Թեեւ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրականացված 1915 թ. ոճրագործությունը, խնդիրը շարունակելու է օրակարգային մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր նախնիների կատարած հանցանքը եւ պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Ավելին՝ այսօրվա թուրքական կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու քաղաքականությունը, որի հիմքը դրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Ի դեպ, Թուրքիային կարող ենք ինչ-որ առումով համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը, երբ 1919–20 թվականների օսմանա-թուրքական ռազմական տրիբունալի վճռով մահվան դատապարտվեցին «պատերազմական ոճիրներ» իրականացրած անձինք։ Չնայած դրան, 1921 թվականին թուրքական «ազգային շարժում» կոչվածի կողմից ներում շնորհվեց մեղավոր ճանաչվածներին, իսկ նրանց հաջորդած Աթաթուրքի կառավարության կողմից հիմք դրվեց եւ առայսօր նորանոր դրսեւորումներ է ստանում ժխտողականության քաղաքականությունը։
Ինչ խոսք, մերժողականության եւ պատմական փաստերի խեղաթյուրման դասական օրինակ է ծառայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ էր հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին՝ պատմական անցքերը խեղաթյուրելու ճանապարհով որպես «ընդհանուր ողբերգություն» ներկայացնելով Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է, իսկ «տառապանքը խորացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ»: Այսօր թե Հայաստանում, թե աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայեր կվկայեն, որ եթե հնարավոր լիներ խաղաղ գոյակցել թուրքի հետ, ապա մեզանից շատերը կապրեին Արեւմտյան Հայաստանում գտնվող իրենց հայրենի քաղաքներում եւ գյուղերում։ Մինչդեռ մեր նախնիները ստիպված են եղել լքել հայրենիքը սեփական կյանքը փրկելու համար։ Որքան էլ գեղեցիկ հնչի այդ ամենը, «միասին ապագա կերտելու» թուրքական ցանկությունը բախվելու է իրենց իսկ ժխտողականությանը եւ հնարավոր բոլոր առիթներով ու ձեւաչափերով հայերին ահաբեկելու գործելաոճին։ Արդեն ապրիլի 25-ին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին այդ հայտարարությունները նշանակություն չունեն Անկարայի համար, եւ խորհուրդ էր տվել Միացյալ Նահանգների նախագահին «լավ պատմություն սովորել»։
Այս ամենը հուշում է, որ Թուրքիան միակ առանցքային երկիրն է մնացել, որը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը հանուն իր «առողջացման» եւ տարածաշրջանում ազգերի ու պետությունների խաղաղ համագոյակցության։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: