Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արյունոտ» ձեռքեր՝ կառավարության դիմաց․ պատգամավորին բերանքսիվայր տարան ոստիկանական մեքենա

Ապրիլ 27,2022 17:02

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ համակիրներն այսօր կառավարության դիմաց էին եկել՝ կարմիր ներկով լի դույլով։ Երիտասարդների ձեռքին նաեւ «արյունոտ» ձեռքերով պաստառ կար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը եւ Թադեւոս Ավետիսյանը հայտարարեցին, որ խաղաղ ցույց են իրականացնում, իսկ կարմիր ներկը խորհրդանշում է կառավարության շենքում նստած մեկ անձի արյան ծարավը։

«Որտեղ գնում են, այնտեղ արյուն է, նրանց ձեռքերն արյունոտ են, եւ դա մեր արյունն է։ Երեկ մեքենայի անիվների տակ հայտնված կինը կարող էր լինել յուրաքանչյուրիս կինը կամ քույրը, դուստրը․․․Ո՞նց է ստացվում, որ ԱԺ ներխուժած երիտասարդին հանկարծ մահացած են գտնում, կամ ԱԱԾ պետն ինքնասպան է լինում, կամ զոհված հերոսների մարմինները պահվում են անմխիթար պայմաններում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նրա ելույթն ընդհատվեց, քանի որ մոտեցած կարմիր բերետավորները հորդորեցին դույլը հեռացնել հասարակական վայրից։ Ի պատասխան պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ ինքն իրավունք ունի ձեռքերը մտցնել դույլի մեջ։ Այն բանից հետո, երբ պատգամավորը ձեռքերը դուրս բերեց դույլից եւ նետվեց հատակին՝ կարմիր հետքեր թողնելով, վայրկյանների ընթացքում ոստիկանները վրա հասան, դույլը թափվեց, քաշքշուկ եղավ։

Ոստիկանները Թադեւոս Ավետիսյանին «օդի մեջ»՝ ձեռքերից ու ոտքերից բռնած, տարան ոստիկանական մեքենան։ Ավետիսյանը, սակայն, իր գործն արդեն ավարտին էր հասցրել․ հատակին մի քանի զույգ կարմիր ձեռքեր էին մնացել։

«Նիկոլ՝ մարդասպան, հայասպան»,-բղավեցին ցուցարարները՝ վերադառնալով կառավարության դիմաց։

Ուշագրավ է, որ Քրիստինե Վարդանյանից մի քանի քայլ այն կողմ հանգիստ կանգնած էր մի երիտասարդ, որի վրա հանկարծակի «հարձակվեցին» ոստիկաններն ու քաշքշելով տարան մի կողմ, հետը՝ մեկ այլ տղայի։ Երիտասարդին հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից, իսկ ահա մյուսին նրանք մի քանի հոգով տապալել էին գետնին։

Ավելի ուշ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը վերադարձավ ցուցարարների շարքերը ու հայտարարեց․ «Սա եք դուք՝ դուք ամենուր մահ եք բերում»։

Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Վարդանյանը հայտարարեց՝ նման մեթոդներով իրենց չեն կանգնեցնի, մեկին բերման ենթարկեն՝ տեղը եւս տասը կգան։

Հիշեցնենք, որ երեկ պատերազմում անմահացածների ծնողներն «արյունոտ» շապիկներ էին դրել կառավարության դիմաց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930