Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքիայի տեսակետից Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու հնարավորություն է»

Ապրիլ 27,2022 17:14

Հայաստան-Թուրքիա, ըստ էության, մեզ համար գաղտնի բանակցությունները շարունակվում են: Որքանո՞վ են Հայաստանի եւ Թուրքիայի ակնկալիքները համարժեք այդ բանակցություններից: Այդ հարցը լրատվամիջոցների հետ «Փաստարկ» ակումբում քննարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի եւ Հայաստանի մոտեցումները, թե ինչ է նշանակում հարաբերությունների կարգավորում, տարբերվում են: Թուրքիայի տեսակետից դա ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ եւ սահման է, այլ նշանակում է, որ Թուրքիան հնարավորություն է ստանում Հայաստանի նկատմամբ ուժեղացնել իր ճնշումը: Թուրքիայի համար շատ կարեւոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում: Ճիշտ է, դրան միանգամից չի կարող հասնել, եւ նրանք գուցե դա լավ հասկանում են, բայց հարաբերությունների կարգավորում հենց դա է նշանակում:

Մի հանգամանք էլ կա, որը կարեւոր է այսօրվա Թուրքիայի համար: Դա Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է: Ակնհայտորեն, մանավանդ վերջին շրջանում, Թուրքիան տարածաշրջանում վարում է մի այնպիսի քաղաքականություն, որի աշխարհաքաղաքական նշանակությունը կայանում է նրանում, որ Թուրքիան տարածաշրջանը դիտարկում է որպես մի այնպիսի տարածաշրջան, որտեղ ինքը պետք է լինի ուժի միակ կենտրոնը: Այսինքն, Թուրքիան Հարավային Կովկասում վարում է իր ազդեցության ուժեղացման քաղաքականություն: Իհարկե, այդ քաղաքականությունը Թուրքիան վարել է տարիներ շարունակ ու դա նոր չէ: Բայց մասնավորապես Արցախյան վերջին պատերազմից հետո, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը ներգրավվել է Ուկրաինայի հետ հակամարտության մեջ, Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր այդ աշխարհաքաղաքական գերնպատակը ավելի արագացված տեմպերով իրականացնել: Եվ հենց այս տեսանկյունից է նա դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այսինքն, այն տեսակետից, որ գործընթացի արդյունքում, եթե այն ավարտվի այնպես, ինչպես Թուրքիան է նախատեսել, նա դառնալշ տարածաշրջանում ավելի հզոր ուժի կենտրոն, իսկ հետագայում նաեւ որոշումներ ընդունող միակ կենտրոն:

Ինչ վերաբերում է Հայաստանի մոտեցումներին, դրանք ձեւակերպվել են դեռեւս 1980-ականների վերջերից: Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, այլ ոչ թե բարիդրացիական, եւ գործող սահմաններ: Բայց տեսնում ենք երկու հակադիր մոտեցում՝ Թուրքիան ինչ է ուզում եւ Հայաստանն ինչ է ուզում: Փաստորեն, Թուրքիան ավելի քիչ շահագրգռվածություն ունի այն խնդիրներում, որոնք կապված են Հայաստանի հետ:

Թուրքիայի վերնախավը իրավիճակը գնահատում է այնպես, որ Հայաստանն է ավելի շատ ձգտում: Եվ եթե Հայաստանը ուզում է իր հետ հարաբերությունները կարգավորել, ապա պետք է գնա զիջումների»,- ասաց ակադեմիկոսը:

Հարցին, թե Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրական նպատակները գիտեն բոլորը եւ միայն Հայաստանի գործող իշխանությունն է, որ դա չի հասկանում, կամ չհասկանալու է տալիս, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Բարդ հարց է: Ինքս էլ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե իսկապե՞ս իշխանությունը դա չի հասկանում, թե չհասկանալու է տալիս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930