Տավուշի մարզում եւս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր քայլերթ է իրականացվում։ Ցուցարարները «զարթիր լաո» երգով շարժվում են Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհով։ «Մեզ այսօր միացան նաեւ Վանաձորից։ Ճանապարհին մարդիկ անընդհատ կանգնում են, ողջունում։ Նոյեմբերյանի արժանապատիվ ընկերները եւս մեր հետ են քայլում։ Տրամադրությունը մարտական է, շատ ենք ոգեւորված։ Ինչպե՞ս չոգեւորվենք, երբ քայլերթին միացած ամենատարեց ընկերը 75 տարեկան է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Քայլերթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ դիմեց հանրությանը․ «Եկել է պահը, երբ այլեւս լռելու իրավունք չունենք։ Հիմա շատ ավելի շատերն են այդ կարծիքին, քան կպատկերացնեիք։ Պարտավոր ենք փոխել այս իշխանությանը՝ ի շահ մեր պետականության եւ Արցախի»։
Դիլիջանի թունելն անցնելուց հետո ցուցարարներին անակնկալ են մատուցել Սեւանից եկած քաղաքացիները՝ սպասելով եւ դիմավորելով նրանց «միացում» կոչերով։
Ասպրամ Կրպեյանը շեշտեց, որ պայքարը հանուն հավերժական Հայաստանի է, ճանապարհը՝ պարտավորեցնող։
Կարդացեք նաև
Երթի ամենաերիտասարդ մասնակիցը Նարեկն է, որը Դիլիջանից է միացել։ Նա Քարվաճառից է, ընտանիքով այժմ Դիլիջանում են ապրում․ միացել են դիմադրության շարժմանը, իսկ Նարեկը խոստացել է, որ մինչեւ Երեւան քայլելու է։
Ավելի ուշ հասնելով Սեւան՝ Ասպրամ Կրպեյանն ավանդույթի համաձայն ցուցանակին Արցախի դրոշ փակցրեց։ Նա նաեւ ուղիղ եթերում ցավակցեց երեկ վրաերթի ենթարկված կնոջ ընտանիքին․ «Վստահ եմ, որ միասին ենք հաղթահարելու այս ամոթի, անարգանքի շրջափուլը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ