Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկվա ողբերգական վրաերթը, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել, մտածելու և վերագնահատելու առիթ է տալիս, թե ինչ արժեքներով ենք առաջնորդվում։
Ովքե՞ր են արտոնյալ, ո՞ւմ կյանքն է կարևոր, ո՞ւմ կյանքն ենք պահպանում, իսկ ումն՝ անտեսում։
Տարիներ առաջ Մանվել Գրիգորյանի թիկնապահներով լի շարասյունը վրաերթի էր ենթարկել երեխայի, որը մահացել էր։ Մանվելն այդ ժամանակ գեներալ էր, նրա ճանապարհին հայտնվողը զրկվում էր կյանքից, ուրիշի կյանքը նրա համար ոչինչ էր։ Նրանք չէին կանգնում, երբ ահռելի արագությամբ սլանում էին փողոցներով ու վրաերթի էին ենթարկում մարդկանց, չկար օգնություն ցույց տալու ցանկություն, կարեկցանք։
Կարդացեք նաև
Կարծես թե այս վերաբերմունքը պետք է փոխվեր մարդու կյանքի նկատմամբ այն ամենից հետո, ինչ կատարվեց 2018 թվականին, երբ հանրային մեծ ալիքը մերժեց բռնության մշակույթն ու կյանքի մշակույթում ապրելու ցանկություն հայտնեց, հռչակեց արտոնությունների մերժման ու մարդկանց միջև հավասարության մոտեցումը։
Բայց, ինչ ենք տեսնում մենք այսօր, կան կարևորներ և անկարևորներ, այն անձը, որին պահպանում է շարասյունը կարող է ավելի կարևոր լինել, քան նա, որին հարվածել է ուղեկցող մեքենան։ Ինչո՞ւ չի կանգնել շարասյունը, ինչո՞ւ օգնություն չի ցուցաբերել, հասցրել հիվանդանոց։
Մի՞թե նույնն է այդ իշխանություն ունեցող մարդկանց համար կատարվում, մարդիկ դառնում են ոչինչ։ Արտոնյալների թիկնազորն ու ուղեկցողները կարող են գերազանցել արագությունը, կարող են հաշվի չառնել կին է անցնում, թե երեխա՝ կուրացած այն անձի կարևորությամբ, որը գտնվում է իրենց պահպանության տակ։ Ախ, այդ կուրությունը, որը ձեզ տալիս է իշխանությունը, ախ այդ զրահապատ կարծրասրտությունը, որը թույլ չի տալիս տեսնել ուրիշներին, նրանց, ովքեր ձեր կարծիքով անկարևոր են։
Տարիներ շարունակ հանրույթները բռնության մշակույթը հակադրում էին կյանքի մշակույթին ու ցույց տալիս իշխանություն ունեցողների անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ։ Արի ու տես, որ իշխանության եկան ուրիշ մարդիկ, որոնք թվում էր, թե այդպիսին չեն, սակայն իշխանության արտոնյալ ու անսիրտ որակը մնաց նույնը։
Հ․Գ․ Որևէ մեկս երաշխավորված չենք պատահարներից, բայց կարևոր է այն, թե ինչպես ենք վերաբերվում այդ պատահարին, քարսի՞րտ ենք, թե ոչ, օգնություն ցուցաբերո՞ւմ ենք մարդուն, որը տուժել է, թե ոչ, փորձո՞ւմ ենք նույն արագությամբ ու օպերատիվությամբ պաշտպանել մեկ ուրիշին, թե կառչած իշխանության բուրգի գագաթում կանգնածներից մոռանում ենք մարդ լինելու և մարդկային մոտեցման մասին․․․