«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր շարունակել է երեւանյան բուհեր այցելել եւ իրազեկման գործողություններ անել։
«Նպատակն է Արցախի դրոշը տեղադրել բոլոր բուհերում՝ վերահաստատելու, որ հայ երիտասարդն ու ուսանողը չի կիսում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության ձգտումը»,-ուղիղ եթերում հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը։
Կարդացեք նաև
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմաց երիտասարները բղավում էին՝ «ուսանող՝ զարթնի՜ր», «Արցախ՝ այո՜», «Նիկոլ՝ ո՜չ»։
Թատերական ինստիտուտի մուտքի մոտ պահակը փորձեց կանխել երիտասարդների մուտքը՝ բղավելով, որ չհրեն․ «Դաս եք խանգարում, իրավունք չունեք»։ Մի պահ կողմերը ձեռքերով հրեցին իրար, ինչից հետո ցուցարարները մտան ինստիտուտի բակ, պայքարի կոչ արին ուսանողներին։
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ 2018թ․-ին ձեզ խաբելով դուրս հանեցին փողոց՝ իրենց շահն առաջ տանելու համար, իսկ այսօր ձեր անունից, ժողովրդի անունից պատրաստվում են Արցախը տալ Ադրբեջանին։ Դուք տվե՞լ եք նման մանդատ։ Ո՜չ, ուրեմն՝ պայքար»,-բղավեց Հովհաննես Հարությունյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի ապագան ուսանողներն են:
Ապա Արցախի դրոշը տեղադրվեց 44-օրյա պատերազմում զոհված թատերականի ուսանողների և շրջանավարտների հիշատակին ծառերի պուրակում։
Ապա ԵԹԿՊԻ-ի բակում քոչարի պարեցին։
Նրանց միացավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ