Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորություն` օգտագործելու միջազգային ակտորների շահերի հատումը մեր շահերի հետ. փորձագետը ` ԼՂ հակամարտության մասին

Ապրիլ 27,2022 16:32

Ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը: Այս թեմայով «Արմենպրեսի» մամուլի սրահում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ պետք է դրական գնահատել այցը եւ ստորագրված փաստաթղթերը:

Ջոնի Մելիքյան

«Դրանք այս բարդ ժամանակաշրջանում տալիս են հնարավորություն մի կողմից անվտանգային հարցերում որոշ երաշխիքներ ստանալու եւ այդ ուղղությամբ աշխատելու, մյուս կողմից` ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը:

Մի կարեւոր կետ կար` գործարար խորհրդի մասով, մեկ այլ կետ վերաբերվում էր տարածաշրջանների միջեւ համագործակցությանը: Այս այցի շրջանակներում նաեւ փաստաթղթեր են ստորագրվել, որոնք հետագա համագործակցության ֆորմատներ են ձեւավորում, միջպետական այցեր, տարբեր նախարարությունների միջեւ համագործակցություն եւ այլն: Իմ կարծիքով, այս բարդ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին շատ կարեւոր է սթափ գնահատել իրավիճակը, աշխատել մեր գործընկերների, դաշնակիցների հետ եւ աշխատել այն ուղղությամբ, որ նվազագույնի հասցվեն բոլոր ռիսկերը, որոնք առկա են կամ կարող են ի հայտ գալ»,-ասաց նա:

Տարոն Հովհաննիսյան

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձավ փաստաթղթի` Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածին, մասնավորապես ընդգծեց համատեղ հայտարարության 24-րդ կետը. «Այնտեղ նշվում էր Լեռնային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նաեւ նշվում էր, որ այդ հակամարտությունը կարգավորված չէ, ինչը կարեւոր է այն առումով, որ Ադրբեջանը պատերազմից հետո անընդհատ փորձում է պնդել, թե չկա հակամարտություն, չկա Լեռնային Ղարաբաղ եզրույթ եւ վարչատարածքային միավոր»:

Փորձագետի խոսքով, ադրբեջանական կողմի նման հայտարարությունները որեւէ հիմք չունեն եւ արտահայտում են բացառապես ադրբեջանական կողմի ցանկությունները. «Բայց այս խոսքը կարող էր մնալ ուղղակի որպես խոսք, եթե միջազգային ներգրաված ակտորների կողմից մենք չլսեինք առնվազն հայտարարություններ կամ ընդունում, որ Արցախյան հիմնախնդիրը կա եւ դեռեւս կարգավորված չէ ու պետք է կարգավորվի…Եթե համադրում ենք Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի հայտարարությունների հետ, ստացվում է` մի կողմն ասում է իր ասելիքը, մյուս կողմն` իրենը, եւ ընդհանուր առմամբ ստեղծվում է որոշակի անորոշ իրավիճակ»:

Տարոն Հովհաննիսյանն ընդգծում է, որ այստեղ առաջին պլան է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրների կարծիքը. «Այս դեպքում Ռուսաստանը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրներից մեկն է, այլեւ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այն տարածաշրջանում լուրջ ներկայություն եւ ազդեցություն ունեցող պետություն է: Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի առկայությունը միայն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Այնպես որ, այս առումով շատ կարեւոր է, որ այդ հայտարարության 24-րդ կետում նշվեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա եւ ենթակա է կարգավորման:

Մյուս համանախագահ երկրների կողմից եւս եղել են հայտարարություններ, որ հակամարտությունը կարգավորված չէ: Սա մեզ հնարավորություն է տալիս օգտագործել միջազգային այս ակտորների շահերը եւ դրանց հատումը մեր շահերի հետ` ապագա բանակցային գործընթացում Արցախյան հիմնախնդիրը բարձրաձայնելու եւ դրա շուրջ առհասարակ բանակցություններ ծավալելու համար: Այս համատեքստում Ադրբեջանի հնարավորությունները ավելի սահմանափակվում են, եթե այս դեպքում առկա է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի խոսքն ու կարծիքը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930