Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի համար շարունակում է խիստ օրակարգային մնալ Հայոց ցեղասպանության կանխման ուղեգիծը. Արմեն Պետրոսյան

Ապրիլ 27,2022 15:56

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և ճանաչման գործընթացին առնչվող հնարավոր զարգացումների վերաբերյալ Ermenihaber.amը զրուցել է արևելագետպատմաբան, պ. գ. թ. Արմեն Պետրոսյանի հետ։

– 2021թ. ԱՄՆի նախագահի ապրիլքսանչյորսյա ուղերձից հետո, երբ մի շարք կարևոր դերակատարներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ հեռանկար եք կանխատեսում ճանաչման գործընթացի համար:

– Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի բովանդակությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի հարթություն՝ քաղաքական, իրավական, բարոյական և այլն։ Եթե թվարկվածներից առաջինը, հաճախ խարսխվելով մյուս երկուսին, առավելապես շոշափում է աշխարհի և Թուրքիայի միջև հարաբերությունների, բազմաթիվ երկրների և նրանց ազգությամբ հայ քաղաքացիների փոխառնչությունների տիրույթները, ապա գործընթացի բարոյական և իրավական կողմերը վերաբերում են հիմնականում հայ ժողովրդին, նրա երեք հատվածներին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին։ Այս տեսանկյունից, անշուշտ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և բազմաթիվ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն ընդամենը լայն շղթայի առանձին կարևոր օղակներ են՝ իհարկե տարբեր քաղաքական ազդեցության հիմքերով ու նպատակներով։ Եվ դրանք աստիճանաբար տանում են դեպի գլխավոր հանգույցը՝ միջազգային հանցագործության ճանաչումը դրա  հեղինակի իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից։

Մինչդեռ հայ ժողովրդի համար խնդիրն առավելապես բարոյական և իրավական հարթությունում է, որի վերջնանպատակն արդարության հաղթանակն է՝ ոճրագործից հանցանքի ճանաչմանը, զղջմանը և պատասխանատվությանը հասնելը։ Անշուշտ, սա չափազանց բարդ գործընթաց է, Թուրքիան բախվում ենք թուրքական սկզբունքային ժխտողականությանը, այլ բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտների, բայց դրա համար չկան ժամանակային սահմաններ։ Հայ ժողովրդի բոլոր սերունդների բարոյական պարտքն է ոգեկոչել ցեղասպանված ազգակիցների հիշատակը, շարունակել ամբողջ աշխարհին, մարդկության նոր սերունդներին պատմել, իրազեկել հայ ժողովրդի ազգային ողբերգության դասերը, հասնել ոճրագործի բարոյական և իրավական պատասխանատվությանը։ Հենց այս բովանդակությամբ է մեր ժողովրդի բոլոր հատվածներում իրականացվում սերունդների դաստիարակությունը և բարդագույն ճանապարհին ազգային ուխտի էստաֆետի փոխանցման իրողությունը։ Հիմա Ձեր հարցի ուղիղ պատասխանը՝ ճանաչման գործընթացի հեռանկարի վերաբերյալ իմ գնահատականը՝ սեփական բարոյական ուխտին ու պարտականությանը հավատարիմ անխոնջ գործունեությունն է, քանի որ դա մեկն է նոր ցեղասպանության հնարավորությունը կանխարգելելու առարկայական քայլերից։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ճանաչման գործընթացի վրա հայթուրքական կարգավորման գործընթացը:    

– Վստահաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև ճանաչման գործընթացի վրա։ Այս համատեքստում անգամ նկատելի է պաշտոնական Անկարայի նպատակային քաղաքականությունը։ Մասնավորապես, Թուրքիայի իշխանությունները ձգտում են ընդամենը մեկնարկած և աստիճանաբար լճացող գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը։ Մասնավորապես, թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմամբ տարբեր պատճառներով հետաքրքրված հիմնական արտաքին դերակատարներին ի ցույց է դրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի «վճռական կամքը», «երկկողմ» գործընթացի առկայությունը և Անկարայի «անկեղծ» մոտեցումն այս հարցում։ Զուգահեռաբար, նույն հարցը թուրքական կողմը փորձում է օգտագործել հայաստանյան ներքաղաքական գործընթացների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա ազդելու նպատակով՝ փորձելով պառակտում առաջացնել Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի միջև՝ դրանով իսկ կոտրելով համահայկական միասնական ներուժը։

Այնպես որ, նաև աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ թուրքական կողմը, վստահաբար, կփորձի առավելագույնս օգտագործել այս խաղաթուղթը՝ առավելագույն օգուտ ստանալու, ճանաչման գործընթացը կամ դրանից բխող մարտահրավերներն ավելի կառավարելի դարձնելու նպատակով՝ հատկապես Եղեռնի հերթական տարելիցին նախընթաց։  Իսկ հայկական կողմի մասով՝ ինչպես նախորդիվ արդեն նշեցի, վերջնանպատակը վերջնական է և անսասան, քանի որ բովանդակային առումով սերտորեն առնչվում է հայ ինքնության պահպանմանը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի վարած քաղաքականության համատեքստում հայ հանրային քննարկումներում կրկին արդիական է դարձել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության թեման: Որքանո՞վ են այս մտահոգությունները արդարացված:

– Միանգամայն արդարացված են։ Առաջին հարցին պատասխանելիս հատուկ չանդրադարձա խնդրի անվտանգային բաղադրիչին, որը ոչ պակաս կարևոր է և գոյութենական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ըստ էության, Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը, որպես ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղեգիծ հռչակելն իր խորքում նաև անվտանգային լուրջ նպատակ ունի, ընդ որում, ոչ միայն խոսքային մակարդակում։ Օբյեկտիվորեն թուրքական հարևանությամբ գտնվելու, թուրքական երկու երկրների հնարավորինս ներդաշնակեցված քաղաքականությանը, մոտեցումներին, երբեմն նաև սպառնալիքներին ու նպատակային քայլերին բախվելով, և անցյալի ցավալիորեն ըստ արժանվույնի չգնահատված ոճրագործությունների համատեքստում, Հայաստանի և հայ ժողովրդի համար գերխնդիր էր նոր ցեղասպանությունից խուսափելը։ Ինչը, ցավոք, չհաջողվեց։

ԽՍՀՄ մայրամուտին և Ադրբեջանի անկախացումից հետո՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլուր ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեռևս չսպիացած հետևանքներից հետո բախվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում արդեն թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան և ապարտեիդի միտված գործողություններին։ Դրանց հետևանքով հայրենազրկվեցին Հադրութը, Շուշին և հայկական Արցախի անքակտելի այլ շրջաններ։ Հետպատերազմյան շրջանում ևս Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ծավալապաշտական հռետորաբանությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականցվող սողացող օկուպացիան, ահաբեկչական գործողությունները նշվածի վառ ապացույց են։ Հետևաբար հայ ժողովրդի համար շարունակում է խիստ օրակարգային մնալ Հայոց ցեղասպանության կանխման ուղեգիծը, քանի որ շատ ավելի է կարծրացել այն համոզմունքը, որ եթե ժամանակին Օսմանյան Թուրքիան արժանիորեն պատժվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար, ապա աշխարհում որևէ այլ պետություն հազիվ թե հանդգներ դիմել նման ոճրագործության։

Դա տեղի չունեցավ, անցյալ դարի ընթացքում բազմաթիվ նման հանցագործություններ արձանագրվեցին, և ճակատագրի հեգնանքով՝ նաև հայ ժողովրդի նկատմամբ նաև ցեղասպան Թուրքիայի ու նրա ցեղասպան կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի ձեռամբ։ Եվ քանի դեռ որևէ ցեղասպան գործունեություն արժանիորեն դատապարտված չէ, նոր ցեղասպանության հնարավորությունը բացառելը պարզապես միամտություն կլինի։

Էդուարդ ՄԵԼՔՈւՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930