Ի՞նչ զուգահեռներ կան 2015 թվականի հունիսին բոլորիս աչքի առաջ թափ հավաքած հուժկու սոցիալական շարժման՝ «Էլեկտրիկ Երեւանի», եւ այսօրվա ընդվզման միջեւ, ինչո՞ւ «Էլեկտրիկի» դեմքերը չեն դուրս գալիս փողոց։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչներից մեկի՝ Արթուր Քոչարյանի հետ:
– Արթուր, ո՞ւր են «Էլեկտրիկի» կարկառուն դեմքերը, ինչո՞ւ չեն դուրս գալիս փողոց: Չասեք՝ այն ժամանակ քաղաքական պայքար չէր: Եթե զարգանար, քաղաքական խնդիրներ էիք դնելու:
– Այս հարցին ես կպատասխանեմ Բալզակի խոսքերով․ այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն: Մենք ի՞նչ կարող ենք անել այս համատարած քաոսի մեջ։ Այսօրվա շարժումը եւս փողոցային պայքար է, բայց բովանդակության առումով շատ տարբեր է «Էլեկտրիկ Երեւանից»: Էն ժամանակ խնդիրն այն էր, որ հանենք իշխանությանը, ու նոր մարդիկ գան: Հիմա այնքան էլ կարեւոր չէ, թե ով է գալու իշխանության: Հայրենիք ենք կորցնում, ու հիմա կարեւոր է, որ համախմբված լինենք արտաքին թշնամու առաջ: Այս իշխանության ու ընդդիմության պահվածքը նայելով, կարող ենք ասել, որ հենց հիմա ընթանում է հակապետական պրոցես: Ընդ որում, երկու կողմի քայլերն էլ հակապետական են: Ոնց որ պասերով իրար հետ խաղան:
– Ինչո՞ւ եք այդպես կարծում։
Կարդացեք նաև
– Ամեն ինչ անում են, որ թուլացնեն Հայաստանի Հանրապետությունը: Սրանք՝ իշխանությունները, գնում են դուրս, այնտեղ գլուխները կախում են, ինչ իրենց ասում են, անում են, մենակ թե չծեծեն իրենց: Իրենք էլ են հասկանում՝ եթե էսօր չծեծեն, վաղն են ծեծելու: Երկու օրվա համար չարժի ստորանալ: Եթե պետք է ծեծ ուտես, ավելի լավ է հենց այդ օրն ուտես: Իսկ էս մյուսները փոխանակ գնան, առաջարկեն իրենց ծառայությունները, ասեն՝ ի՞նչ է պետք անենք, որ լավ լինի, որ կարողանանք սրա տակից դուրս գանք, ավելի են թուլացնում դիմադրողականությունը: Ու տեսեք՝ Ալիեւն անմիջապես ասում է, որ եթե հանկարծ փողոցից եկան իշխանության, պատերազմ է սկսվելու:
– Արդեն կա բախումների սպասում, տագնապ: Կլինե՞ն նման զարգացումներ, Ձեր կարծիքով՝ Մարտի 1-ի նման, կամ, ասենք, «Էլեկտրիկի» ժամանակվա՝ բռնի ուժով ցույց ցրելը:
– Չէ, ոստիկանությունն ընդունակ չէ դրան, պարզ ասեմ: Էն ժամանակ ոստիկանությունն իրեն տերով էր զգում, հիմա անտեր է: Ասում է՝ լավ, եթե ջարդենք, ո՞վ է մեզ տեր կանգնելու: Այս իշխանությունը ոչ մեկին տեր չի, քցող իշխանություն է, բոլորին աջ ու ձախ քցում են, մի օր ոստիկաններին էլ կքցեն: Ես երեկ նայում էի կադրերը, ոստիկաններն ընդամենը փորձում են փողոցի գիծը պահել կամ ասում են՝ արագաչափերի վրա բան մի կպցրեք կամ՝ փողոց մի փակեք։ Ոչ ավելի: Նման «բախումները» լուրջ չեն:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: