«Ձեր տարեկան զեկույցում հղում կա Լեռնային Ղարաբաղում պատերազմի հումանիտար հետեւանքների վերաբերյալ Ձեր հուշագրին։ Փաստաթղթում այլ խնդիրների շարքում Դուք մտահոգություն եք հայտնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ և հայտարարում, որ նրանք բոլորը պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է կիրառվում։ Ի՞նչ կարող եք հայտնել այս մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում», – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այսպիսի հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
Ներկայացնելով իր զեկույցը և անդրադառնալով Եվրոպայի տարածքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում միտումներին՝ Դունյա Միյատովիչն ասաց. «Այս միտումները նորություն չեն։ Հատկապես տագնապալի են մարդու իրավունքների բազմաթիվ սկզբունքների նկատմամբ հետընթացի մասշտաբները և օրենքի գերակայության համատարած խախտումները, մինչդեռ օրենքի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության նախապայման է»։
Խոսելով Ուկրաինայում պատերազմի հետևանքների մասին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասաց. «Ուկրաինան դարձել է մարդու իրավունքների խախտումների թատերաբեմ։ Ամեն ջանք պետք է գործադրվի հետագա վայրագությունները կանխելու և քաղաքացիական բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու»։
Կարդացեք նաև
Պատասխանելով Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ Դունյա Միյատովիչն ասաց, որ իր առաջին ցանկությունը Լեռնային Ղարաբաղ գնալն է ու շարունակեց. «Ես ուզում էի այնտեղ գնալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո և ես նաև սպասում էի, որպեսզի տեսնեմ, թե ինչ է տեղի ունենում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, որը միակ կազմակերպությունն է, որին այդ համաձայնագրով թույլատրվում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Բայց ես գիտեմ, որ նրանք դեռ ի վիճակի չեն եղել այցելել ԼՂ։ Ես որոշեցի իմ առաջարկությունն անել անցումային արդարադատության հետ կապված, որոնցով ԵԽ-ն զբաղվում է. անհետ կորածներ և այլ հարցեր այս կոնֆլիկտի հետ կապված։ Իմ հետագա քայլերն են` աշխատել երկու կառավարությունների հետ։ Ես մի քանի հայտարարություններ եմ արել հաշտեցման, արդարության և արժանապատվության հետ կապված։ Բայց սրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ լինի հարգանք և հասկացվածություն, որ կարիք կա առաջ շարժվելու։ Ես պատրաստ եմ երկու կողմի իշխանությունների հետ էլ համագործակցել։ Բայց, ցավոք, ես կարող եմ ասել, որ դեռ հնարավորության նշաններ չեն երևում միջազգային կազմակերպությունների համար՝ այցելելու ԼՂ և կատարելու մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց աշխատանքը։ Չնայած այս հանգամանքին՝ մենք կշարունակենք քննարկել այս խնդիրները և′ երկու երկրների իշխանությունների, և′ քաղհասարակությունների հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ