Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մարտի եւ մարտը նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Ըստ ՎԿ-ի, այս տարվա հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6%, իսկ մարտը նախորդ մարտի համեմատ ՏԱՑ-ը կազմել է 6.7%։
Այս տարվա հունվար-մարտին արդյունաբերության աճը կազմել է 3.1%, իսկ մարտը մարտի համեմատ 6.9% անկում է գրանցվել։
Փետրվար ամսին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, տնտեսության վերաբերյալ կանխատեսումները հիմնականում բացասական էին, քանի որ մեր տնտեսությունը մեծապես կախված է ռուսական տնտեսությունից։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասում է՝ պատերազմի ազդեցությունը մեր երկրում հիմնականում արտահայտվել է մարտ ամսին եւ ՎԿ-ի հրապարակած ցուցանիշների համեմատությունը պետք է այս տարվա մարտը նախորդ տարվա մարտի համեմատ անել։ Ըստ այդմ, ըստ Ֆանյանի, արդյունաբերության անկումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերական «Թեղուտ» ընկերության գործունեության դադարեցմամբ։ Հիշեցնենք, այս տարվա մարտին ընկերության աշխատանքները կանգ են առել անորոշ ժամկետով։
Մեզ հետ զրույցում տնտեսագետն ասում է՝ արդյունաբերության ոլորտում անկումը նաեւ պայմանավորված է մշակող արդյունաբերությամբ, այս ոլորտի արտադրողները հիմնականում ռուսական շուկայի հետ էին աշխատում, արտահանման մեծ մասը դեպի ռուսական շուկա էր, եւ այս ընկերությունները դադարեցրել են իրենց արտադրական հզորությունները կամ նվազեցրել. «Բացի այդ, երկար ժամանակ՝ փետրվարից մինչեւ մարտ ամսվա կեսերին Լարսի անցակետը փակ է եղել, ինչը եւս բացասական է ազդել արդյունաբերական արտադրանքի ծավալի եւ արտահանման վրա»։
Կարդացեք նաև
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ծառայությունների ոլորտում, այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, գրանցվել է 25.9% աճ։ Այս դրական ցուցանիշն էլ, ըստ տնտեսագետի, պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճով, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով շատ ռուս մասնագետներ, քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան, հետեւաբար, նրանք օգտվում են տարբեր ծառայություններից՝ հյուրանոցային, սննդի, անշարժ գույքի եւ այլն, ընդ որում, ռուս մասնագետները ՏՏ ոլորտում ձեռնարկություններ են բացել։
Հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսությունում գրանցվել 5.4% անկում։ Այս անկումը տնտեսագետը մեկնաբանում է այն հանգամանքով, որ այս տարի անասունների մորթը պակասել է. «2020-ին պատերազմից հետո մեծ քանակության խոշոր եղջերավոր անասունների մորթ եղավ, ինչի արդյունքում անցյալ տարի գյուղատնտեսական արտադրանքի ավելացում եղավ, իսկ հիմա պակասել է, որոշակի անկում է գրանցվել։ Բայց հստակ վերլուծություն կարելի է անել, երբ ավելի մանրամասն տվյալներ հրապարակվեն»։
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-մարտին գրանցվել է 6.% աճ, իսկ այւս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ՝ 8.2%։ Այս ոլորտի աճը, ինչպես ենթադրում է տնտեսագետը, հիմնականում ապահովել են կապիտալ ներդրումները՝ պետական ֆինանսավորմամբ շինարարությունը, ճանապարհաշինությունը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի բնակարանաշինությունը։
Հիշեցնենք, որ թե տեղական, եւ թե միջազգային կառույցների կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ լավատեսական չէին։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՀՀ Կենտրոնական բանկը նվազեցրել էր Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները: 5%-ի փոխարեն կանխատեսվում է, որ տարին կփակվի մոտ 1.5%-ով։ Նույն կանխատեսումն էր արել նաեւ արժույթի միջազգային հիմնադրամը։
«Տնտեսական աճի ցուցանիշներն անսպասելի էր, չէի կարծում, որ 1,6% տնտեսական աճը կունենայինք։ Կարծում եմ՝ հետագա ժամանակահատվածի համեմատ մենք կարող ենք ավելի բարձր աճ ունենալ՝ այս պահին եղած հանգամանքներով պայմանավորված։ Եթե մյուս եռամսյակներում տնտեսական աճը լինի նույնիսկ 0%, տարին կփակենք 1.7%-ով՝ առաջին եռամսյակի հաշվին»,-ասում է Հայկազ Ֆանյանը։
Իսկ թե տնտեսական այս ցուցանիշներն արդյոք շարքային քաղաքացին զգում է, եւ արդյոք առնվազն առաջին եռամսյակում մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, տնտեսագետն ասում է՝ այդ աճի ազդեցությունը մարդը սահմանափակ է զգում, եւ դասական կանոններով շարքային քաղաքացին իր սոցիալական վիճակի բարելավումը զգում է աշխատավարձի աճով եւ գնաճով, եւ իհարկե՝ կոնկրետ տրանսֆերտներով։
Աշխատավարձի աճի ցուցանիշները՝ մարտ ամսվա, դեռ չեն հրապարարակվել, սակայն փետրվարի ցուցանիշներով, ինչպես ներկայացրեց տնտեսագետը, անվանական աշխատավարձի աճը 7.8% է կազմել, բայց պետք է նկատել, որ սպառողական գների ինդեքսը կազմել է 6.5%։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2022