Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակվում են թերակատարվել. «Լույս»

Ապրիլ 27,2022 17:06

«ԼՈՒՅՍ»-ը ներկայացնում է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական առավել ուշագրավ զարգացումները՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։

🔹2022թ. հունվար-փետրվարին (մարտ ամսվա ցուցանիշը հրապարակված չէ) անվանական աշխատավարձի աճի տեմպը բարձր է եղել, սակայն իրական աշխատավարձը մնացել է նույնը

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 7.0%-ով՝ կազմելով 205,418.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 172,201.0 դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով՝ կազմելով 220,658.0 դրամ:

Միևնույն ժամանակ, 2022թ. հունվար-փետրվարին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.0%-ով, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է անվանական աշխատավարձի աճը: Արդյունքում իրական աշխատավարձը մնացել է անփոփոխ՝ նույն մակարդակում թողնելով վարձու աշխատողների կենսամակարդակը:

🔹 Պետական բյուջեի կապիտալ ծախսերը շարունակվում են թերակատարվել

2022թ. հունվար-մարտ ամիսներին իրականացվել է նախատեսված կապիտալ ծախսերի ընդամենը 57.9%-ը: Ընդ որում, կառավարությունը հենց կապիտալ ծախսերի կատարումն էր համարում բարձր տնտեսական աճի ապահովման հիմնական գործիք (քանի որ որևէ այլ տնտեսական քաղաքականության էական միջոցառում նախատեսված չէ): Հետևաբար, այս պայմաններում, երբ առկա է ևս մեկ ճգնաժամի վտանգ, կապիտալ ծախսերի թերակատարումը զգալի բացթողում է: Այս իրավիճակում, էլ ավելի է կարևորվում թերակատարման պատճառների բացահայտումն ու հնարավորինս արագ շտկումը, ինչը սակայն այդքան էլ իրատեսական չէ ներկա կառավարության գործունեության պայմաններում:

🔹Գնաճի տեմպը կրկին սկսել է արագանալ

Գնաճի տեմպը փոքր ինչ դանդաղել էր փետրվարին, սակայն մարտից սկսել է արագանալ՝ պայմանավորված մի կողմից մարտի սկզբում ՀՀ դրամի արժեզրկմամբ, մյուս կողմից համաշխարհային շուկաներում սննդի և էներգակիրների գների աճի արագացմամբ:

Չնայած մարտին ՀՀ ԿԲ-ն արդեն իսկ բարձրացրել է տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով, այդուհանդերձ միջազգային գների աճի՝ ՀՀ տնտեսություն տարածումից խուսափելը հնարավոր չի եղել: Իրավիճակի (ռուս-ուկրաինական պատերազմի շարունակման) պահպանման դեպքում գների աճի արագացումը կարող է շարունակվել նաև հաջորդ ամիսներին:

ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3vk664b

«Լույս» տեղեկատվական հարթակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930