«ԼՈՒՅՍ»-ը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։
Այս հատվածում ներկայացնում ենք տնտեսական առավել ուշագրավ զարգացումները։
🔹ՀՀ տնտեսությունը, 2020թ. ճգնաժամից դեռևս չվերականգնվելով, կանգնած է նոր ճգնաժամի շեմին
2022թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշները բավական բարձր էին՝ պայմանավորված բազայի էֆեկտով, սակայն փետրվարից նկատվում էր աճի տեմպի դանդաղում: Իսկ փետրվարի վերջից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի բացասական ազդեցությունների ներքո կտրուկ դանդաղել է ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Այսպես՝ 2022թ. մարտին ՏԱՑ-ը կազմել է 6.7%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով շուրջ 1.5 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մարտ ամիսներին ՏԱՑ-ը կազմել է 9.6%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.7 տոկոսային կետով: Դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության և առևտրի ավելի փոքր նպաստումներով (0.8 և 2.8 տոկոսային կետ՝ նախորդ ամսվա 2.5 և 3.1 տոկոսային կետի փոխարեն):
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության ոլորտը կրկին անկում է գրանցել՝ շուրջ 5.4%-ով՝ ընդհանուր ՏԱՑ-ին ունենալով շուրջ 0.6 տոկոսային կետով բացասական նպաստում
ՀՀ տնտեսության համար արտաքին շոկեր հանդիսացող գործոններն էլ ավելի են արագացնում տնտեսության աճի տեմպի դանդաղումը: Այդ երևույթը կշարունակվի նաև հաջորդ ամիսներին: Այդ իսկ պատճառով, ինչպես ռեյտինգային կազմակերպությունները (Moodys, Fitch, S&P), այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցները (Համաշխարհային բանկ, ԱՄՀ) արդեն իսկ նվազեցրել են 2022թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 1%-ից 2% միջակայք:
🔹Արդյունաբերության ոլորտն էականորեն տուժել է արտաքին շոկի արդյունքում
Արդյունաբերության ոլորտի իրական թողարկումը 2022թ. մարտին նվազել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շուրջ 6.9%-ով, ինչի արդյունքում արդյունաբերության հունվար-մարտ ամիսներին աճը կտրուկ դանդաղել է՝ կազմելով 3.1%՝ նախորդ ամսվա 9.0%-ի համեմատ: Կտրուկ դանդաղումը կարող է պայմանավորված լինել ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ մշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների (հիմնականում ալկոհոլային խմիչքների) արտահանման խափանումներով՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմով:
🔹Ծառայությունների աճի տեմպն արագացել է՝ ինչը կարող է պայմանավորված լինել ՌԴ-ից ժամանողների քանակի աճով
2022թ. տարեսկզբից ծառայությունների աճի տեմպը բավական բարձր է եղել՝ պայմանավորված նախորդ տարվա բացասական սոցիալ-հոգեբանական միջավայրում ծառայությունների էական անկմամբ: Փետրվարից, տնտեսական աճի տեմպի դանդաղմանը զուգահեռ, նկատվել է ծառայությունների աճի որոշակի դանդաղում, որը սակայն չի շարունակվել մարտին: Դրա պատճառը ՌԴ քաղաքացիների ներհոսքն է Հայաստան, ինչը հանդիսանում է իրավիճակից բխող ՀՀ տնտեսության համար որոշակի դրական ազդեցություն: Այս պայմաններում մարտ ամսին ծառայությունների աճը կազմել է շուրջ 25.9%՝ նախորդ ամսվա համեմատ արագանալով 6.9 տոկոսային կետով:
🔹Առևտրի ոլորտի աճի տեմպը նույնպես արագացել է, ինչը ևս կարող է պայմանավորված լինել ՌԴ քաղաքացիների ներհոսքի աճով
2022թ. մարտին առևտրի աճի տեմպը փետրվարի դանդաղումից հետո սկսել է արագանալ՝ կազմելով 6.6%: Հունվար-մարտ ամիսների առևտրի աճի տեմպը, սակայն, շարունակել է դանդաղել՝ կազմելով 7.6%: Առևտրի ոլորտը նույնպես իր վրա կրել է ՌԴ-ից ՀՀ ժամանողների դրական ազդեցությունը: Սակայն, ինչպես և ծառայությունների պարագայում, այս աճերը կարող են ժամանակավոր լինել, քանի որ իրավիճակի որոշակի բարելավման դեպքում ՌԴ-ից ժամանած քաղաքացիները կարող են հետ վերադառնալ:
🔹Արտահանման աճը կտրուկ դանդաղել է՝ կրելով արտաքին շոկերի ազդեցությունները
2022թ. մարտին արտահանման աճը կազմել է 4.0%՝ փետրվարի համեմատ դանդաղելով շուրջ 7.5 անգամ: Դանդաղման պատճառը, ինչպես և արդյունաբերության անկման պարագայում, հանդիսանում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արտահանման լոգիստիկ խնդիրները:
🔹Ներմուծման ծավալների աճի տեմպը կտրուկ դանդաղել է, սակայն էականորեն բարձր է եղել արտահանման աճի տեմպից, ինչը վատթարացրել է առևտրային հաշվեկշիռը
Ներմուծման աճը 2022թ. մարտին կազմել է 22.5%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 32.6 տոկոսային կետով: Նման իրավիճակի շարունակությունը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել արտաքին կայունության տեսանկյունից:
ℹ️ Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3vk664b
«Լույս» տեղեկատվական հարթակ