Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարզային քայլերթերն այսօր նույնպես շարունակվում են․ քաղաքացիները դեպի Երեւան են քայլում, այդ թվում՝ Արարատի մարզից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ուղիղ միացմամբ Արմաշ համայնքից տեղեկացրեց, որ քայլերթին միացել են ասորական համայնքի ներկայացուցիչները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի հետ։
«Երեկ երեկոյան, երբ խարույկի շուրջ նստած էինք, շատ մարդիկ մեզ միացան, սատարեցին, տասնյակ ընտանիքներ ասացին, որ թեեւ մարզից քայլել չեն կարող, բայց այսօրվա քայլերթի համար անպայման գալու են Երեւան։ Կասկած չունեմ, որ մեր պայքարը հաջողելու է»,-տեղեկացրեց Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ քայլերթը շատ ոգեւորիչ է, նույնը եւ Տավուշից եկող քայլերթի մասին կարելի է ասել։
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Վեդիում կայացած ՏԻՄ ընտրություններին, որոնցում հաղթեց ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանը․ «Ամեն ինչ արեցին՝ իշխանությունը զավթելու համար։ «Մանիա» է դա իրենց մոտ, ամեն տեղ սեփական խամաճիկին են ուզում ունենալ»։
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ իրենց են միանալու երգչուհի Սոֆի Մխեյանը, լրագրող Լիկա Թումանյանը։
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ իր հերթին ուղիղ եթերով հայտարարեց․ «Վստահ ենք՝ Արմաշում կան քաղաքացիներ, որոնք միանալու են պայքարին։ Արարատի մարզի բոլոր համայնքները պետք է ոտքի կանգնեն, հարցը միասին ենք լուծելու»։ Ցուցարարները բղավում են՝ «միացում, պայքար, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան»։
Անդրադառնալով Վեդիի ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանը շեշտեց, որ սահմանների լարվածությամբ զբաղվելու փոխարեն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում ընտրություններով էր զբաղված․ «Սա է այդ մարդկանց դեմքը, նրանք հայրենիք չունեն, նրանց համար ավելի կարեւոր է աթոռը պահել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ