Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա Հայկականը» նախաձեռնությունը և նրա նպատակները. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 27,2022 22:00

Սկիզբը՝ այստեղ

Մաս 11

2041 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է տոնի անկախության 50-ամյակը, և մենք այժմ իսկ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս օրը դառնա իսկական տոն, այլ ոչ թե հիասթափության առիթ։ Այդ ամենը խիստ արդիական է դարձնում մեր զարգացման հնարավոր սցենարների շուրջ բանավեճը։ Ուստի, 2021 թ. ապրիլի վերջին, ես և իմ գործընկերները հայտարարեցինք մեր նոր՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հասարակական նախաձեռնության մեկնարկի մասին։

Ակտիվ կյանք վարելու դիրքորոշում ունեցող բոլոր մարդկանց հրավիրում ենք համատեղ ծրագրելու Հայաստանի ապագան։
Լուսանկարը` «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»

Այս նախաձեռնությունն սկսելու ամենակարևոր պատճառը մեր երկրի և ազգի կայուն զարգացման վերաբերյալ համայն հայության, ինչպես նաև հայկական կազմակերպությունների և ինստիտուտների համար ընդհանուր պատկերացում մշակելու ցանկությունն է։ Ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է աջակցել մեր նախաձեռնությանը և դառնալ դրա համահեղինակը՝ այցելելով https://futurearmenian.com/hy/։ Հրավիրում ենք կյանքում ակտիվ դիրքորոշում ունեցող բոլոր մարդկանց՝ Հայաստանի քաղաքացիներին, սփյուռքահայերին և մեր երկրի բարեկամներին, մասնակցելու այն հարցերի առաջիկա քննարկումներին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և հայ ժողովրդի ապագան, ինչպես հասնել դրան, ինչպես նաև` ինչպես ձեր ավանդը ներդնելու կոնկրետ քայլերի համատեղ պլանավորման գործում։

Իրերի ներկայիս տագնապալի վիճակը ինձ թույլ չի տալիս չմասնակցել քաղաքական և սոցիալական կարևորագույն հարցերի քննարկմանը։

Չնայած այն հանգամանքին, որ մեր տեղեկատվական արշավի սկիզբը համընկավ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավին, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը քաղաքական նկրտումներ չունի և քաղաքական նպատակներ չի հետապնդում։ Նախկինում ես բազմիցս հայտարարել եմ, որ ձեռնպահ եմ մնում քաղաքական գործընթացներին անմիջական մասնակցությունից, սակայն իրերի ներկայիս տագնապալի վիճակն ինձ հնարավորություն չի տալիս չմասնակցելու քաղաքական և սոցիալական կարևորագույն հարցերի քննարկմանը. ինչպիսի՞ Հայաստան ենք կառուցում և ինչպիսի՞ն ենք տեսնում հայ ազգի ապագան։

Այն մարդու համար, որը փորձում է իր կյանքի ռազմավարությունը հարմարեցնել ապագայի կանխագուշակմանը, ամենամոտ ու ակնհայտ ուղին, մեծամասնության տեսանկյունից, ստեղծված իրադրության փոփոխումն է հասարակական կյանքում ակտիվ մասնակցության, կուսակցությունների, քաղաքական ուժերի պայքարի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջոցով։ Բայց դա միակ ճանապարհը չէ. կան նաև այլ ուղիներ։ Այսօրվա ճգնաժամը չի սահմանափակվում միայն քաղաքականության ոլորտով, և ես չեմ տեսնում քաղաքական որևէ ուժ, որը կկարողանա երկիրը դուրս բերել այդ ճգնաժամից։ Ես համարում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել հասարակական խորհուրդ, որը բաղկացած կլինի հայկական համաշխարհային վերնախավի լավագույն ներկայացուցիչներից, որը կլուծի հայկական աշխարհի կայուն զարգացման հարցերը, որոնք, ներկա պայմաններում, անբաժանելի են Հայաստանի պետական կարգի հարցերից։ Հանրապետության կառավարությունն այդ գործընթացի կարևոր մասնակիցն է, բայց, այդուհանդերձ՝ ոչ միակը։

Ես չեմ տեսնում քաղաքական որևէ ուժ, որը կկարողանա երկիրը դուրս բերել ճգնաժամից։

Այդ իմաստով, ես և իմ գործընկերները թևակոխում ենք քաղաքական դաշտ։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ մենք մնում ենք առաջվա պես հասարակական, ոչ թե քաղաքական գործիչներ։ Մեր խնդիրն է օժանդակել Հայաստանում ժամանակակից քաղաքական դաշտի վերափոխմանը, ընդլայնմանն ու բազմազանությանը, քաղաքական բանավեճերի պրոֆեսիոնալացմանը և ստեղծված իրականությունից դուրս գալուն, երբ ընտրողները քվեարկում են ոչ այնքան այս կամ այն ​​կուսակցության ծրագրի օգտին, որքան դրա դեմքի՝ առաջնորդի օգտին, որին, լրատվամիջոցների շնորհիվ, հաջողվել է հռչակ ու ազդեցություն ձեռք բերել։ Պետք է նշել, որ այդ երևույթը միայն Հայաստանին չէ բնորոշ։ «Այն ամենը, ինչը կապ ունի քաղաքականության հետ, այժմ իրականացվում է լրատվամիջոցների պայմաններով։ Ընտրական ժողովրդավարության չափորոշիչների նախկին կրողները այժմ լիովին անօգնական են և ընդամենը կարող են խաղալ միայն այն կանոններով, որոնք իրենց համար սահմանում են նրանց նոր տիրակալները։ Քաղաքական այն իրադարձությունը, որը չի գրավում լրատվամիջոցների ուշադրությունը, ըստ սահմանման` քաղաքական իրադարձություն չի համարվում: Սա բառացիորեն նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ այժմ ոչ այլ ինչ է, քան մի բեմադրության մասնակից, որի սցենարը գրվել է լրատվամիջոցների կայսրությունների միջանցքներում։ Ընդ որում, քաղաքական գործիչների հանդեպ անվստահությունն ու արհամարհանքը այդ ներկայացման հիմնական գաղափարն է»,– գրում են շվեդ փիլիսոփա ու սոցիոլոգ Ալեքսանդր Բարդը և Յան Սոդերքվիստը «Նեթոկրատիա» («Ցանցապետություն») գրքում, որը հրատարակվել է ավելի քան 20 տարի առաջ՝ 2001 թվականին[1]։

Հասարակությունից ստացած վստահության մանդատը չի նշանակում որոշումների կայացման մենաշնորհ։

Հայաստանն ընտրել է իր ներկայացուցիչներին, որոնք այժմ պետք է հանրության ծավալուն մասնակցությամբ բաց բանավեճերի ընթացքում ընտրեն ապագայի մոդել, որը կգրավի և կմիավորի հայության ուժերն ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մեր նախաձեռնությունը կոչված է հնարավորինս նպաստելու այդ գործընթացին։ Համոզված եմ, որ նրանք, ովքեր այսօր իշխանության են եկել հասարակության կողմից տեղի ունեցող գործընթացներն ավելի լավ հասկանալու ալիքի վրա, լիակատար լեգիտիմություն կստանան միայն այն դեպքում, եթե ընդունեն և վերլուծեն անցյալում թույլ տրված սխալները, քաղաքացիներին պատասխան տան, թե ապագայում նման ձախողումներից խուսափելու համար ինչ են պատրաստվում ձեռնարկել, և շարունակական երկխոսություն հաստատեն հասարակության հետ՝ օգտագործելով տարբեր գործիքներ՝ հասարակական կարծիքի հարցումներից մինչև հանրային կյանքի տարբեր հարցերի շուրջ հանրաքվեներ: Այսինքն, հասարակությունից ստացած վստահության մանդատը չի նշանակում որոշումների կայացման մենաշնորհ։ Նոր իշխանության օրինակարգության աղբյուրը լինելու է սոցիալական նոր պայմանագիրը նրա և հասարակության միջև։ Միայն նման պայմաններում է հնարավոր համախմբել հայությանը և համատեղ ուժերով սկսել երկրի վերականգնումը։

Հայաստանն ընտրել է իր ներկայացուցիչներին. այժմ անհրաժեշտ է լայն հասարակայնության մասնակցությամբ ակտիվ քննարկումների միջոցով ընտրել ապագայի մոդել։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Այսօր «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համայնքը ներառում է ավելի քան 100.000 մարդ 100-ից ավելի երկրներից, ինչը վկայում է այն մասին, որ մեծ թվով հայեր ու Հայաստանի բարեկամներ անտարբեր չեն երկրի ու ազգի ապագայի նկատմամբ, և մեզ հնարավորություն է տալիս իսկապես քննարկելու և ձևավորելու ապագա օրակարգը և վերջինս օրինակարգելու մեր հասարակության մեջ։ Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում իշխանություններն այլևս չեն կարող անտեսել հասարակության ակտիվ հատվածին, ուստիև կարևոր է կառուցողական փոխգործակցության նոր մեխանիզմների մշակումը, որոնց նպատակը կլինի պայքարը ոչ թե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր ընդհանուր ապագայի։

Շարունակելի

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930