Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու կերպարը երբեմն շատ ավելի արժեքավոր է, քան գիտնականի. Վոլոդյայի դեպքում դրանք ներդաշնակ էին». Ավիկ Իսահակյան

Ապրիլ 27,2022 13:34

«Մեկ տարի է` պարոն Կիրակոսյանը մեզ հետ չէ, բայց իր ներկայությունը, խորհուրդները նաև այն, ինչ թողել է Թումանյանի հատորներով, շարունակվում են: Իրապես պարոն Կիրակոսյանը ողջ է, ներկա է, մեզ հետ է»,- անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանի մահվան տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողովի ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ կազմակերպված երկօրյա գիտաժողովի թեմաներն ընդգրկում են հայ գրականության բոլոր շրջանները, ինչպես նաև գրականագետի գիտական հետաքրքրությունները: Գիտաժողովին մասնակցում էին անվանի գիտնականի գիտական ընկերները, գործընկերները, աշակերտները, հարազատները, ընտանիքի անդամները:

Վարդան Դևրիկյանը փաստեց՝ Վլադիմիր Կիրակոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում միավորվում է արևմտահայ և արևելահայ բանաստեղծությունը. «Հովհաննես Թումանյանի տասհատորյակի վերախմբագրված վերահարտարակության չորս հատորներն ամբողջովին Վլադիմիր Կիրակոսյանի շնորհիվ են եղել: Նրա  կոթողային աշխատանքը դարձավ իր ղեկավարությամբ իրականացված Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գրականագետ, գրող, Գրականության ինստիտուտի նախկին տնօրեն Ավիկ Իսահակյանը, հուզմունքը չթաքցնելով խոսելով իր ընկերոջ մասին, նկատեց՝ այս շենքում նրա կենդանի հետքերը դեռ կան ու շարունակեց. «Այս ինստիտուտի որդին էր Վլադիմիր Կիրակոսյանը: Դա զարմանալի նվիրվածություն էր։ Արդեն 80-նն անց էր, տեսողությունը թույլ, բայց ինչ սեր կար դեպի հայ գրականություն, դեպի այն գործը, որն ինքը սկսել էր։ Մարդու կերպարը երբեմն շատ ավելի արժեքավոր  է, քան գիտնականի կերպարը։ Վոլոդյայի դեպքում դրանք ներդաշնակ էին»։ Խոսելով թումանյանագիտության բնագավառում գրականագետի ներդրման մասին՝ Ավիկ Իսահակյանն ասաց. «Թումանյանը կարծես այն հեղինակն էր, որին պետք էր մի նվիրված մշակ, ծառայող, հրամանատար ինչպիսին մեր Վոլոդյան էր: Նա ինչքան էր պահանջում, որ տրվի հնարավորությու և գումար, որ գործն ավարտին հասցվի: Նա դա արեց: Անգամ Պուշկինի կյանքը գրեցին երեք հատորով, իսկ Թումանյանի տարեգրությունը՝ չորս հատորով։ Այստեղ շատ մեծ է Վլադիմիր Կիրակոսյանի վաստակը։ Հետո արդեն հեշտ եղավ Թումանյանի տարեգրության հատորների հիման վրա ստեղծել Թումանյանի հանրագիտարանը: Թումանյանին ծառայելը նշանակում է ծառայել հայ ժողովրդին։ Հիշատակը պայծառ լինի քո, սիրելի՛ ընկեր Վոլոդյա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը վստահեցրեց՝ Վլադիմիր Կիրակոսյանի մասին անցյալով խոսելը բարդ է իր համար: Ու անկեղծացավ, թե մինչև հիմա իր մոտ ձևավորված ռեֆլեքս կա. երբ Թումանյանի հերթական հատորի վրա աշխատելիս ինչ-որ խնդրի առաջ է կանգնում, անմիջապես ձեռքը մեկնում է հեռախոսին ու հավաքում նրա համարը, որը չի ջնջվելու իր հեռախոսից: Անի Եղիզարյանը հիշեց. «Իմ ընդդիմախոսն էր պարոն Կիրակոսյանը: Եթե չհանդիպեի իրեն, այս աշխարհում իմ քայլերը գրականագիտության ոլորտում կամ չէին լինի, կամ շատ դժվար կլինեին: Նա ուղղակի եղավ գրականության դաշտում իմ ուսուցիչը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վլադիմիր Կիրակոսյանի գործունեության 50 տարիները նվիրված էին մանկավարժությանը, 20-ը՝«Քվանտ» վարժարանում: Գիտաժողովին մասնակցում էին նաև Վլադիմիր Կիրակոսյանի՝ «Քվանտ» վարժարանի գործընկերները: Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ՝ այս տարվանից վարժարանի՝ գրականություն առարկայից հետազոտական աշխատանքների մրցույթում  հաղթողները կարժանանան Վլադիմիր Կիրակոսյանի անվան պատվոգրի և վարժարանի  ընթերցասրահը կկրի անվանի քվանտականի անունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930