Այսօր, երբ ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ստոպ Նիկոլ» իրազեկման ցույց էին անում Երևանի փողոցներում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած էր նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նա նստած տեղից ձեռքով ողջունեց երիտասարդների հետ քայլող ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանին։
Aravot.am-ի խնդրանքին՝ մի քանի հարցերի պատասխանել, Գագիկ Բեգլարյանը համաձայնեց, սակայն հորդորեց դա անել ավելի ուշ, քանի որ ինքը սրճարանում իր արտասահմանյան գործընկերների հետ է և նպատակահարմար չի գտնում այդ իրավիճակում հարցազրույց տալ։
Մեր հարցին՝ Հայաստանում ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Գագիկ Բեգլարյանը մտածեց ու պատասխանեց. «Ոչ մի»։
Հաջորդ հարցին՝ Ձեր նախկին կուսակից ընկերների ցույցին չե՞ք միանալու, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։
Կարդացեք նաև
Մեր տարակուսանքին՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու, արձագանքեց կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։
Մեր ճշտող հարցին՝ միգուցե Գագիկ Բեգլարյանի հետ Դու՞ք եք համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելու, Նաիրի Սարգսյանը ժպտաց և գլխի բացասական շարժում արեց։
Մեր հաջորդ հարցին՝ իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվելու Հայաստանում իշխանափոխությունից հետո, Նաիրի Սարգսյանն անհանգիստ շարժում արեց և հայտարարեց. «Առաջիկա տասը տարում Հայաստանում իշխանափոխություն չի լինելու»։
Մեր դիտարկմանը, որ ՔՊ-ի իշխանությունը և, առհասարակ որևէ իշխանություն, հավերժ չէ և մի օր իշխանափոխություն անպայման լինելու է, Նաիրի Սարգսյանը համաձայնեց և ասաց, որ իշխանափոխությունից հետո ինքն էլ բիզնեսով կզբաղվի։ Թե ինչ բիզնես նախասիրություններ ունի Նաիրի Սարգսյանը՝ ինքն էլ դեռ չգիտի, ուսումնասիրում է դաշտը։
Իսկ այն հարցին, թե աշխատելով պետական պաշտոնում, ինչպես՞ է գումարներ կուտակելու հետագայում բիզնես գործունեություն ծավալելու համար՝ Նաիրի Սարգսյանը հեգնանքով պատասխանեց. «Թալանած գումարներով»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ