Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալինի ավագանին այսօր լուծարվեց. նրանք ոչ թե համայնքի մասին էին ավելի շատ մտածում, այլ՝ աթոռի. Տավրոս Սափեյան

Ապրիլ 27,2022 16:00

Թալին համայնքի ավագանին այսօր օրենքի ուժով լուծարվեց: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը (լուսանկարում), որն ընդամենն ամիսներ առաջ էր ընտրվել Թալինի ղեկավար:

Թալինում կանցկացվեն նոր ընտրություններ, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում պարոն Սափեյանն ասաց՝ օրը դեռ հայտնի չէ:

«Երկու անգամ ավագանու նիստ հայտարարեցինք, սակայն ավագանիները չեկան, չմասնակցեցին ավագանու նիստերին եւ ավագանին լուծարվեց»,-ասաց Թալինի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալինի ընտրություններին մասնակցում էին չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, սակայն ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը՝ 46,6 տոկոսը, բաժին հասավ ՔՊ-ին:

Սակայն ընտրություններին մասնակցած 3 ուժերը կոալիցիա կազմեցին եւ ունեցան ավագանու 11 անդամ, ՔՊ-ն ուներ ավագանու 10 անդամ:

Ավագանու առաջին նիստում, ըստ Տավրոս Սափեյանի, դաշինք կազմած երեք քաղաքական ուժերից մեկն իր ձայնը տվեց Քաղաքացիական պայմանագրին եւ ՔՊ-ն ունեցավ 11 մանդատ:

«Ասեկոսեներ տարածեցին, թերթերով հրապարակեցին, թե ինչպե՞ս կարող էր ընդդիմադիր ուժն իր ձայնը տալ Քաղաքացիական պայմանագրին: Այսինքն՝ եթե այդ մարդը տվել է՝ ՔՊ-ին, մենք ուժ ենք գործադրել, չգիտեմ ինչ ենք արել: Թալինյան խոսակցություններ եղան: Այդ ժամանակ էլ կար սուբվենցիոն ծրագրերի խնդիրը: Կառավարությունն ասում էր՝ առանց ավագանու որոշման չեք կարող ներկայացնել սուբվենցիոն ծրագրերը: Ճիշտ է հաստատվել են այդ ծրագրերը, բայց կյանքի կոչվելու համար պետք է լինի ավագանու որոշումը»:

Տավրոս Սափեյանի խոսքով, հանդիպել է ավագանու անդամների հետ, որ գոնե այս հարցում միասնական լինեն. «Սա իմ հարցը չէր, Թալինի հարցն էր, բայց իրենք պաշտոններ ուզեցին՝ առաջին տեղակալ, երկրորդ տեղակալ, վարչական շրջանի կեսը, ՀՈԱԿ-ների կեսը: Ասացի՝ ստոպ, բոլորը կտամ ձեզ, բայց, երաշխիքը ո՞րն է: Ասացի՝ ունենք 10 եւ 11 ավագանի, թող մեկ ավագանին չեզոք լինի, եւ, եթե ես 8 ամիս հետո լավ չաշխատեմ ու ձեր ուզած քաղաքապետը չլինեմ, ավագանիով անվստահություն հայտնեք՝ ես դուրս կգամ: Ասացի՝ անգամ չեմ թողնի անվստահություն հայտնեք, ես դիմումը կգրեմ՝ դուրս կգամ: Բայց խոսակցություններից զգացի, որ նրանք ոչ թե համայնքի մասին էին ավելի շատ մտածում, այլ՝ աթոռի»:

Թալինում կնշանակվի համայնքապետի պաշտոնակատար՝ մինչեւ նոր ընտրությունները: Պաշտոնակատարը կլինի Տավրոս Սափեյանը թե՝ մեկ այլ մարդ, Թալինի ղեկավարն ասաց՝ չի կարող ասել՝ ինչպես որոշի քաղաքական թիմը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930