Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզեցվել է մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության գործընթացը

Ապրիլ 27,2022 17:22

Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մայիսի 1-ից փոփոխություն է կատարվելու ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգում: Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության հերթականությունը ճիշտ կիրառելու նպատակով, ապրանքային հայտարարագրերը պետք է ներկայացնեն trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում:

Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է հայտարարագրերը ներկայացնել մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի (1 մեթոդ)  մեթոդով, իսկ 1-ից տարբերվող մեթոդով ներկայացնելու պարագայում՝ տրամադրել հիմքեր, թե ինչ տեղեկատվության հիման վրա է իրականացվել հայտարարագրումը: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայտարարագրվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ունենա փաստաթղթային հիմնավորում, սակայն հիմնավորող փաստաթղթերը մաքսային մարմիններին հարկ կլինի ներկայացնել միայն այն դեպքում, երբ ավտոմատ ռիսկերի կառավարման համակարգով հայտարարագիրը կորակվի որպես ռիսկային (ընտրվի «դեղին» կամ «կարմիր» ընթացակարգ): Այս պարագայում հայտարարատուն մաքսային մարմիններին պետք է ներկայացնի առնվազն հետևյալ փաստաթղթերը.

1.Հաշիվ-ապրանքագիր(invoice)

2.Ներմուծվող ապրանքների դիմաց վճարման մասին փաստաթղթեր (եթե այն հետաձգված չէ)

3.Վճարման հետաձգման դեպքում՝ հետաձգումը հիմնավորող փաստաթուղթ։

Կարևոր է հիշել, որ ապրանքների հայտարարագրում մաքսային արժեքին առնչվող բոլոր տեղեկությունները պետք է ունենան փաստաթղթային հավաստում, որոնք հետագայում կարող են պահանջվել մաքսային մարմինների կողմից:

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ մաքսային արժեքի որոշման գործարքի արժեքի 1-ին մեթոդից տարբերվող այլ մեթոդների ընտրության դեպքում հայտարարատուն պետք է մաքսային մարմին ներկայացնի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա  ներկայացվել է մաքսային արժեքի որոշման մեթոդը  և մաքսային արժեքի մեծությունը։

Օրինակ, մաքսային արժեքի որոշման 2-րդ մեթոդը ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պարտավոր է (համաձայն ԵՏՀ 257 որոշման) հայտարարագրի 44-րդ՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը» դաշտում լրացնել նախորդ հայտարարագրի համարը, որի հիման վրա որոշվել է մաքսային արժեքի 2-րդ մեթոդը, իսկ մաքսային արժեքի որոշման 3-րդ, 4-րդ և 6-րդ մեթոդները ընտրելու պարագայում՝ հայտարարատուն պետք  է  (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1 կետի 4 և 9 ենթակետերի և 108 հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի համաձայն) ապրանքային հայտարարագրի 44-րդ դաշտում նշի այն տեղեկությունները և փաստաթղթերը, որոնց հիման վրա որոշվել է մաքսային արժեքի մեծությունը և մեթոդը։

Կարևոր է հիշել, որ այն հայտարարագրերը, որոնք  ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կստանան «դեղին» կամ «կարմիր» ուղի միջերեսային արտացոլում, ապա հայտարարատուն պետք է ներկայանա մաքսային մարմին և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի մաքսային հսկողության: Հետագայում, ծրագրային որոշակի կարգավորումներից հետո, հայտարարատուն կարող է փաստաթղթերն ամբողջությամբ նաև ներկայացնել առցանց:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքի մեթոդով (մեթոդ 1) որոշելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում, ներկայացված տեղեկատվության արժանահավատության ստուգման համար, մաքսային մարմինները հայտարարատուներից կարող են պահանջել գործարքի արժեքը հիմնավորող հավելյալ փաստաթղթեր: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է այլ մեթոդների ընտրություն, ըստ հերթականության՝ նախորդը բացառելու սկզբունքով։

Ի դեպ, չի բացառվում, որ հայտարարատուի կողմից գործարքի գնի մեթոդից այլ մեթոդի ընտրության և հայտարարագրման դեպքում, հայտարարատուի ներկայացրած տեղեկատվությունը մի շարք օբյեկտիվ պատճառներով կարող է հիմք չընդունվել մաքսային մարմինների կողմից (քանի որ հայտարարատուն չի տիրապետում հայտարարագրված տեղեկատվությունների ընդհանուր շտեմարանին և  հիմնականում չի կարող առանց մաքսային մարմիններ հետ խորհրդակցության տիրապետել դիտարկվող ժամանակահատվածում մաքսային մարմինների կողմից ընդունված նույնական կամ համանման ապրանքների արժեքների մեծություններին և այդ մաքսային արժեքները ներկայացնող փաստաթղթերին): Նման դեպքերից խուսափելու համար, ՊԵԿ-ը տնտեսվարողներին  հորդորում է մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդով հայտարարագրելու դեպքում չներկայացնել սխալ, թերի կամ չճշգրտված տեղեկություններ։ Հակառակ դեպքում՝ հայտարարագիրը ենթակա կլինի լրացուցիչ ճշգրտման, ինչը հայտարարատուից կպահանջի հավելյալ ժամանակ և ֆինանսական ռեսուրս: Իսկ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում՝ էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման գործընթացը և տնտեսվարողը զերծ կմնա տարատեսակ անհարմարություններից:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930