքը էլի իրա նույն ընտանիքով՝ Աշոտը շալվարը դնի նասկիների մեջ, էդ տանն ապրի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը:
Հարցին՝ երբ որ դուք բարձրախոսով շրջում էիք բուհերի տարածքում, ուսանողներին կանչում էիք պայքարի, իշխանամերձ հատվածից համացանցում այդ լուրերի տակ մեկնաբանություններ էին թողնում, որ ուսանողին «գռփում» էր, «փողով էր ստուգարք նշանակում», այսինքն, փորձում են ներկայացնել, որ դուք կաշառակեր, կոռումպացված եք եղել, ո՞նց եք արձագանքում այդպիսի գնահատականներին՝ նա պատասխանեց. «Հիմնականում մեծ մասը ֆեյքեր են: Հայտնի է չէ՞, որ իշխանական շրջանակները պահում են ֆեյքեր: Երկու համակարգիչ է ասենք դրած, մի հոգին մոտավորապես 40 ֆեյք է ունենում, copy-paste են անում տարբեր գրառումների տակ: Մի մասը նայում ես՝ մարդ է, թոռան հետ նկարվել է, կամ՝ կնիկ է հիմնականում ու մի հիմար հայհոյանք ու վիրավորանք՝ առանց որեւէ բացատրության, հիմնավորման: Շտամպ ունեն՝ թալանին հա թալանին: Թալանն ի՞նչ է՝ միջոցների յուրացումն է, անտեղի ծախսն է: Այսքան ժամանակ կպել են էդ խեղճ Սաշիկին: Մինչեւ հեղափոխությունը սաղս գիտեինք, որ օրինակ ձեր այս միկրոֆոնի կեսը Սաշիկինն էր, սաղիս զգացողությունները, պատկերացումներն այդպես էր: Հիմա եկել են, Սաշիկից ոչ մի բան չեն բռնել, տարիներն անցել են՝ ոչ մի բան չեն բացահայտել: Ինչ ասել էին, թե՝ արագաչափերն իրենն է, կարմիր գծերը, իրենք իրենց բերանով ասեցին, որ նման բան չի եղել: Հիմա Նիկոլ Փաշինյանի կինը իր ամուսնու՝ վարչապետ դառնալուց հետո բացել է «Իմ քայլը» հիմնադրամը, որտեղ կարճ ժամանակահատվածում հավաքվել է մի քանի մլն դոլար փող: Խե՜ղճ Սաշիկ: Եթե նա էլի մի երկու կոպեկ աշխատել է 30 տարվա ընթացքում, սա՝ 2 տարում, մի օրում ու նայում ես դոնորները՝ կա՛մ մեզ հայտնի գործարարներն են, կա՛մ անանուն: Օրինակ, 2021-ին «Իմ քայլը» հիմնադրամը ունեցել է 301.455 դոլարի հանգանակություն, որից 300 հազարը մի հոգի է, այն էլ՝ անանուն: Հիմա դուք պատկերացնում եք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, մի մարդ տանի 1 դոլար կտա՞: Ես չեմ պատկերացնում նման բան: Դրանից մեծ կոռուպցիա, դրանից մեծ թալան էլ ո՞րն է լինում»:
Էդգար Ղազարյանը իշխանական կոռուպցիայի օրինակներ մատնանշեց. «Գնացել բացահայտում են՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, որը եղել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ ճանապարհաշինության գծով, հետո վարչապետի խորհրդական, ունի մի հատ ճանապարհաշինական ընկերություն, որի 88%-ի տերը ինքն է, հիմա ինքը պաշտոնյա է, լիազորագրային կառավարման հանձնել է իր կնոջը ու այդ ընկերությունը, առանց մրցույթի, բոլոր ճանապարհների կառուցման 5%-ի գումարը մեկ աղբյուրից գնման եղանակով տալիս են այդ մարդուն: Այսինքն, կառավարությունում հա՛մ աշխատավարձ է ստանում որպես պաշտոնյա, հա՛մ իր ընկերությունը առանց մրցույթի բոլոր ճանապարհների 5%-ի փողը նստում է իր հաշվի վրա: Խե՜ղճ Սաշիկ, էդ մարդու անունը հելավ, ոչ կարացան մեղադրեն, տանեն, այսքան ժամանակ 30 մլն դոլար է Ալեքսանդր Սարգսյանը տվել Ղարաբաղին, այն էլ՝ ոչ թե դատարանի որոշումով, այլ ասում է՝ թողեք, ինձնից հեռու գնացեք, տվել ու գնացել է»:
Կարդացեք նաև
Որպես կոռուպցիայի եւս մեկ օրինակ` Էդգար Ղազարյանը հիշեցրեց. «Ալեն Սիմոնյանի եղբայրը ղեկավարում է, տնօրեն է մի ընկերության, որը հիմնադրվել է 2020 թվականին, հիմնադիրն իր տատիկն է՝ 68 տարեկան, ապրում է Արագածոտնի մարզում ու այդ նոր ստեղծված ընկերությունը շահում է ճանապարհաշինական տենդերներ: Իրենք ինչով են գլուխ գովում, որ արտաքին պարտք են վերցնում, ճանապարհ են կառուցում: 5 մլրդ-ով ավելացրել են արտաքին պարտքը, 6 մլրդով վերցրել են, սարքել են 10 մլրդ-ից ավելի, այն էլ տալիս են ճանապարհաշինությանը, որը հաղթում է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ ընդամենը 50 հազար դրամ մրցակցից պակաս առաջարկով: Ու Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը դա է՝ խեղճ ախպերս տունը, տեղը, գործը թողած՝ հելել գնացել է մեր երկրի համար ճանապարհ է սարքում: Եթե հանկարծ մեկը գնում է դա բացահայտում է, ասում է՝ դա դեղին մամուլ է»:
Հիշեցնենք, որ խոսքը Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանի «Եվրոասֆալտ 1 ընկերության մասին է, որի հետ կապված բացահայտվել էր, որ 140 մլն դրամից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատերը 65-ամյա, առողջական խնդիրներ ունեցող միայնակ կին է: Այն ժամանակ Ալեն Սիմոնյանն այս մասին լրագրողների հարցին այսպես էր արձագանքել. «Դեղին մամուլի հարցերին, դեղին հարցերի ես չեմ պատասխանում»: Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ «Եվրոասֆալտը» 400 մլն դրամի հասնող մրցույթում 50 հազար դրամով ավելի էժան գին է ասել, քան մրցակիցները։
Ալեն Սիմոնյանի 68-ամյա տատի՞կն է հիմնադրել տենդերներ շահող այդ ընկերությունը, թե՞ չէ, պարզաբանում խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից: Նա պատասխանեց հումորով. «Մենակ այն, որ այդ տատիկը 68 տարեկան է, նա չի կարող Ալեն Սիմոնյանի տատիկը լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ