Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել

Ապրիլ 27,2022 11:24
dataxazutyun

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ:

Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:

ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930