TV aliq. Լեղաքարային հիվանդությունը պայմանավորված է լեղապարկում եւ լեղուղիներում, երբեմն լեղածորաններում քարերի առկայությամբ: Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց մեծ մասի լեղապարկում քարեր լինում են, սակայն ախտանշաններն ի հայտ են գալիս միայն 10 %-ի մոտ: Փորձենք ներկայացնել լեղաքարային հիվանդությունը:
Լեղապարկը եւ քարերը
Լեղապարկը մի փոքր պարկ է, որտեղ տեղավորվում է 50-80 գրամ լեղի: Այն հեղուկ է, որն օրգանիզմին անհրաժեշտ է ճարպը յուրացնելու համար: Եթե տեղի է ունենում լեղու կանգ, ապա նրա բաղադրիչները սկսում են նստել եւ բյուրեղանալ: Այդպես գոյանում են քարեր, որոնք տարիների ընթացքում մեծանում են չափերով կամ շատանում են: Մասնագետները համարում են, որ հիվանդությունը կարող է չդրսեւորվել տասնյակ տարիներով, սակայն կարող է նաեւ ունենալ սուր ախտանշաններ եւ տալ բարդություններ:
Լեղին բաղկացած է տարբեր բաղադրիչներից: Այդ իսկ պատճառով քարերն էլ իրարից տարբերվում են իրենց կազմությամբ: Տարբերում են լեղաքարերի հետեւյալ տեսակները.
Կարդացեք նաև
v խոլեսթերինային, որոնք առաջանում են խոլեսթերինից եւ նրա ածանցյալներից,
v կրաքարային, որտեղ գերակշռում են կալցիումի աղերը,
v պիգմենտային, որոնք առաջանում են բիլիռուբինային պիգմենտից:
Առավել հաճախ քարերը լինում են խառը, որոնց չափսերը տատանվում են 0,1 մմ-ից մինչեւ 5 սմ: Շատ փոքր քարերը կոչվում են լեղային ավազ: Սովորաբար դրանք առաջանում են լեղաքարային հիվանդության սկզբում: Սակայն որոշ մարդկանց մոտ հնարավոր է, որ հենց սկզբից էլ առաջանա քար, որը աստիճանաբար չափսերով մեծանա:
Սովորաբար քարերն առաջանում են հետեւյալ 3 պատճառներով:
- Առաջինը լեղու կանգն է, լեղու կուտակումը լեղապարկում եւ նրա աղերի բյուրեղացումը: Լեղու կանգին նպաստում են` սակավաշարժությունը (ֆիզիկապես պասիվ կյանքը), չափազանց շատ ուտելը, կծու, թթու եւ ապխտած սննդի չարաշահումը:
- Երկրորդը փորկապություններն են, ինչպես նաեւ օրվա ընթացքում ոչ կանոնավոր սնվելը (մեկ անգամ ուտելը):
- Երրորդը` օրգանիզմում նյութափոխանակության խանգարումները՝ հատկապես կապված խոլեսթերինի նյութափոխանակության հետ: Սա լինում է տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպես օրինակ` ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, աթերոսկլերոզ, երիկամաքարային հիվանդություն:
Լյարդային խիթ
Օրգանիզմում ցավագին երեւույթներ առաջանում են այն ժամանակ, երբ քարերը դուրս են գալիս դեպի լեղուղիներ եւ խցանում են դրանք: Արդյունքում խախտվում է լեղու հոսքը, լեղապարկի պատերը ձգվում են եւ առաջանում է լյարդային խիթ: Այն արտահայտվում է հետեւյալ կերպ` ցավեր աջ թուլակողում, որոնք ճառագայթվում են դեպի աջ թիակը, ուսը եւ դեպի պարանոց: Ցավերն ուղեկցվում են փսխումով, մաշկի քորով, ջերմության բարձրացմամբ, երբեմն նաեւ դեղնությամբ: Գործնականում գրեթե յուրաքանչյուր մարդ ծանոթ է այդ նոպաներին եւ գիտի, թե ինչպես թեթեւացնել դրանք: Որոշ մարդիկ պառկում են աջ կողքի վրա` իրենց սեղմելով տաք ջեռակը: Մյուսներին օգնում է ցավազրկող եւ հակակծկանքային (սպազմոլիտիկ) դեղամիջոցները (բժշկի խորհրդով):
Սակայն կա չորս իրավիճակ, որի դեպքում հարկավոր է շտապօգնություն հրավիրել:
v Երբ լյարդային խիթը առաջացել է առաջին անգամ:
v Երբ ցավային նոպան տեւում է 5 ժամից ավելի:
v Խիթը ուղեկցվում է դեղնությամբ, ջերմության բարձրացմամբ եւ փսխումով:
v Ցավերը դառնում են ուժեղ եւ տանջող:
Տարբերում են լեղաքարային հիվանդության մի քանի ձեւ.
v Նոպայաձեւ, ցավագին.- Առավել բնորոշ է երիտասարդ եւ միջին տարիքի անձանց: Ծանր, ցավային նոպաները սովորաբար առաջանում են ֆիզիկական լարվածության կամ սննդի ռեժիմը խախտելու դեպքում: Հիվանդությունն ընթանում է կրկնվելու հակումով:
v Տորպիդային ձեւ.– Բնորոշ է 40-50 տարեկան անձանց: Ցավային նոպաները լինում են ավելի հազվադեպ: Ցավերն ունեն բութ, ճնշող, տանջող բնույթ, ավելի երկարատեւ են, սակայն այնքան ուժգին չեն, ինչպես նախորդ դեպքում:
v Գաղտնի ձեւ.– Առավել բնորոշ է 40-50 տարեկանից բարձր տարիքին, երբ լեղապարկում առկա է մեկ մեծ քար, սովորաբար խոլեսթերինային բնույթի: Հիվանդի մոտ երկար ժամանակ կարող է ոչ մի գանգատ չլինել, եւ քարը հայտնաբերվի պատահական սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ:
v Դիսպեպտիկ ձեւ.– Կապված է մարսողության խանգարումների հետ: Հանդիպում է բոլոր դեպքերի 63-68 %-ում: Խանգարումները հիմնականում լինում են ճարպոտ, տապակած, կծու սննդի չարաշահման, գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման հետ: Հիվանդները երկար տարիներ ունենում են պարբերաբար սրտխառնոցներ, ծանրության զգացում ուտելուց հետո, գխտոցներ, դառը համ բերանում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 33 % դեպքերում լեղաքարային հիվանդությունն ընթանում է անախտանիշ` անկախ տարիքից: Իսկ ցավը կամ մարսողության խանգարումներն այնքան թույլ են լինում, որ մարդն առանձնապես ուշադրություն չի դարձնում՝ մտածելով՝ «երեւի ինչ-որ բան չեմ մարսել, կանցնի…»:
Մի քիչ պատմություն
Եվ այսպես, որքան երիտասարդ է հիվանդը, այնքան ցավային սինդրոմը խիստ է արտահայտված լինում, իսկ որքան տարիքը բարձր է, այնքան հիվանդությունը զարգանում է «համր» կամ «թույլ արտահայտված» սցենարով, չնայած քարերի մեծացման հավանականությունը չի նվազում: Միաժամանակ, երիտասարդների մոտ բարդություններ քիչ են առաջանում, եւ հիվանդությունը համեմատաբար հեշտ է հաղթահարվում: Իսկ որքան մարդը մեծ է, այնքան բարդությունների առաջացումն ավելի շատ է լինում եւ ավելի վտանգավոր:
Տարիքով մարդկանց մոտ լեղաքարային հիվանդությունը հաճախ զուգակցվում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի էրոզիվ-խոցային ախտահարումների հետ: Հետեւաբար նույնիսկ մի փոքր կասկած ունենալիս պետք է հետազոտվել բժշկի հսկողությամբ եւ լեղաքարային հիվանդությունն առանց բուժման չթողնել: Բժիշկները նշանակում են տարբեր տեսակի հետազոտություններ, որոնք հստակ պատկերացում են տալիս լեղապարկի մասին:
Համեմունքների մասին մոռանալ
Չնայած իրենց կազմությամբ լեղաքարերը լինում են խառը, սակայն հիմնականում դրանք կազմված են խոլեսթերինից: Հետեւաբար սննդակարգի նպատակը խոլեսթերինի քանակի նվազեցումն է արյան մեջ: Դրա համար հարկավոր է սահմանափակել կենդանական ճարպերի եւ շաքարի օգտագործումը:
Խոլեսթերինից խուսափելու համար առավել շատ օգտագործեք սննդային թելիկներ պարունակող սննդամթերք (ցորենի թեփ, հնդկաձավար, հերկուլես, մրգեր եւ բանջարեղեն): Սննդային թելիկները խթանում են լեղու տեղաշարժը, կարգավորում են նյութափոխանակությունը եւ աղիների գործունեությունը: Սնունդն ընդունեք փոքր քանակներով, օրը 4-5 անգամ: Ամբողջ սնունդը պետք է ունենա նորմալ ջերմաստիճան՝ ոչ շատ սառը եւ ոչ էլ շատ տաք:
Լեղու խտությունը նվազեցնելու համար պետք է օրվա ընթացքում խմել 1,5 լիտրից ոչ պակաս ջուր: Ցանկալի է ավելի շատ օգտագործել խաշած կամ ջեռոցում պատրաստված կերակուրներ եւ սահմանափակել տապակած սնունդը: Աշխատեք քիչ օգտագործել շատ յուղոտ սննդամթերք եւ սուր համով համեմունքներ (մանանեխ, կծու պղպեղ, մարինադներ եւ ապուխտներ):
Լեղու օպտիմալ բաղադրությունն ապահովելու համար սննդակարգում պետք է լինեն բավարար քանակով սպիտակուցներ, օրինակ` կաթնաշոռ, անյուղ ձուկ, տավարի կամ հորթի միս, հավի կրծքամիս, հնդկաձավար, վարսակաձավար, սունկ, բանջարեղենային ապուրներ` մսագնդիկներով: Խիստ սահմանափակեք խմորեղենը եւ շաքարի քանակը:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Լեղու կանգի դեմ
v Վերցնել հավասար քանակությամբ չորացրած ուղտափշի սերմեր, եղինջի տերեւներ, եգիպտացորենի թելիկներ, մատնոցուկի (սպորիշ) տերեւներ: Խոտաբույսերի չոր խառնուրդից վերցնել 1 մաս: Մեկ օրվա չափաբաժինն է` 1 ճաշի գդալ չոր խառնուրդի վրա լցնել 400 գրամ սառը ջուր, պահել 6 ժամ, որից հետո դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ մարմանդ կրակով եփել 5 րոպե: Կաթսան փակել կափարիչով, թողնել սառչի: Ստացված լուծույթը քամել, ընդունել օրական 300 գրամ մի քանի անգամով: Բուժման կուրսը 2 շաբաթ է:
v Վերցնել չորացրած անթառամ ծաղիկներ եւ արեւքուրիկ: Խառնել 2 մաս անթառամի եւ 1 մաս արեւքուրիկի ծաղիկներ: Չոր խառնուրդից վերցնել 3 ճ/գ, ավելացնել 1 լիտր ջուր, թողնել մնա 10 ժամ, որից հետո եփել 7 րոպե: Թողնել սառչի, քամել: Ստացված լուծույթից ուտելուց 1 ժամ հետո խմել 100-ական գրամ: Բուժման կուրսը 3 շաբաթ է, որից հետո տալ 1 շաբաթ ընդմիջում եւ կուրսը կրկնել:
v Ամեն օր սոված փորին խմել 1 ճաշի գդալ չզտված ձիթապտղի յուղ:
v Կաթնափուշի սերմերում հայտնաբերվել է կենսաբանական ակտիվ նյութ, որը կոչվում է սիլիմարին: Այն լյարդի բջիջները վերականգնելու հատկություն ունի եւ լավացնում է նյութափոխանակությունը: Պատրաստել թեյ կաթնափուշի չոր սերմերով: Վերցնել 1 թեյի գդալ սերմեր, վրան ավելացնել 1 բաժակ եռման ջուր: Թողնել մնա 10 րոպե: Թուրմը լավ քամել եւ խմել որպես թեյ օրը 2 անգամ:
v Օգտակար է կանաչ խնձորի հյութը: Խմել 100-ական գրամ հյութ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Կատարել 1 ամիս:
v Լեղապարկում մանր քարերի դեպքում օգտագործել մումիո: 1 լիտր ջրի մեջ լուծել 1 գրամ մումիո, խմել 1-ական բաժակ ստացված լուծույթից, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Կատարել 10 օր, որից հետո տալ ընդմիջում 5 օր: Ամբողջ բուժման համար հարկավոր կլինի 12 գրամ մումիո:
v Օգտագործել դդումից պատրաստված շիլա առավոտյան եւ երեկոյան:
Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ
Լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթի 11-րդ համարում