Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով հայցի ապահովման միջոց կիրառի լրատվամիջոցների դեմ գործով, ով հետո քննի գործը

Ապրիլ 27,2022 14:00
lurer

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյան) երեկ նշանակել էր դատական նախնական հերթական նիստ: Դեռ մեկ տարի առաջ դատարանը ստացել էր եւ փետրվարի 4-ի որոշմամբ վարույթ էր ընդունել Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, news.am, analitik.am, blog.168.am, Իրավունք.քոմ-ի, blognews.am, Ալտերնատիվ.Էյ.էմ-ի եւ Այպրես.ԷյԷմ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու եւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործով:

Դատավոր Ա. Սուքոյանից առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանի 2020թ. հուլիսի 20-ի որոշմամբ հայցադիմումը վարույթ էր ընդունվել, անգամ՝ քննարկվել Վարդան Բադասյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ: Հայցվորի միջնորդությունը դատարանը բավարարել էր եւ հայցագնի՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրել Նարեկ Մանթաշյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Ըստ հայցվորի միջնորդության. «Պատասխանողը մինչեւ հայցադիմումը ներկայացնելու պահը չի դադարում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում վիրավորել իրեն՝ խախտելով վերջինիս իրավունքները»: Միջնորդությունը ներկայացնելիս հայցվոր կողմը նշել էր պատասխանողի ՖԲ գրառումներից մեկը. «Եթե կարծում է դատարաններով հնարավոր է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է», ինչը ըստ հայցվորի միջնորդության՝ «ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս գիտակցել է հայցվորի դատական պաշտպանությանը դիմելու հնարավորության առկայության մասին եւ այնուամենայնիվ խախտել է հայցվորի իրավունքները»:
Դատարանի հետեւությունը հետեւյալն էր. «Հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Ընդ որում, նկատի ունենալով, որ հիշյալ խնդիրը կարող է ծագել տարբեր ժամանակահատվածներում, օրենսդիրը նշել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել առաջին ատյանի դատարան հայցադիմումի հետ կամ մինչեւ գործի դատաքննության ավարտը:

Նշվածից բացի, հատկանշական է, որ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու համար, անհրաժեշտ է, որպեսզի նման միջնորդություն ներկայացնող անձի կողմից նշվի, թե ինչպիսի հայցի ապահովման միջոց է ցանկանում, որ դատարանի կողմից կիրառվի, սակայն դրան զուգահեռ, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի ներկայացվի նաեւ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ»: Դատարանը գտել էր, որ պետք է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողի սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Երեք նախնական դատական նիստ էլ կայանում է այս դատավորի՝ Տ. Գրիգորյանի մասնակցությամբ: Մեր տրամադրության տակ գտնվող գործի նյութերից երեւում է, որ 2020թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում դատավոր Տ. Գրիգորյանի՝ դատավորների վերապատրաստման դասընթացների հատուկ մասնագիտական դասընթացի մասնակցելուց հետո այլեւս մոտ չի գալիս այս գործին:

Քաղաքացիական գործը 2021թ. հունվարի 26-ին մակագրվում է դատավոր Ա. Սուքոյանին, իսկ վերջինիս աշխատակազմին է հանձնվում փետրվարի 2-ին: Դատավոր Ա. Սուքոյանն անդրանիկ դատական նախնական նիստը նշանակում է 2021թ. մայիսի 25-ին: Տեղի է ունեցել նախնական դատական չորս նիստ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրել են 7 նոր դատական գործ ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, 7 գործից 2-ում հայցվորները պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ:

«Առավոտ» օրաթերթ
26.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930