Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն պարոն Աղազարյանին, որ թույլ տվեց մեղմել ընդդիմության բացակայության ազդեցությունը տրամադրության վրա»․ Թունյան

Ապրիլ 27,2022 14:52

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի» մասին օրենքում, որով փոքր ու միջին ձեռնարկատերերը, որոշակի գումարի արտահանման դեպքում՝ կազատվեն պետական տուրքից։ Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր այս նախագիծը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, քանի որ բողոքի ցույցեր են սկսել։

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը:

Անի Իսպիրյան

Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը նշեց՝ փոփոխությունը նաեւ ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներն առավել հաճախ իրենց արտահանումն իրականացնում են հենց նշյալ շեմի շրջանակներում՝ ըստ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրության, եւ ՓՄՁ-ի համար դյուրացվում են արտահանման պայմանները, նաեւ՝ ժամանակի եւ վարչարարության տեսանկյունից։ Գործող օրենքով 200 եվրոյին համարժեք դրամ է շեմը։ Այժմ արտահանման շեմն ենք բարձրացնում»։

Գեւորգ Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյոք ռիսկ չկա, որ ավելի խոշորները կարող են փոքրացնել ծավալները, օրինակ՝ 10 միլիոնը դարձնեն 10 հատ 1 միլիոն եւ այդ եղանակով արտահանեն։

Փոխնախարարն ասաց, որ 2020-2021 թվականների ցուցանիշները ցույց են տալիս, որ նման փոքրացումներ չեն լինում․ «Տեխնիկապես դա ավելի շատ բարդություններ կստեղծի տնտեսվարողի համար»։

Պապոյանը նաեւ ասաց, որ սա նախարարության բարի կամքի դրսեւորումն է, նպատակը՝ փոքրերը խոշորանան․«Բայց պետք է հետո մոնիթորինգ անել նախագծի ընդունումից առաջ եւ հետո։ Եթե պարզենք, որ փոքրերը չեն խոշորացել են, այլ՝ հակառակը, պետք է վերանայել օրենքը։ Իսկ եթե օրենքը օգնել է՝ գուցե պետք է էլի բարձրացնել շեմը»։

Նախագծի առաջարկությունը եղել է խելացի «Volterman» խելացի դրամապանակ արտադրողից։ Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ այս ընկերությունը բարձրաձայնում էր, որ արտահանման ժամանակ իրենց համար ֆինանսական լրացուցիչ բեռ էր ստեղծվում։

Արդյոք նախագիծն այս ընկերության շահերի համար է ներկայացվում․ հետաքրքրվեց Թունյանը։ Ի պատասխան փոխնախարարն ասաց՝ հազարից ավելի ընկերություններ կան, որոնք կօգտվեն այս նախագծից։

Օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների նվազեցումը միջինում 106.35 մլն դրամի չափ կլինի:

Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ նախագիծը չի տա ցանկալի արդյունք, քանի որ այն բացասական է ազդելու պետական բյուջեի վրա: Աղազարյանն առաջարկեց ընդամենը դյուրացնել վարչարարությունը:

Վերջում Հովիկ Աղազարյանը ձեռնպահ քվեարկեց։ «Շնորհակալություն պարոն Աղազարյանին, որ թույլ տվեց մի քիչ մեղմել ընդդիմության բացակայության ազդեցությունը տրամադրության վրա»,-կատակեց Թունյանը։ Աղազարյանն էլ հիշեցրեց՝ ընդդիմությունը առաջին ընթերցման ժամանակ կողմ էր։

Հանձնաժողովի մյուս անդամները դրական եզրակացություն տվեցին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930