Սոցցանցերում լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երեւում էր, թե ինչպես են Կոմիտաս -Գյուլբենկյան խաչմերուկի վրա ոստիկանները բիրտ ուժ կիրառել հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի նկատմամբ, երբ վերջինս փորձել է իր աջակցությունը հայտնել անհնազանդության խաղաղ ցույց իրականացնող երիտասարդներին։
«Ուսանողները եկել էին մեր կենտրոն, մեր գրասենյակ, որտեղ ողջ օրը ուսանողների եւ երիտասարդների հետ եմ անցկացնում: Խեղճ երեխեքը փորձել էին փողոց փակել, եկել-լցվել էին ոստիկանները, շրջապատել էին շենքը: Ես իջա ներքեւ, տեսնեմ` ի՞նչ է կատարվում, տեսա քաշքշում են, որ մեքենա նստեցնեն ու տանեն, փորձեցի դեմն առնել, միջամտել, բայց մի քանի հոգու, այնուամենայնիվ, տարան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայկազուն Ալվրցյանը:
«Դրանք (ոստիկանները-Գ.Հ.) մեկ հոգու վրա տասը հոգով հարձակվում են… Ինձ էլ քաշքշեցին, բայց դե դրանց ի՞նչ բացատրես, չկարողացա կասեցնել, որ երեխեքին չտանեն»,-ասաց հայագետը:
Ինչ վերաբերվում է այսօրվա երիտասարդներին, նրանց մասին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավարն այսպես արտահայտվեց. «Չտեսնված երիտասարդներ ունենք` եւ պինդ են, եւ գաղափարական են, եւ նվիրյալ: Քիչ առաջ էլ ցույցից ոմանց ձերբակալել ու տարել են…
Կարդացեք նաև
Այնպես հուսադրում են ինձ մեր երիտասարդները: Ամենակարեւորը երբեք ապրիորի բաներ չեն անում, որովհետեւ գաղափարական դաստիարակություն ունեն, ինչն իրենց ուղղորդում է, մոտիվացնում, իրենց պայքարին իմաստ է հաղորդում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ