«Շարժումը թափ է ստանում, ամեն օր մենք տեսնում ենք դինամիկա՝ դեպի զարգացում: Մարդկանց հոսքը, հետաքրքրությունը շատանում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Ըստ նրա, սկզբնական շրջանում վախի մթնոլորտ կար, մարդիկ վախենում էին թիրախավորվել սոցցանցերում ու աշխատավայրում: Իսկ հիմա մարդիկ հասկացել են, որ ժողովուրդն իր որոշումը կայացրել է:
Վանեցյանը նշեց, որ ոստիկանների մի մասն ուղղակի ստիպված է կատարել այս իշխանությունների ապօրինի հրամանները. «Ես խնդրել եմ ոստիկաններին, որ նրանք գործեն իրենց լիազորությունների շրջանակներում: Ես երեկ իմացա, որ ԱԱԾ-ի պահեստազորի միությունը կոչով դիմել է ԱԱԾ պահեստազորի սպաներին՝ կոչ անելով համախմբվել, տեր կանգնել մեր երկրին, մեր ժողովրդին ու չթույլատրել, որ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառի Հայաստանի ժողովրդի նկատմամբ: Ես խնդրում եմ իմ նախկին գործընկերներին, որոնք ոչ միայն անվտանգության համակարգից են, ոստիկանությունից, դատախազությունից են, Քննչական մարմիններից, քրեակատարողականներից, մի խոսքով, բոլոր ուսադիր կրողներին կոչ եմ անում միանալ Անվտանգության պահեստազորի սպաների միության հայտարարությանը ու փորձել միասնական գործել՝ հանուն մեր ժողովրդի ու հանուն մեր երկրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ