ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ կառավարության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը լրջորեն վտանգում է Հայաստանի դիմումների քննությունը միջազգային դատարաններում` Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:
Առաջնահերթ պաշտոնյաների քայլերն ու հայտարարություններն են՝ կառավարության ղեկավարից սկսած, որ ուղեկցում են այդ քաղաքականությունը:
Սա անպատասխանատու, մասնագիտական հիմքերից զուրկ և սեփական նեղ քաղաքական շահերի համար իրականացվող, Հայաստանն ու Արցախը լուրջ վտանգի տակ դնող, առանց երաշխիքների քաղաքականություն է:
Կարդացեք նաև
Այն, իհարկե, առկա տեսքով ձեռնտու է ադրբեջանական և թուրքական իշխանություններին. նրանք, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը օգտագործում են արտաքին աշխարհին մոլորեցնելու համար՝ զուգահեռ շարունակելով խորքային հայատյացությունը և էթիկ ու կրոնական թշնամանքը՝ մեզ հետ խոսելով միայն ոչնչացնելու կամ ավերելու սպառնալիքով:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ` «ՔՊ» կուսակցության «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում և տանում մեզ միջազգային պաշտպանությունից զրկելուն: