«Հայելի» ակումբում «Ցոր զորամասի գործով»՝ Դ-20 դիվիզիոնի, զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձավ 2021թ-ին հարուցված քրեական գործով նոր զարգացումներին, հանրապետության դատախազության պաշտոնական հաղորդագրությանը: Նրանց գործը ծնողների դիմումների հիման վրա է հարուցվել, երեխաները՝ տուժող, ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ:
Փաստաբանն իր խոսքը սկսեց հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ»:
Լիպարիտ Սիմոնյանն հարցրեց. «Առավոտյան մի ինֆորմացիա եղավ՝ գլխավոր դատախազի մամուլի խոսնակի կողմից ու այն միտքն էր, թե քանի որ ծնողները դիմել էին, հետեւապես ծնողներին ճանաչեցինք տուժողի իրավահաջորդ: Ինչո՞ւ պատերազմի ժամանակ զոհված նաև վիրավոր զինծառայողները մինչ օրս տուժողներ չեն ճանաչվել: Պարտադի՞ր էր, որ հարազատները դիմեին տուժող ճանաչելու համար, որ նման որոշում կայացվեր: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածում նման պայման առկա չէ: Ունենք նաեւ պատերազմի ժամանակ վիրավոր անձինք պատերազմի ժամանակ: Եթե քրեական գործը սանձազերծված պատերազմի համար է հարուցվել, ապա վիրավորները ինչո՞ւ չեն ճանաչվել»:
Իրավահաջորդների ներկայացուցիչը հիշեցրեց, որ այս գործով կա մեղադրյալ՝ շտաբի պետը, որն ըստ փաստաբանի՝ «փախել է մարտի դաշտից», գործն ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա իրենց միջնորդությունից հետո գործը տեղափոխվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Կարդացեք նաև
Փաստաբանն ասաց նաեւ, որ իրավահաջորդները սպասում են, որ այլ անձինք էլ կներգրավվեն՝ ենթադրյալ հանցագործությունը կատարողներից, մասնավորապես, Ջալալ Հարությունյանը, այլ անձինք:
ԱԺ-ում ապրիլի 13-ին վարչապետի հարցուպատասխանից հետո փաստաբանն ասաց, որ իրեն զանգել են զինծառայողների ծնողները, որպեսզի հաղորդում ներկայացվի հանցագործության մասին, ապրիլի 18-ին ներկայացվել է, եւ 300 անձ միացել է ստորագրահավաքին:
Նա հրապարակեց Փաշինյանի ԱԺ-ում հնչեցրած «ինքնախոստովանությունից». «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետեւ կվնասեմ ապագա բանակցություններին»:
Ըստ իրավահաջորդների ներկայացուցչի՝ «Նիկոլ Փաշինյանն նախապես կանխատեսելով պատերազմի հետեւանքները՝ իր անգործությամբ դրդել է Ադրբեջանին սանձազերծել պատերազմական գործողություններ, որի հետեւանքով զոհվել են 3800-ից ավելի անձինք, գերեվարվել , վիրավորումներ են ստացել, հաշմանդամ դարձել տաս հազարից ավելի քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ ունեցել ենք տարածքային կորուստներ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ