Լրահոս
Օրվա լրահոսը

2 ամյա աղջկան գետն էր գցել աշխատանքի չընդունվելու պատճառո՞վ. մանրամասներ

Ապրիլ 27,2022 17:50

Aravot.am-ին հայտնի է դարձել երկու ամյա աղջկան նախօրեին Դեբեդ գետը գցելու ներկայացված դրդապատճառը:

Երեխայի մայրը, որը մեղադրվում է երեխայի սպանության փորձի համար, մեր տեղեկություններով, հարցաքննվելիս պատմել է, որ երեխան իրեն միշտ խանգարել է, ինքը մշտապես ցանկացել է նրանից ազատվել:

Նա պատմել է, որ չի կարողացել երեխայի պատճառով աշխատանքի տեղավորվել, երեխայի պատճառով խնդիրներ է ունեցել երկրորդ ամուսնու հետ, վերջինս պարբերաբար դժգոհել է, որ երեխան իրենց խանգարում է: Երեխան այդ կնոջ առաջին ամուսնուց էր:

Հիշեցնենք, որ 2 ամյա երեխային գետը գցել էր 31 ամյա մայրը: Երեխային գետից դուրս է հանել որոնողական խմբին միացած մի քաղաքացի:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում. 911 ծառայությունից հայտնել են, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։ Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը:

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության որոնողափրկարարական միջոցառումներին միացել են ոստիկանության աշխատակիցներ, նաև՝ տեղի բնակիչներ։ Ժամը 18.30-ի սահմաններում, մոր նշած վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դեբեդ գետում որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացին հայտնաբերել է անգիտակից աղջնակին։ Նա տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, ապա՝ Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, և ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Որոնողափրկարարական աշխատանքի բարեհաջող ավարտից հետո էլ, սակայն, ոստիկանների միջոցառումները չավարտվեցին։ Հարկավոր էր ճշտել միջադեպի բոլոր հանգամանքները. և ճշտեցին։

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ին, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից բաժին բերման ենթարկվեց երեխայի մայրը։ Նա հաղորդում տվեց, որ ժամը 17.10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը: Այնուհետև նրան են մոտեցել պատահական անցորդներ, որոնց նա հայտնել է, թե երեխան ընկել է գետը։ Այդ անձինք էլ ահազանգել են 911։

Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Մայրը ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930