Երեւանում հայտնի դիզայներ Արեւիկ Պետրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտրության առիթով սեղաններ էր գցել իր ցուցասրահում եւ երկար ժամանակ նիկոլականների ջերմ համակիրներից էր, թեեւ նախկինում էլ օգտվում էր Ռիտա Սարգսյանի հովանավորությունից, այսօր փակում է Հյուսիսային պողոտայում գտնվող իր ցուցասրահը: Օրերս նա այս մասին գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով. ««Արեւ Արթ» ցուցասրահը փակվում է իմ կամքին եւ ցանկությանը հակառակ: Ինձ տրվեց ժամանակ՝ ազատել տարածքը մինչեւ մայիսի 1-ը: Դե, ի՞նչ ասեմ, եւ նորից քաղաքի համար կբացվի նոր «զխկտվելու» վայր: Իսկ իմ մասով, կարծում եմ, կատարել եմ անմարդկային ծավալուն աշխատանք» եւ այլն, եւ այլն:
Քաղաքապետարանից մեր հարցերին պատասխանելով՝ տեղեկացրին, որ Արեւիկ Պետրոսյանի ցուցասրահի զբաղեցրած տարածքը՝ Տերյան 19 շենքում, պատկանում է մասնավոր անձի: «Իսկ մասնավոր անձն իրավունք ունի բացել իր տարածքում՝ ինչ ուզում է: Քաղաքապետարանը դրա հետ գործ չունի»,- ասաց քաղաքապետի խոսնակը:
Ո՞վ է Ձեզ ժամանակ տվել մինչեւ մայիսի 1-ը, ու ի՞նչ «զխտկվելու» նոր վայր են բացում Տերյան 19-ում՝ հարցրինք նկարչուհուն:
«Տարածքի տերն է որոշել: Մեկ ամիս առաջ ես չգիտեի, որ պետք է դադարեցնեմ 7 տարվա գործունեությունը: Հավանաբար, ավելի շահավետ պայմաններ են առաջարկել տարածքի տիրոջը»,- ասաց նա եւ հաստատեց, որ մեկնում է ԱՄՆ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի» այսօրվա համարում: